Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՄԱՆԱԿ ՏՎԵՔ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ»

Մարտ 05,2009 00:00

\"\"Հանրակրթական դպրոցների տնօրեններն ու ԳԹԿ-ականները քննարկեցին ընթացիկ գնահատման անցկացման մեխանիզմները:

Մարտի 9-14-ը ՀՀ հանրակրթական դպրոցներում կիրականացվեն 9-րդ եւ 11-րդ դասարանցիների ընթացիկ գնահատումներ՝ ԳԹԿ-ի կողմից կազմված թեստերով: Մինչ այդ, երեկ ԳԹԿ-ականները հանդիպեցին մի շարք դպրոցների տնօրենների հետ՝ «կլոր սեղանի» շուրջ քննարկելու այն հարցերը, որոնց առիթով նախորդ ընթացիկ գնահատման գործընթացի ժամանակ եղան անհամաձայնություններ: Մինչ հարցուպատասխանին անցնելը, ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանը նշեց. «Ընթացիկ գնահատումների իմաստը տնօրեններին օգնելն է, որ նրանք կարողանան իրենց ներսում ուսուցիչների, աշակերտների նկատմամբ արտաքին գնահատում իրականացնել, որ երեխաներն ընտելանան այդ թեստային համակարգին: Մյուս կողմից էլ, ամեն ընթացիկ գնահատման ժամանակ թեստ մշակելիս այնտեղ արտացոլվում է տվյալ տարվա ոճը, այսինքն՝ թեստը նշան է, թե ավարտական քննություններին ինչ բնույթի հարցեր են լինելու»: Նա նաեւ խոստովանեց, որ նախորդ անգամ իրականացված գնահատումների ժամանակ իրենք որոշ թերացումներ են ունեցել, մասնավորապես՝ կազմակերպչական հարցերում եւ որոշ վրիպակներ են թույլ տրվել պատասխաններում: Նա փորձեց իրավիճակն արդարացնել այն հանգամանքով, որ այդ գործընթացը նոր-նոր է սկսվել: «Ի տարբերություն ավարտական քննությունների, երբ թեստերը համապատասխան գաղտնիությամբ պատրաստում, կոմպլեկտավորում եւ ուղարկում ենք յուրաքանչյուր դպրոցի այնքան, ինչքան պետք է, ընթացիկ գնահատման համար դա չենք կարող անել»,- հայտնեց Մ. Մկրտչյանը: Թիվ 118 դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանը հարցրեց. «Իսկ ինչո՞ւ»: Մ. Մկրտչյանն ի պատասխան նշեց. «Թեստեր կազմելը մեր պարտավորությունն է, բայց տպագրելիս վերածվում ենք տպարանի»:

Տնօրեններից մեկն առաջարկեց, որ երբ ԳԹԿ-ն թեստի օրինակը տեղադրի ինտերնետում, դա կոդավորվի, բայց այնպես, որ գնահատման նախորդ օրը թեստի օրինակը հայտնի լինի տնօրենին, որպեսզի կարողանա ժամանակին բազմացնել: ԳԹԿ տնօրենն այս կապակցությամբ ասաց. «Խնդրել եմ փոխնախարարին, որ ամեն տնօրենի համար ունենանք անհատական հասցե, որ միայն նա կարողանա բացել այն: Կամ այն տնօրենները, որոնք վստահ գալիս են մեզ մոտ, ասելով, որ գաղտնիությունը կպահեն, այլ խոսքով ասած, որոնք վստահելի են (՞՞՞՞), կարող են երեկոյան գալ եւ մեզ մոտից մի նմուշ վերցնել ու տանել: Բայց եթե հանկարծ այդ օրը տնօրենն իր ընկերուհուն բացեց գաղտնիքը, ողջ հանրապետությունը կիմանա»: Այս խոսքերը լսելով, բոլոր տնօրենները միաձայն ասացին, թե ի՞նչ իմաստ ունի այդ գաղտնիքը բացել, միեւնույն է, վաղ թե ուշ բացահայտվելու է այդ կրթօջախի որակը: Այս կապակցությամբ Մ. Մկրտչյանն ասաց. «Գիտեմ, որ իմաստ չունի, բայց արդյո՞ք տնօրենները գիտեն, որ իմաստ չունի»: Մ. Մկրտչյանն առաջարկեց խնդիրը լուծելու մի քանի տարբերակ, օրինակ՝ ժամը 10-ին ԳԹԿ-ն թեստերը տեղադրի ինտերնետում, դպրոցները վերցնեն եւ մեկ դասարանի համար գնահատումն անցկացնեն, հետո իրենց մասնագետների կազմած թեստերով անցկացնեն հաջորդ օրերին: Կամ թեստերը տեղադրվեն օրը 3 անգամ, օրինակ՝ ժամը 10-ին, 12-ին, 15-ին: Ըստ ԳԹԿ տնօրենի՝ հետագայում ընթացիկ քննությունների ընդհանուր օր չեն հայտարարի:

Թիվ 43 դպրոցի տնօրեն Ռուզան Մուրադյանը նկատեց. «Այս գործընթացը դրական եմ համարում, բայց մյուս կողմից՝ ողջ տարվա ընթացքում երեխաներին փոխադրությունով, շարադրությունով ենք ստուգում, իսկ տարվեվերջին՝ բոլորովին այլ համակարգով: Պարզ է, որ կստանանք այլ պատկեր»: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, համաձայնելով այս մտքին, ավելացրեց. «Դեռ ունենք տնօրեններ, որ իսկապես պրոբլեմ ունեն, ասում են, ոնց անեն, որ թեստերն իրենց ձեռքն ընկնի, կամ մի պաշտոնավոր մարդ ինձ խնդրում է, որ իր երեխայի համար ընթացիկ գնահատման թեստի օրինակ տամ»: Որպեսզի դպրոցի տնօրենները չկաշկանդվեն եւ «սեւերես» դուրս չգալու համար չփորձեն արհեստականորեն բարձր ներկայացնել իրենց դպրոցների ցուցանիշները, ԳԹԿ տնօրենն առաջարկում է, որ արդյունքները նույնիսկ չուղարկեն ԳԹԿ:

Թիվ 62 դպրոցի տնօրեն Գայանե Սողոմոնյանյանը կարծում է. «Ժամանակ տվեք դպրոցին, չէ՞ որ տնօրենն իր ուսուցիչների հետ անելիք ունի, ամեն ինչ նորույթ է, իսկ կան 30-40 տարվա ուսուցիչներ, որոնց մտածելակերպը դեռ պիտի փոխվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել