Լրահոս
Օրվա լրահոսը

«… ԱՊՐԻԼ ԼՈՅՍԻՆ ՀԱՄԱՐ ԼՈՅՍԵՐՈՒՆ ՊԷՍ ՇՌԱՅԼ…»

Մարտ 05,2009 00:00

Երեկ առավոտը ջինջ էր ու զուլալ, այսօր առավոտը լցված է Զուլալ Գազանճեանի կորստյան ցավով

Արդեն տասը օր չի բաբախում մի սիրտ, որ ամեն զարկով մեզ հուշում եւ հիշեցնում էր բանաստեղծության ակունքների մասին եւ ոչ միայն… Կանգ է առել մի սիրտ, որի ամեն զարկով բանաստեղծության մի գոհար էր ծնվում…

Ապրիլ պահ մը, բայց խոր

ապրիլ իբրեւ կայծակ,

որ կցոլայ ուժգին

կը հարվածե արագ:

Ապրիլ՝ ինչպես գիտէ

ապրիլ լոյսը միայն

ապրիլ լոյսին համար

լոյսերուն պէս շռայլ…

Ապրեց այդպես արագ, լույսի ու կայծակի նման, մեզ հետ ուս ուսի պայքարեց ու ըմբոշխնեց հաղթանակն ու վերելքը ու մեզ հետ անկոտրում մնաց անակնկալ անկումի ու վայրէջքի պահին:

…Առավոտն երեկ զուլալ էր քեզ պես, շուտով, շատ շուտով հեռու Լիոնում մարմնափոշիդ կփարվի հողին, օ՜, մեր թանկ պոետ, անծանոթ պոետ, Զուլալ Գազանճեան, եղբայր ու ընկեր, խոհի, պատմության, բառի ու բանի, շուտով, ա՜խ, շուտով մարմնափոշիդ հողին կտրվի, մինչդեռ, ա՜խ, հոգիդ, հոգիդ դարավոր հեծեծանքներից հալածված, տխուր պիտի թափառի Նորքում կառուցած տանդ մոտերքում, վարդենիներիդ փշերին հեծած խարազանումի երգ պիտի երգի, բարդիներիդ սոսափին գերի, շներիդ դահճին չի պիտի ների, չի պիտի ների, չի պիտի ների ու խաղողներիդ վազերից հոսող արցունքը շրթին, պիտի կայծակի մայրաքաղաքի քարացող սրտին, քարացող սրտին, քարացող սրտին…

Իմ զուլալ ու ջինջ, իմ մաքուր ու հեզ բանաստեղծության անմռունչ մշակ, լծկան եզ, հերկդ կիսատ է, հերկդ սիրակեզ, չենք ճանաչում քեզ, զուր ես լքում մեզ:

Սուլելով երգ մը հին, գիշերին մէջ ձմրան,

փողոցներէն, մինակ, անձրեւն է որ կ’անցնի.

չորցրած տերեւներու փունջ մը ձեռքին, կ’երթայ

իր սիրածին գուցէ, կամ կը դառնայ՝ մինակ,

սուլելով երգ մը հին՝ մեր ամէնուն մասին:

Դու եկար, ծնվեցիր Մուսալեռ աշխարհում, հիշում ես, ասում էիր՝ որքան պատիվ է Մուսալեռ ծնվելը, հազար անգամ ավելի պարտավորեցնող է: Մեր զուլալ, զուլալ, զուլալ ու ջինջ եղբայր: Հասկացա՞նք քեզ, արդյոք, իհարկե ո՛չ, կհասկանա՞նք, արդյոք, երբեւէ, կասկածում եմ: Ասում էիր զգայարաններդ բթացած են (մեզ՝ Հայաստանում ապրողներիս էիր ասում), դրսի մարտահրավերները ոչ կզգաք, ոչ կպատկերացնեք, է, եղբայր, այդպես աբուշ կտրած էլ Առաջին Հանրապետության սահմանները կորսնցուցինք…

Պոետիդ սիրտը զանգ էր հնչեցնում խուլերիս համար.

Հոս ամենքը ներկա են իրենց վերջին ժամադրության

Եւ ամենուն մեջ ամեն ինչ կը խտանայ

Եւ ամենուն մէջ ամեն ինչը կըարցունքէ

Եւ ամէնուն մէջ ամեն ինչ կը յետաձգի

Մահուան պես:

Պոետները չեն մեռնում, պոետները հառնում են նորից…

Հնից ի վեր հայտնի է, որ բանաստեղծ չեն դառնում, որ բանաստեղծ ծնվում են: Հայտնի է նաեւ, որ բանաստեղծի շնորհը միակ շնորհն է, որ Արարիչն անձամբ է մատուցանում, բայց հայտնի է նաեւ, որ եթե բանաստեղծը կորցնում է խիղճը կամ ծախում է հոգին, շնորհազրկվում է նույն Տիրոջ կողմից։ Այդպես եղել է առաջ, այսօր եւ կլինի ընդմիշտ…

Մեր զուլալ, զուլալ Զուլալ Գազանճեան: Որդի, բանաստեղծ ու աշխարհակալ քերթության դաշտի, դու եղար մերօրյա այն եզակիներից, ով իր շնորհն ու խիղճը, քո իսկ խոսքերով՝ «ց վերջ», «ց մրուր» ծառայեցրիր քեզ ծնած ժողովրդին ու քեզ սնած գրականությանը…

Իմ զուլալ, իմ ջինջ, օ՜, իմ անուշ ու պատվական եղբայր, զուլալացրու մեզ, սովորեցրու ապրել քեզ նման անընդհատ հանո՛ւն, հանո՛ւն, հանո՛ւն։ Զուլալացրու մեզ այս պղտոր օրերի ակունքներում, մաքրիր մեզ ընդդեմների ու անդեմների աղբից, քենով լցված տհասների բարքից, անկուշտների տարփից, տգետների վարքից…

Նորատուզ, այս խրթին աշունին

Երբ խելքիս չպառկիլը տեսայ, Մազապուրծ՝ ձիուն պէս Շապուհին,

Ես գլուխս առի ու փախայ:

Եկայ հոս, Ռոշըշաուառ փողոցի

61 թիւ շէնքը. ի՞նչ ըրած.

Օրերով խմեցի՝ դիմացի

Արաբի խանութին վստահած:

Հիշեցի, երազ է կարծես, աշունն է, 96-ի վերելքի ու գինեձոնի աշուն, գրչակից եղբայրդ՝ Հրաչը Թամրազյան, սիրով կազմել, խմբագրել եւ Հրանտ Մաթեւոսյանի խորախորհուրդ ու բանաստեղծությանդ նվիրական առաջաբանով լույս աշխարհ է բերել գոհարներիդ ընտրանին եւ գրչակից եղբայրներդ (պիտի հնչեցնեմ իրենց անունները, որովհետեւ երկուստեք պատվաբեր է). Վանո Սիրադեղյան, Վահագն Գրիգորյան, Հենրիկ Էդոյան, Հովհաննես Գրիգորյան, Արմեն Շեկոյան, Հակոբ Մովսես, Արմեն Մարտիրոսյան, Վրեժ Իսրայելյան… Եթե որեւէ մեկին մոռացա, թող ներվի ինձ։ Ուրեմն գրչակից եղբայրներդ գինեձոնում են այդքան երազած ու հայրենի եզերքում ծնված գիրք-զավակիդ ծնունդ-գալուստը եւ օդը լցված է քո խոսքով, քո շնչով, քո աղոթքով եւ անեծքի ու չարության ոչ մի նշույլ հայոց երկնքում: «Ղարաբաղ» կոմիտեի քո ընկերներից (կոմիտե, որին այդքան սատար եղար քո փարիզներում) Լեւոն-Տեր Պետրոսյանն ու Բաբկեն Արարքցյանը այդ օրը զբաղված էին, չկարողացան քեզ հետ կիսել ոսկյա աշնանային ձոնագինին, չկարողացան, երկրաշինության հոգսուբեռի տակ էին… Հիմա այս պահին, երբ մարմնափոշիդ հեռու Լիոնում կփարվի հողին, նրանք կողքիդ են, որպես պատմության, որպես պետականության կենդանի սյուներ, արդ նաեւ նրանց ձեռամբ պիտ փարվի մարմինդ հողին… եւ կներես, որ ո՛չ Հայոց հողին…

Սգա, իմ երկիր, արդ բանաստեղծդ ու բարեխոսդ Տիրոջ ատյանում էլ չի հայցելու թողություն մեր բյուր մեղքերի համար, արդ պիտի խեղդվենք մեղքերի ծովում…

Բայց ոչ, սխալ եմ, ներիր ինձ, Զուլալ, դու տանել չէիր կարողանում լալկաններին, ներիր, եղբայր, եւ որպես հատուցում հիշեմ քո խոսքը՝ արտասանած ընտրանիիդ գինեձոնին, որը դեռ հնչում է ճանաչողներիդ հիշողության մատյաններում՝ որպես սրտամամլիչ մի հուշ, որպես արթնացումի շեփոր:

«Ես ոչ սփյուռքցի եմ, ոչ հայաստանցի, ես այդ սահմանները ջնջած եմ: Առաջ՝ մարդ, բանաստեղծ, հետո՝ հայ… Հայրենասիրությունը պարապ խոսք է, իմ ուսուցիչը հայերենի զգացողությունն է, հայ գրականությունը, հայ գրականության մեջ իմ ուսուցիչը Փավստոս Բուզանդն է, աս կուզեմ շեշտել մեր ուսանողության ու աշակերտության համար, իմ ուսուցիչը Բուզանդն է՝ իր Արշակ թագավորով, իր Մուշեղով, իր Վասակ Մամիկոնյանով, իր ազգային հպարտությամբ ու արժանապատվությամբ… Շունչ մըն է, որ ասիկա տաս եւ հինգ տարի (խոսքը ասվում է 1996թ. աշնանային մի երեկո- Վ. Շ.), շունչ մըն է, որ հասած է եւ զիս ոտքի կըպահե, մնացածը՝ Դանթե Ալիգիերի, Վիլյամ Շեքսպիր, ինձ համար գիտություն է, ոչ թե ներշնչում…

Մենք (հայերս- Վ. Շ.) ֆետիշիստ ենք, լալկան ժողովուրդ ենք, իմ ամենաչսիրած երգը հայերեն «Կռունկն» է, պարտվողի, լալկանի, գաղթականի երգ եւ մեզ դժբախտություն կսկսվի, երբ մեր հողը լքած ենք, ես կմերժեմ նման հոգեբանությունը»:

Երկիր իմ, եկած եմ բերելու

Ականջս պատմությանդ քարին,

Այլեւս ձայնն աղմուկ է, պատիժ,

Մութին մեջ զառանցանք, ահավոր,

Խարխլած են երկինք ու երկիր,

Շփոթված, մեռելներով ապրող

Ալ չկա աշխարհի պես աշխարհ,

Օրերուն նմանող չկա օր,

Մարդու պես մարդը խոսք է հիմար

Եվ խոսված են խոսքերը բոլոր…

ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ

* * *

Զուլալ Գազանճեանը ծնվել է 1936 թվականին. Մուսալեռ: Մանկությունն անց է կացրել Հալեպում եւ Բեյրութում (Այնճար): 1949-ին մեկնել է Վենետիկ եւ ուսումը շարունակել Սուրբ Ղազարի դպրեվանքում, Մխիթարյանների՝ Հ. Եղիա Փեչիկյանի եւ Հ. Ներսես Տեր-Ներսիսյանի հոգածության ներքո: 1954-ին վերադարձել է Հալեպ եւ մինչեւ 1961 թվականը ուսուցչական պաշտոն է վարել տեղի ազգային վարժարաններում: Հետո հաստատվել է Փարիզում եւ երկար տարիներ տարբեր պաշտոններ վարել Սեւրի Սամուել-Մուրատեան վարժարանում, բայց կյանքը ստիպել է նետվել նաեւ առեւտրական ասպարեզ: Գազանճեանի վերջին տարիները հավասարապես բաժանված էին Երեւանի ու Փարիզի միջեւ:

Գործերը՝

«Կեանքը-քույրս» (1964, «Յառաջ» մատենաշար),

«Արեւածաղկի մը նման» (1975, «Յառաջ» մատենաշար),

«Շարունակելի» (1988, Վենետիկ),

«Նորատուզ» (1992, Վենետիկ),

«Բանաստեղծություններ» (1996, Երեւան, «Նաիրի»),

«Հատընտիր հայ հին բանաստեղծության», երկու հատոր (1998, Վենետիկ),

«Քերթուածներ», ծաղկաքաղ (2008, Հալեպ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել