Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 05,2009 00:00

Առեւտուր չի եղել

\"\"Մարտի 6-ին նախատեսված է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը: Այդ հանդիպման նախօրեին ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնվել է տեղեկատվության արտահոսք՝ իբր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է իր ռուսաստանյան գործընկերոջը ճնշում գործադրել Թեհրանի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի միջուկային զենքի ստեղծումից, իսկ փոխարենը Սպիտակ տունը իբրեւ թե խոստացել է վերանայել Ռուսաստանին անհանգստացնող Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղադրման մասին իր որոշումը: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի, երեքշաբթի օրը ՌԴ նախագահ Մեդվեդեւը հաստատեց, որ իր եւ Օբամայի միջեւ նամակագրական կապ կա, սակայն նա կտրականապես հերքեց, որ նամակագրության մեջ Իրանի վերաբերյալ գործարքի մասին խոսք է եղել: Մյուս կողմից փորձագետները նշում են, որ, ամեն դեպքում, եթե իրանական միջուկային ծրագրի հարցով առաջընթաց գրանցվի, ապա դա հնարավորություն կտա ավելի հեշտ լուծել ռուս-ամերիկյան հարաբերությունների կնճիռները: Ինքը՝ Օբաման, երեկ հայտարարեց, որ Իրանի միջուկային զենքի նկատմամբ հավակնությունները թուլացնում են հակահրթիռային համակարգերի անհրաժեշտությունը: Բանն այն է, որ ամերիկացիները պնդում են, թե Չեխիայում եւ Լեհաստանում տեղադրվելիք հակահրթիռային համակարգերը նպատակ ունեն պաշտպանվելու հենց իրանական միջուկային հրթիռներից, եւ այդ համակարգերի տեղադրման հարցում շահագրգռված են ոչ միայն ամերիկացիներն ու եվրոպացիները, այլեւ՝ Ռուսաստանը: Մինչդեռ Մոսկվայում վստահ են, որ իրանական սպառնալիքը միայն պատրվակ է սպառազինությունների մրցավազքին նոր խթան տալու համար: Փորձագետները նաեւ կասկած են հայտնում, որ նույնիսկ Վաշինգտոնի եւ Մոսկվայի՝ Թեհրանի դեմ համատեղ գործողությունների դեպքում, Միացյալ Նահանգները կհրաժարվի իր հակահրթիռային ծրագրերից, քանի որ գոյություն ունեն Չեխիայի եւ Լեհաստանի հետ ստորագրված համաձայնագրեր:

«Գազպրոմը» ներողամիտ գտնվեց

Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը խոստացավ մարտի 8-ին չսկսել Ուկրաինայի հետ նոր գազային պատերազմը, ինչպես որ դա ավելի վաղ սպառնում էր անել: Մենաշնորհ ունեցող այս ընկերությունը վստահություն հայտնեց, որ այս շաբաթ կստանա Ուկրաինայից $360-400 միլիոն՝ փետրվարին սպառված գազի համար: Ավելին, «Գազպրոմը» խոստացավ չտուգանել «Նավթոգազին» այն բանի համար, որ ուկրաինական ընկերությունը գնել է գազի նախատեսված ծավալների միայն կեսը: Դրանով «Գազպրոմը», փաստորեն, խախտելու է այս տարվա հունվարի 19-ին կնքած պայմանագիրը: Ըստ «Կոմերսանտ» թերթի, փորձագետները «Գազպրոմի» նման ճկուն մոտեցումը բացատրում են օբյեկտիվ գործոններով՝ տնտեսական ճգնաժամի պայմաններում կտրուկ ընկել է գազի պահանջարկը, եւ Ուկրաինայի պահեստներում կուտակվել է մեծ քանակությամբ գազ: Փորձագետները հիշեցնում են նաեւ, որ այս տարի իջել է դեպի Եվրոպա գազի մատակարարման ծավալները, ինչպես նաեւ գազի սպառումը ռուսաստանյան ներքին շուկայում:

Այս պայմաններում «Գազպրոմը» պարզապես ստիպված է ընդառաջ գնալ «Նավթոգազին», քանի որ այս իրավիճակում գազային պատերազմի վերսկսումը միայն հավելյալ վնասներ կբերի ռուսաստանյան ընկերությանը: Փորձագետները գտնում են նաեւ, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ գազային հարաբերությունները կարող են սրվել այս տարվա վերջին, եւ այդ կոնֆլիկտի կարգավորումը ուղղակիորեն կախված կլինի քաղաքական նկատառումներից:

Հերթական մահափորձը՝ Զազիկովի դեմ

Երեքշաբթի օրը Նազրանում անհաջող մահափորձ է տեղի ունեցել Ինգուշեթիայի նախկին նախագահ Մուրադ Զազիկովի եւ նրա հարազատների դեմ: 27-ամյա երիտասարդը նռնականետից կրակել էր Զազիկովի տան ուղղությամբ, սակայն ինքն էր մահացել պայթյունի հետեւանքով: Մահափորձի պատճառը կարող էր լինել արյան վրեժխնդրությունը, որը չափազանց տարածված է Կովկասում: Իրավապահները չեն մանրամասնում՝ արդյո՞ք Զազիկովն այդ պահին գտնվում էր տանը: Սակայն տեղի բնակիչները պնդում են, որ Ինգուշեթիայում չափազանց փոքր ժողովրդականություն վայելող այդ գործիչը հիմնականում ապրում է Մոսկվայում, իսկ Նազրանի մի ամբողջ թաղամաս զբաղեցրել են Զազիկովի ազգականների դղյակները: Մահափորձի թիրախ դարձած հսկայական առանձնատունը կառուցվել է պետության հաշվին եւ գնվել այն ժամանակվա նախագահի կողմից՝ ընդամենը 6 միլիոն ռուբլով: 27-ամյա Ռուստամ Ուժախովը առաջին կրակոցն արձակել էր տան ուղղությամբ, սակայն նռնակը չէր հասել թիրախին, իսկ 2-րդ կրակոցի ժամանակ պայթել էր այն մեքենան, որում գտնվում էր Ուժախովը: Զազիկովն աշխատանքից հեռացվել էր նախագահ Մեդվեդեւի կողմից՝ 2008 թվականին, իսկ նրա՝ Ինգուշեթիայի ղեկավար լինելու ժամանակ բազմաթիվ մահափորձեր են եղել: Այդ մահափորձերից ամենահայտնին տեղի էր ունեցել 2004 թվականին, երբ ականապատված «Ժիգուլիներով» մահապարտը մխրճվել էր Զազիկովին տանող «Մերսեդեսի» մեջ: Ինգուշեթիայի նախագահին փրկել էր այն հանգամանքը, որ մեքենան զրահապատ էր: Մահափորձի պատասխանատվությունն այն ժամանակ իր վրա էր վերցրել անձամբ Շամիլ Բասաեւը: Չեչնիայի գրոհայինների համար Զազիկովը գլխավոր թիրախներից մեկն էր, քանի որ ԿԳԲ-ի գեներալ է եւ համարվում է Պուտինի մտերիմներից մեկը: Այս անգամ սակայն խոսքը, հավանաբար, գնում է արյան վրեժի մասին: Այդպիսի դրդապատճառներ կարող էին ունենալ անցած տարի ոստիկանության կողմից սպանված Մագոմետ Եվլոեւի ազգականները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել