Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաքսի «Էլի լավ ա»

Մարտ 05,2009 00:00

10 ռեժիսորների ընդհանուր կինոնախագիծը

Հրանտ Թոխատյան, Լեւոն Հարությունյան, Միքայել Պողոսյան, Արտաշես Ալեքսանյան, Խորեն Լեւոնյան, Լուիզա Ներսիսյան, Նազենի Հովհաննիսյան, Լիլի Էլբակյան… Դերասան-դերասանուհիների այս անվանացանկին ավելացնում ենք ռեժիսորներ Ավագ Ավագյանին, Արամ Շահբազյանին, Արմեն Ղազարյանին, Արտակ Չիլֆիմյանին, Գարիկ Մաշկարյանին, Դավիթ Բաբայանին, Էդգար Բաղդասարյանին, Հրանտ Մովսիսյանին, Հրաչ Քեշիշյանին եւ Վահե Խաչատրյանին. արդյունքում ստացվում է «Շարմ Հոլդինգի»՝ «Տաքսի «Էլի լավ ա» ֆիլմը:

Արդեն շուրջ մեկ ամիս անդադար հեռուստացույցով, ռադիոյով եւ քաղաքի ամեն ծայրում փակցված ցուցապաստառներով գովազդվում էր այն: Օրերս Կինոյի տանը կայացավ ֆիլմի փակ ցուցադրում-քննարկումը, այսօր էլ կկայանա պրեմիերան:

Ֆիլմի պրոդյուսեր Արմեն Համբարձումյանի խոսքով. «Հայ հանդիսատեսին սպասվում է բոլորովին նոր բան: Սա ֆիլմ չէ, այլ նախագիծ: Իսկ նախագիծը սկսվեց այն օրվանից, երբ ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը «Շարմ Հոլդինգի» գլխավոր տնօրեն Ռուբեն Ջաղինյանի եւ ինձ հետ կիսեց իր մտքերը՝ «Ես սիրում եմ քեզ, Երեւան» անվանումով ֆիլմ ստեղծելու մասին: Ֆիլմի ստեղծման գաղափարն իր նոր մոտեցմամբ եւ ընդգրկուն ծավալներով այնպես վարակեց մեզ, որ առանց հապաղելու ձեռնարկեցինք այն կյանքի կոչելու գործընթացը: Տասը ռեժիսորներ նկարահանեցին իրենց բնույթով ինքնատիպ տասը պատմություն, որոնցից յուրաքանչյուրը պետք է դառնար խճանկարի մի անփոխարինելի մասնիկ եւ մեր քաղաքին վերաբերող կինոնկարի ընդհանուր կոնցեպցիայի ներդաշնակ մասը կազմեր»: Ֆիլմը պատմում է Երեւանում ապրող մարդկանց, նրանց կենցաղի, խնդիրների, ուրախությունների, տխրությունների, ագրեսիայի, երջանկության, սիրո, ողբերգության մասին: Ֆիլմում ընդգրկված է 10 առանձին նովել՝ «Գարնան երկրորդ կիրակին», «7 րոպե», «Ծանոթ-անծանոթ սեր», «Շեկո», «Կապյուշոն», «Երեւանյան ճանճեր», «3000 տարի», «Դու գնա», «Երեւանյան ռեգթայմ», «Վերնագիրը վերջում» եւ «Տաքսի «Էլի լավ ա»:

«Առավոտի» հետ զրույցում «Յոթ րոպե» մինի-ֆիլմի ռեժիսոր Գարիկ Մաշկարյանը նկարը համեմատեց սովետական ֆիլմերի հետ. «Արել ենք այնպիսի ֆիլմ, որ մի ամիս անց էլ նայես՝ մեջը մի նոր բան քեզ համար կգտնես, այնպես, ինչպես հին սովետական ֆիլմերն են: Թող մեր կողմից մեծամտություն չթվա, բայց կան ամերիկյան ֆիլմեր, որոնք ընկալվում են ինչպես համբուրգերները՝ կերար, մոռացար, գնացիր: Իսկ, օրինակ, «Բաղնիքդ անուշ» ֆիլմը դեռ այսքան տարիներ նայելուց հետո էլ մեջը նոր բան ես գտնում»:

Ըստ «Կապյուշոն» եւ «Տաքսի «Էլի լավ ա» միջանկյալ ֆիլմի ռեժիսոր Վահե Խաչատրյանի՝ «Փոքր ֆիլմերից բաղկացած ժանրը ի սկզբանե ունի մեկ առավելություն կամ երաշխիք. նախ երբ մտնում ես ֆիլմ նայելու, չգիտես ինչ ֆիլմ է, ուղղակի վերնագիրը կարդացիր, տոմսն առար ու մտար: Ֆիլմի առաջին 5 րոպեից կարող ես հասկանալ՝ արժե՞ նայել, թե՞ չէ, քո՞նն է, թե՞ ոչ, քեզ հետաքրքի՞ր թեմա է, թե՞ ոչ, լա՞վ է նկարած, թե՞ ոչ: Եվ այս ամենը այն դեպքում, երբ դա մեկ ֆիլմ է: Մեր դեպքում՝ 11 ֆիլմ է, այսինքն՝ գուցե եւ առաջին 5 րոպեներին ֆիլմը դուրդ չգա, բայց գուցե 10-րդը քեզ դուր գա: Նշանակում է՝ կսպասես 10-րդին: Բացի այդ, այս ֆիլմը տարբեր շերտերի համար է. օրինակ՝ Հրաչ Քեշիշյանի «Ծանոթ-անծանոթ սերը» ուսանողական, երիտասարդական ֆիլմ է: Այսինքն՝ եթե ուսանողին դուր եկած լինի Հրաչի ֆիլմը, նա դուրս կգա եւ ընկերոջը կասի՝ գիտե՞ս առաջինները չհասկացա, բայց այնտեղ մի հատ լավը կար, գնա նայի: Հույս ունեմ, որ ամեն մեկն իրենը կգտնի այս 11 ֆիլմերում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել