Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց մարզի վիճակը բնութագրող որոշ տվյալներ:
Լոռու մարզի 113 համայնքներում ապրում է 283 հազար մարդ, որոնք անմասն չեն մնացել ֆինանսատնտեսական ճգնաժամից: Ալավերդու «ԷՅ-ՍԻ-ՓԻ» ընկերության 1040 աշխատողից աշխատանքը կորցրել է 370-ը, Վանաձորի «Ավտոգեն-Մ» ընկերության 400, իսկ «Վանաձոր-քիմպրոմ» ընկերության՝ 310 աշխատող այսօր հարկադիր պարապուրդի մեջ է: Ամենախելացին, ըստ մարզպետի, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի ղեկավարությունն է: Այստեղ աշխատանքից ազատել են ժամանակավոր աշխատողներին՝ մոտ 100 հոգու, իսկ հիմնական աշխատակազմը աշխատում է: Բոլորի համար աշխատանք ապահովելու նպատակով բոլորի աշխատավարձերն էլ իջեցվել են:
Մարզպետ Արամ Քոչարյանը հույսեր է կապում «Վանաձոր-քիմպրոմի» վերագործարկման եւ Թեղուտի հանքավայրի հնարավոր շահագործման հետ: Մարզպետը ուրախ է, որ «Վանաձոր-քիմպրոմում» արտադրվելու է երկու տեսակի պարարտանյութ եւ կարողանալու են ապահովել մեր գյուղացիների պահանջարկը: Մարզպետը հույս ունի, որ «Վանաձոր-քիմպրոմի» պարարտանյութը կդառնա մարզի բրենդը: Իսկ Թեղուտում եթե սկսվի հանքարդյունահանումը՝ աշխատանք կունենա 1700-2000 մարդ, այդ թվում՝ Ալավերդու ձուլարանի այսօր չաշխատող 500 աշխատողները:
1988-ի երկրաշարժից 21 տարի անց՝ այսօր Լոռու մարզում ապրում է աղետի հետեւանքով անօթեւան մնացած 2221 ընտանիք: Այս անձանց հարցերը կլուծվեն ինչպես բնակարանաշինության, այնպես էլ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով: Միայն Վանաձորում կտրամադրվի 50 ԲԳՎ: Բացի բնակարաններից, այս տարի Լոռու մարզում այլ նշանակության շինություններ էլ կկառուցվեն, նաեւ կհիմնանորոգվեն բազմաթիվ շենք-շինություններ: Ալավերդիում 72,95 միլիոն դրամով կնորոգվի հիվանդանոցը, Լեռնահովիտ գյուղում՝ 51,69 միլիոնով, իսկ Կուրթան գյուղում՝ 56.94 միլիոնով կնորոգվեն մշակույթի տները: 57 միլիոն դրամ կծախսվի պատմամշակութային չորս հուշարձանի (Քոբայրավանք, Հնեվանք, Լոռիբերդ, Բգավոր եկեղեցի) պահպանման վրա: 17 միլիոն դրամով ջեռուցման համակարգեր կտեղադրվեն ոստիկանության Թումանյանի եւ Գուգարքի բաժիններում, 149 միլիոն դրամով կբարեկարգվեն «Ջիլիզա» եւ «Սարչապետ» սահմանային ուղեկալները, կբարեկարգվեն 11 դպրոց, մեկ արհեստագործական ուսումնարան, մեկ մանկապարտեզ, մեկ հայորդաց տուն: Կբարեկարգվի նաեւ պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը: 20 միլիոն դրամ ներդրում կարվի «Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում: