Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թե ծեծկռտուք, այլ՝ քաշքշոց»

Մարտ 05,2009 00:00

Միջադեպը մեկնաբանում է Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի տնօրենը

Անցյալ շաբաթ ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան այն մասին, որ փետրվարի 24-ին Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի 10-րդ դասարանում սովորող Հրանտ Բեգլարյանը՝ Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանի որդին, ծեծի է ենթարկվել նույն դպրոցի մեկ այլ աշակերտի՝ Տիգրան Հարությունյանի կողմից, իսկ ավելի ուշ վերջինիս հետ հաշվեհարդար է տեսել թաղապետի թիկնազորը: Թաղապետը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, հերքել էր դպրոցականին իր «ախրանայի» կողմից պատժելու մասին լուրերը, սակայն չէր թաքցրել, որ վիճաբանություն, այնուամենայնիվ, եղել է: «Թիկնազորը նրա համար չէ, որ դպրոց գնա կռիվ անի, կամ ում մոտ աշխատում է՝ նրա համար կռիվ անի: Մենք երեւանցի ենք, եւ յուրաքանչյուր երեւանցի կհասկանա, որ մենք կռիվ անում ենք մեզ համար՝ ինքներս»,- ասել էր նա «Ազատության» թղթակցին:

Քանի որ որեւէ լրատվամիջոցում չկար թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանի տեսակետը, «Առավոտը» որոշեց նրանից պարզաբանումներ ստանալ: Շուրջ 25 տարի այս դպրոցում վարչական աշխատանք կատարող տիկին Կոստանյանը հաստատեց, որ քաշքշուկ եղել է, բայց ոչ այնպես, ինչպես «Մի կաթիլ մեղրը» հայտնի հեքիաթում. «Ամեն ինչից անհարկի աղմուկ բարձրացնելը որեւէ լավ բան չի տալիս ոչ երեխային, ոչ դպրոցին, ոչ էլ, առավել եւս, հասարակությանը»: Նա հայտնեց, որ այդ օրը երրորդ ժամին դպրոցի միջանցքում խոսել են զուգահեռ դասարաններում սովորող Հրանտն ու Տիգրանը, ու տնօրենի խոսքով՝ «իրար հասկանալու պահը կարծես չի ավարտվել»: Հետո ինքն է զրուցել նրանց հետ, որոնք ուրիշների պատճառով էին բանավիճում եւ ուղարկել դասի: Ժամը 12-ի կողմերը տնօրենը պատուհանից տեսել է, որ տղաները իրար քաշքշում են, անմիջապես դուրս է եկել՝ կարգի հրավիրելու: Տիգրանը, որ իր հորեղբոր թոռն է, տեսնելով տնօրենին, փախել է: «Դա ընդամենը դպրոցական միջադեպ էր ու կարիք չկար այդքան շահարկելու: Ցանկացած դպրոցում ամեն օր կարող է նման բան լինել»,- ասում է տնօրենն ու օրինակ բերում մի 10 օր առաջ իրենց դպրոցում պատահած մեկ այլ միջադեպ՝ ֆիզկուլտուրայի դասի ժամանակ երեխաներից մեկը բասկետբոլի գնդակը փոխանցել է մյուսին, գնդակը հարվածել է վերջինիս փորին, ու քիչ է մնացել երեխաները կռվեն, սակայն ուսուցչի հետ հարթել են ամեն ինչ:

Ռ. Կոստանյանը կարծում է, որ եթե, իսկապես, լուրջ բան լիներ, դրսում հավաքված ծնողները հաստատ կզանգեին ոստիկանություն, ինչ վերաբերում է երեխաներից երկուսի այնտեղ հայտնվելուն, նրանց բռնել են փողոցում վազելիս. աշակերտները շփոթվել էին տնօրենին տեսնելով: Ռ. Կոստանյանը հավաստիացնում է, որ ոստիկաններն էլ եկել են այն ժամանակ, երբ իրենք խաղաղեցնում էին երեխաներին: Հաջորդ օրը նրանք դարձյալ դպրոց են ժամանել՝ կարդալով թերթերում տպագրվածը՝ իբր արյունոտ ծեծուջարդի մասին. «Միլպետի տեղակալները, անչափահասների գծով տեսուչները՝ վարչության պետի հետ եկան դպրոց, լուրերից ելնելով՝ ուզում էին զննել երեխեքին: Հարցնում էին՝ հո ծեծված չե՞ն: Իրենց աչքով տեսել-գնացել են: Ասացի՝ ձեզ համար դժվա՞ր է պարզել՝ վեճը ե՞րբ եղավ, որ բաժինը ո՞ր երեխային տարավ, որ հարցնում եք…»: Տնօրենից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իր տղան եւս խառնված է եղել այդ միջադեպին: «Տղաս պատուհանից տեսել է, ուզել է դուրս գալ, ռուսերենի ուսուցչուհին թույլ չի տվել: Եթե իսկապես ծեծկռտուք լիներ, կարծում եմ՝ ոչ մի տղա երեխա ուսուցչին չէր լսի, կգնար իր ընկերների մոտ,- նկատեց դպրոցի տնօրենը, հավելելով, որ իրենց դպրոցում երբեք սուր միջադեպեր չեն եղել,- այլ հարց է, որ ավագ դպրոցում 600 աշակերտ է սովորում, իսկ դա նշանակում է 600 բնավորություն, հնարավոր է մարդիկ իրար չհասկանան, ինչ-ինչ երեւույթներ սխալ գնահատվեն: Նույն ընտանիքում էլ հաճախ երեխաները վիճում են, ի՞նչ անենք՝ ոստիկանություն զանգե՞նք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել