Լրահոս
Օրվա լրահոսը

«ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԱՅՆ Է, ԻՆՉԸ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԲԱՑԱՏՐԵԼ»

Մարտ 05,2009 00:00

Ըստ հոգեբանի, ճակատագիր կոչվածը գիտակցությունից դուրս գտնվող բազմաթիվ գործընթացների արդյունք է

Կա՞ ճակատագիր, թե՞ ոչ, եւ արժե՞ հավատալ դրա գոյությանը: Ճակատագրի վերաբերյալ ամեն մարդ իր տեսակետն ունի, ու յուրաքանչյուրն իր ձեւով է մեկնաբանում այն: Երբ ինչ-որ մեկի հետ անհաջողություն է լինում, սովորաբար ասում են, թե դա նրա ճակատագիրն էր: Նույնն ասում են նաեւ ինչ-որ լավ բանի, ասենք՝ հաջողված ամուսնության դեպքում եւ այլն:

Այս թեմայի շուրջ «Առավոտը» զրուցեց հոգեբան Սամվել Խուդոյանի հետ, որն ասում է, որ ճակատագիր եւ կա, եւ ոչ. «Հստակ ասել ճակատագիր կա կամ արժե՞ հավատալ ճակատագրին, որպես հոգեբան երկու դեպքում էլ կպատասխանեմ՝ ե՛ւ այո, ե՛ւ ոչ»: Նրա մեկնաբանությամբ. «Մարդու կենսագրությունը՝ այն, ինչ պատահելու է իր հետ ամբողջ կյանքում, սկսվում է շատ փոքր հասակից, գուցե եւ շատերին զարմանալի թվա, բայց նույնիսկ՝ նախածննդյան շրջանից: Որովհետեւ մենք՝ հոգեթերապեւտներս, երբ աշխատում ենք մարդկանց հետ, տեսնում ենք, որ շատ խնդիրներ գալիս են հենց այդ ժամանակաշրջանից. օրինակ՝ ծնողները երեխային չեն ուզում ունենալ, քննարկում են, ուզում են աբորտ անել, հետո չի ստացվում… Այստեղից էլ սկսվում է մարդու կենսագրությունը եւ այդ տեսակ հակասություններն արդեն գրանցվում են մարդու, տվյալ դեպքում՝ ծնողների ենթագիտակցության մեջ, որն էլ անցնում է երեխային, որովհետեւ կենսաքիմիական երեւույթները վերածվում են հոգեբանականի եւ հակառակը: Կենսաբանական մակարդակում դա կարող է էլդոֆա կամ ադրենալին նյութը նշանակել, հոգեբանական մակարդակում՝ տագնապ, վախ: Տագնապն էլ իր հերթին գիտակցության մեջ ի հայտ է բերում վատ մտքեր՝ ինձ կգան կսպանեն, ես լավը չեմ, ես վատն եմ եւ այլն: Այդ տեսակ օրինակների ամեն օր հանդիպում եմ, օրինակ՝ հոյակապ արտաքինով աղջիկն իրեն ներկայացնում է որպես տգեղ, անիմաստ, ընդհանրապես բանի պետք չեկող մարդ եւ այլն: Այս մարդիկ իրենց ընկալում են որպես վատը, առանց տրամաբանական հիմնավորման: Հաճախ հանդիպում են դեպքեր, որ մարդն ասում է, թե ինքն անբախտ է, բայց ոչ մի կերպ չի կարողանում հիմնավորել՝ ինչո՞ւ»:

Ըստ մեր զրուցակցի, ճակատագիրն «այն է, ինչը մենք չենք կարողանում բացատրել մեր կենսագրության մեջ: Այսինքն, այն բոլոր որոշումները՝ բա որ հանկարծ բաժանվեցի, բա որ հանկարծ հանդիպեցի այն աղջկան, կամ այն տղային եւ այլն, ինչը մենք տրամաբանորեն չենք կարողանում հիմնավորել, դա ճակատագիրն է: Օրինակ՝ շատ ենք լսում, երբ սիրահար զույգերն իրար համարում են միմյանց ճակատագրերը. դա ինձ հետ պատահեց, ուրեմն նա իմ ճակատագիրն էր: Բայց եթե ավելի խորը վերլուծենք տվյալ աղջկան կամ տղային, երբ սիրահարվում են, դա ընդամենը պայմանավորված է այն հանգամանքով, որ տղան կամ աղջիկը շատ նման են լինում իրենց ծնողներին, եւ ինչ-որ նմանության հետեւանքով տվյալ անձը խելագարի պես սիրահարվում է. հիմա դա համարել ճակատագի՞ր, թե՞ հոգեբանական մեխանիզմներով տեղի ունեցող սովորական գործընթաց»:

Ս. Խուդոյանի խոսքերով, ոչ ոք այս կյանքում հենց այնպես չի ծնվում. «Ամեն մարդ, ով ծնվում է այս աշխարհում, ինչ-որ առաքելություն ունի, այսինքն, ինչ-որ մի բան կա, հանուն որի ինքը պետք է ծնվի եւ ապրի, սա ճակատագրի դերն է: Ճակատագիրը մի բան է, որը գիտությունը դեռեւս չի իմաստավորել: Ճակատագրի օրինակներ կարելի է շատ նշել, բայց այդ ամենին տալ գիտական մեկնաբանություն՝ դժվար է: Ճակատագիր կոչվածը գիտակցությունից դուրս գտնվող բազմաթիվ գործընթացների արդյունք է, այսինքն այն՝ ինչ մենք չենք գիտակցում, չենք էլ կարող կառավարել: Օրինակ, տարվա եղանակը. աշնանը մարդու տրամադրությունն ավելի ռոմանտիկ է դառնում, եւ դա կարող է տրամադրել սիրահարության, մարդը սիրահարվեց եւ այլն, եւ այլն»: Հոգեբանի խոսքով, ճակատագրի գոյության ու հավատի մեջ դեր ունի նաեւ մարդու կամքը. «Ճակատագիրը մեր կամքից անկախ գործող գործընթացների հետեւանք է: Բայց դա միայն 50%-ն է կազմում: Մյուս 50%-ը՝ ես վստահորեն ասում եմ, որ կապված է մեր կամքի հետ: Կան ճակատագրի գործոններ, ուժեր, որոնք կարելի է վերցնել մեր ձեռքը եւ կառավարելի դարձնել: Հազարավոր մարդիկ իրենց կենսագրությունն իրենք են կերտում՝ բայց եւ կան դեպքեր եւ կա ընդհանուր իրավիճակ, որտեղ կարծես պատմությունն է ուզում, որ տվյալ մարդն այսպիսին դառնա:

Այո, ճակատագիր գոյություն ունի, դրան կից կան հազարավոր գործոններ՝ խառնվածքի առանձնահատկություններ, մտածելակերպի առանձնահատկություններ, ընտանեկան առանձնահատկություններ, ժամանակաշրջան, որոնք մարդու կամքից անկախ կարող են ազդել մարդկային ճակատագրի վրա: Օրինակ՝ Աստված այս պահին որոշել է ինչ-որ մեկին դարձնել լիդեր, բայց բացի Աստծու կամքից կարեւոր է նաեւ այդ մարդու կամքը, ուզո՞ւմ է նա լիդեր լինել, այդպես դրսեւորել իրեն, պայքարել դրա համար: Այսինքն, զուտ ճակատագրի կամքով մարդը չի կարող հասնել մի բանի, ճակատագրի հովանավորությունից զատ՝ կա նաեւ մարդկային կամք»:

Ըստ www.qahana.am կայքի, տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը, պատասխանելով, թե ինչպես է Հայ առաքելական եկեղեցին ընդունում ճակատագրի գաղափարը, ասել է. «Հայ առաքելական եկեղեցին ճակատագիր չի ընդունում: Մարդ կա հակառակվելով անում է մի բան, որն օրինաչափ չէ, այստեղ արդեն ինքն է փոխում իր կյանքը: Հակառակությունը չարից է, մարդը չարի դրդմամբ թեքում է իր կյանքի բնական ընթացքը: Ճակատագրի գոյությունն ինքնին նշանակում է, որ մարդն Աստծու կողմից ստեղծվել է առանց ազատ կամքի իրավունքի: Իսկ սա նշանակում է, որ մարդը նման չէ իր Արարչին: Իսկ Աստված մարդուն արարեց իր պատկերով եւ նմանությամբ, որը հիմնականում պետք է հասկանալ, որ մարդն ազատ է իր կյանքում ընտրություն կատարելու եւ իր կյանքն իր ուզած ձեւով ապրելու: Աստված չի փորձում մարդուն, քանի որ դրա կարիքը նա չունի: Աստված մարդու կյանքն ամբողջությամբ գիտի, եւ եթե փորձություններ լինում են մարդու կյանքում, ապա դրանք գալիս են չարի կողմից՝ մարդուն շեղելու աստվածճանաչողության ճանապարհից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել