Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախ մեր ներսի վիշապից ձերբազատվենք»

Մարտ 05,2009 00:00

Կարեն Խաչատրյանի բեմադրությունն՝ ընդդեմ ստրկամտության

Կարեն Խաչատրյանը սիրով է թարգմանել ու բեմադրել:

Համազգային թատրոնում օրերս դիտեցի Կարեն Խաչատրյանի բեմադրած «Վիշապը» ներկայացումը՝ ըստ Եվգենի Շվարցի: Ռեժիսոր, դերասան Կ. Խաչատրյանը աշխատել էր ամեն դետալի վրա, արդյունքում՝ ներկայացումը դիտվում էր մեկ շնչով: Ընտրված դերասանական կազմը հարիր էր բեմադրությանը (Մխիթար Ավետիսյան՝ Վիշապ, Վարշամ Գեւորգյան՝ Լանցելոտ, Վանիկ Մկրտչյան՝ Շառլեման, Անի Ղազարյան՝ Էլզա, Արման Նավասարդյան՝ քաղաքագլուխ, Տաթեւիկ Ղազարյան՝ երեխա եւ այլք): Թեեւ այս հեքիաթը ըմբոստ Շվարցը գրել է 1943-ին, այն այսօր էլ արդիական է, որովհետեւ ասում են՝ պատմությունը պարույրաձեւ է զարգանում, ու էտապներ կան, որ կրկնում են միմյանց՝ համարյա նույնությամբ:

Ինչ վերաբերում է Շվարցի «Վիշապը» հեքիաթին, այն ստալինյան բռնապետության տարիներին ստիպել են երկու անգամ խմբագրել, երկու անգամ էլ արդեն պատրաստի ներկայացումն արգելվել է հենց հանձնման օրը: Բեմադրության հայկական տարբերակում որոշ փոփոխություններ կան: Ռեժիսորն ասում է, որ մի քիչ հեռացել է հեղինակից՝ նրան մոտենալու համար. իշխանություններին եւ բռնատիրական ռեժիմը մարմնավորող Վիշապին հաղթող հերոսին՝ Լանցելոտին օգնելու նպատակով ծնված ալեգորիաներն են հանվել (թռչող գորգ, անտեսանելի գլխարկ եւ այլն) սցենարից, կամ եթե շվարցյան տարբերակում հաղթած հերոսը՝ Լանցելոտը մնում է, ապա Կարենի բեմադրության մեջ՝ հեռանում է, որովհետեւ դա ավելի մոտ է հայկական իրականությանը:

Ըստ ներկայացման «տողատակի», ժողովուրդը այնքան ստրկամիտ է, որ Վիշապը նրա համար հոգեհարազատ է դարձել, առանց նրա լծի չեն պատկերացնում իրենց կյանքը, դեմ են կտրուկ փոփոխությունների: «Կյանքը ցույց է տալիս, որ հիվանդ հասարակություն ենք»,- նեղսրտում է բեմադրիչը: Նա մի փոքրիկ կտոր էլ ներմուծել է Նաիրի Զարյանից. դրանք Ստալինին ուղղված խոսքերն են. մոտավորապես նույն տեքստով որոշակի խավ այսօր ողջունում է իշխանություններին:

Ի դեպ, իշխանությունների կամ Վիշապի մասին. այն ներկայացման մեջ եռագլուխ է, երեք կերպ ունի, դրանցից մեկը արվամոլ է: Դա հատկապես ցցուն է արտահայտվում բեմադրության քաղաքում իրականացվող՝ ժողովրդի հանդեպ գործողություններում, ինչը փորձում է արդարացնել քարոզչամիջոցի վերածված տեղի հանրային լրատվամիջոցը: Կ. Խաչատրյանին հարցրինք՝ որեւէ մեկի կողմից միջամտության փորձ արվե՞լ է իր բեմադրությունն իրականացնելիս: «Ո՛չ, չեմ թողել որեւէ մեկն իր կեղտոտ կոշիկներով մտնի սրա մեջ: Ասել եմ՝ ես բեմադրությունը կա՛մ անում եմ, ինչպես ուզում եմ, կամ չեմ անում ընդհանրապես»,- պատասխանեց նա:

Նաեւ հավելեց. «Օրիգինալում Լանցելոտը մնում է, ասում է՝ կմաքրենք բոլորի հոգին ժամացույցի աշխատանքի պես, բայց ես զգացի, որ Լանցելոտը պետք է հեռանա, եւ ոչ միայն նրա համար, որ թափառաշրջիկ հերոս է: Մեր իրականության մեջ հերոսին կա՛մ սպանում են, կա՛մ հեռանում-գնում է, օրինակ՝ սպարապետ Վազգեն Սարգսյանը կամ Անդրանիկը, որին ժողովուրդը սիրում էր, Անդրանիկ փաշա էր երգում, բայց նա թուրը տվեց կաթողիկոսին ու հեռացավ…»: Կ. Խաչատրյանին նաեւ հարցրինք՝ հավատո՞ւմ է, որ կարելի է, այնուամենայնիվ, հաղթել Վիշապին ու ձերբազատվել խորը արմատներ ձգած ստրկամտությունից:

Բեմադրության հեղինակն ասաց, որ նախ պետք է մեր գլխում ու մեր ներսում եղած վիշապից ազատվենք, հետո էլ հիշեցրեց փոփոխություններից վախեցող հերոսներից մեկի խոսքերը. «Վիշապից ազատվելու միակ միջոցը սեփական վիշապ ունենալն է», կամ՝ «Քանի մեր գլխին վիշապ կա, ուրիշ վիշապ մեզ ձեռք չի տա»: Կ. Խաչատրյանից պարզեցինք, որ ինքը սիրով է թարգմանել Ե. Շվարցի հայտնի ստեղծագործությունը. «Թարգմանելն ու բեմադրելը իմ վաղեմի երազանքն է եղել, այս գործը ինձ առավելագույն հնարավորություն է տվել հանդիսատեսին ասելու այն, ինչ մտածում եմ»:

Խորհրդանշական է նաեւ այն, որ Բիսմարկի՝ բոլոր ժամանակներում հրատապ ու չխունացող ասույթը՝ «Հեղափոխությունները ծրագրում են հանճարները, ի կատար ածում մոլեռանդները, արդյունքից օգտվում են տականքները», «Վիշապում» էլ է արտացոլված: Ու հեղափոխությունների պտուղները քաղողները փորձում են սպանել ամեն ազատ միտք եւ ազատության ձգտում, բայց փոքրիշատե համարձակները իրենց ազատարարի անվան «Լ.» սկզբնատառն են գրում քաղաքի պատերին ու հայհոյում իշխանություններին:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել