Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 05,2009 00:00

ՕԳՐԻԶԿՈՆ ՊԱՏԺՎԵՑ

Ուկրաինական Գերագույն Ռադան (խորհրդարանը) պաշտոնանկ արեց արտգործնախարար Վլադիմիր Օգրիզկոյին: «Կոմսոմոլսկայա պրավդան» հիշեցնում է, որ Օգրիզկոն վերջերս սպառնացել էր ՌԴ դեսպան Վիկտոր Չեռնոմիրդինին հայտարարել «պերսոնա նոն գրատա»՝ թերթին տված հարցազրույցի համար: Սակայն պատգամավորներն ունեին բազմաթիվ այլ դժգոհություններ նախարարից, նրան մեղադրեցին Ռումինիայի հետ տարածքային վեճում պարտություն կրելու համար (Ուկրաինան չկարողացավ իր իրավունքները հաստատել վիճելի կղզիներից մեկի նկատմամբ), հիշեցրին նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը, ինչպես նաեւ՝ վրացի գործընկերոջից ստացած շքանշանը: Օգրիզկոյի հրաժարականին կողմ քվեարկեցին կոմունիստները, Ռեգիոնների կուսակցությունը եւ Տիմոշենկոյի կողմնակիցները: Մեկնաբանելով իր հրաժարականը, ինքը՝ նախարարը, հայտարարեց, որ քվեարկությունների արդյունքները իրեն չեն զարմացրել: «Ինչպես ասաց պատմաբան Միխայիլ Կրուշեւսկին, Ուկրաինան մշտապես ղեկավարել են ոչ այն մարդիկ, որոնք նրան պետք են»,- ընդգծել է Օգրիզկոն: Հրաժարականից առաջ նախարարը հասցրել է կատարել բավականին վիճելի քայլ՝ կարգադրություն է ստորագրել՝ Սիմֆերոպոլում բացել ամերիկյան հյուպատոսություն: Այդ քայլը վրդովմունք է առաջացրել Ղրիմի տեղական իշխանությունների եւ բնակիչների շրջանում, սակայն, ի պատասխան դրա, նախարարն ասել է, որ Ղրիմն այնքան էլ ինքնավար չէ, որպեսզի փորձի ազդել երկրի արտաքին քաղաքականության վրա:

ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ԽՆԴԻՐՆ ԱՌԿԱԽ Է ՄՆՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Ղրղըզստանի իշխանությունները պատրաստ են շարունակել Վաշինգտոնի հետ բանակցությունները Բիշքեկից ոչ հեռու գտնվող Մանաս ռազմաբազայի վերաբերյալ: Այդպիսով ստացվում է, որ Ղրղըզստանի իշխանությունների որոշումը՝ ռազմաբազայից դուրս հրավիրել ամերիկացի զինվորականներին՝ վերջնական չէ: Ինչպես հայտնում է «Վրեմյա նովոստեյ» թերթը, խորհրդարանի հանձնաժողովներից մեկը հետաձգել է հակաթալիբական կոալիցիայի 11 երկրների հետ պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին որոշումը: Ավելի վաղ Բիշքեկը հայտարարեց, որ ռազմաբազան փակվելու է 180 օրվա ընթացքում, այսինքն, մինչեւ այս տարվա օգոստոսի 18-ը: Երկրի իշխանությունները պնդում են, որ խնդիրը բացառապես տնտեսական է եւ պայմանավորված է նրանով, որ ամերիկացիները մերժել են վարձակալման գինը բարձրացնելու պահանջը: Սակայն ամերիկացիներն իրենց հերթին վստահ են, որ այդ քայլը պայմանավորված էր Ռուսաստանի ճնշմամբ: Եվ ահա ամերիկացիների հետ պայմանագրի լուծարումը, իսկ մնացած 11 երկրների հետ այդ նույն համաձայնագրի պահպանումը կարող է լինել փոխզիջման տարբերակներից մեկը: Բիշքեկում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օ՛քիֆը, որը մասնակցում էր ռազմաբազայի ստեղծման վերաբերյալ բանակցություններին, գտնում է, որ դրա պահպանումը բարձրացնելու է Ղրղըզստանի անվտանգության աստիճանը իսլամական ծայրահեղականների հարձակման դեպքում, մինչդեռ Ռուսաստանն, ըստ Օ՛Քիֆի, անվտանգության նման երաշխիքներ տալ չի կարող:

ԼԵՈՆՏԵՎՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ «ՍԱՏԿԵԼ»

Մոսկվայում անց է կացվել «Ռազմավարություն-2020» համաժողովը, որը նվիրված էր Դմիտրի Մեդվեդեւի նախագահության 1 տարվան: Քննարկման հիմնական թեման էր, բնականաբար, ոչ թե պետության ղեկավարի անձը, այլ՝ տնտեսական ճգնաժամը: Ինչպես հայտնում է newsru.com-ը, հրապարակախոս եւ հեռուստատեսային մեկնաբան Միխայիլ Լեոնտեւը, որին ընդունված է համարել խիստ իշխանամետ, համաժողովի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ իշխանությունն անպատրաստ դուրս եկավ ճգնաժամի պայմաններում թե՛ ինստիտուցիոնալ եւ թե՛ մտավոր առումով: «Այն, որ ՌԴ իշխանություններին հաջողվել է չտապալել ֆինանսական համակարգը, դա, հավանաբար, հրաշք է, սակայն դրանից ավելի որեւէ բան չի հաջողվել»,- կարծում է Լեոնտեւը: Նրա համոզմամբ՝ այսօր իշխանությունը կանգնած է երկընտրանքի առաջ՝ «կամ փոխել սեփական աշխարհայացքը, կամ սատկել»: Լեոնտեւը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի համար ճգնաժամի գլխավոր գործոնն է գլոբալ կախվածությունը արտաքին կոնյունկտուրայից: «Մեզ մոտ տնտեսական ցուցանիշները իջնում են կամ բարձրանում կախված նրանից՝ հավատացե՞լ են ներդրողները Օբամայի ծրագրին: Արդյո՞ք մեզ պետք է մի համակարգ, որը հարցականի տակ է դնում մեր ինքնիշխանությունը: Վստահ եմ, որ՝ ոչ»,- ասել է Լեոնտեւը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել