Լրահոս
Օրվա լրահոսը

Ելքեր՝ ըստ մարզպետի

Մարտ 05,2009 00:00

\"\"Դսեղի անտառահատումների հարցով զբաղվողներ կան

Մամուլում, այդ թվում եւ «Առավոտում», վերջին շրջանում բազմաթիվ հրապարակում-ահազանգեր եղան, որ Լոռու մարզի Դսեղ գյուղի մատույցներում գտնվող անտառում ահռելի չափերի հասնող ապօրինի հատումներ են իրականացվում: «Գործը» արվում է գիշերով՝ «մթության քողի տակ» եւ դատելով «գործի» հաջող ելքից, ենթադրելի էր, որ գործում է կազմակերպված խումբ՝ ազդեցիկ որեւէ պաշտոնյայի կամոք:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը խոսեց ամեն ինչից, բացի հատումներից եւ միայն «Առավոտի» հարցին ի պատասխան՝ անդրադարձավ այս խնդրին: Ի՞նչ գիտեք ապօրինի հատումների մասին եւ ի՞նչ եք արել այդ ուղղությամբ, սա էր մեր հարցը Արամ Քոչարյանին:

«Ցավոք, վերջերս հաճախակի ենք խոսում ապօրինի անտառահատումների մասին, հատկապես «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերն են անդրադարձել այս հարցին»,- նկատեց Արամ Քոչարյանը եւ համեմատություն արեց. 2004 թվականին Լոռու մարզում արձանագրվել է ապօրինի ծառահատման մոտ 11 հազար դեպք, իսկ 2008-ին՝ ընդամենը 501: «Ես չեմ ասում՝ սա լավ կամ վատ ցուցանիշ է, բայց միայն թվային համեմատությունը արդեն հուշում է, որ լուրջ աշխատանք է արվել այս ուղղությամբ»,- նկատեց Լոռու մարզպետը:

Նա լսել է մասնագետների կարծիքը եւ հայտարարում է, որ թերթերում պատկերված «ողբերգական տեսարաններով» (կտրված ծառերով բեռնված եւ առանց պետհամարանիշների մեքենաներ- Ա. Զ.) լուսանկարներից մի մասի վաղեմության ժամկետը որոշել հնարավոր չէ: Ամեն դեպքում, Արամ Քոչարյանը հիշեցրեց, որ դեպքով զբաղվում է դատախազությունը եւ ոչ միայն: Հարցին անդրադարձել է նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարած «ՀՀ-ում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհուրդը»: Ըստ Արամ Քոչարյանի՝ խորհրդի ներկայացուցիչները եղել են տեղում եւ պարզել, որ 14 ծառ է հատված: «Միգուցե 24 է կամ 34: Խնդիրը թիվը չէ, այլ՝ որ ապօրինի ծառահատումներ կան, որոնց ծավալը, սակայն, նվազել է»,- հայտարարեց Արամ Քոչարյանը, եւս մեկ անգամ հիշեցնելով, որ 1990-ականներին արձանագրված ծավալներով ապօրինի անտառահատումներ հիմա չկան:

Բայց խնդիրը կա: Այս դիտարկման հետ համաձայն է նաեւ Լոռու մարզպետը եւ խնդիրը լուծելու՝ ապօրինի ծառահատումները բացառելու երկու ելք է առաջարկում. անողոք պայքար անտառահատումների դեմ եւ բնակավայրերի՝ հատկապես անտառամերձ բնակավայրերի, գազիֆիկացում: Ի դեպ, միայն 2008 թվականին Լոռու մարզում 15 համայնք է գազիֆիկացվել եւ այսօր Լոռին Հայաստանի ամենագազիֆիկացված մարզերից մեկն է:

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհուրդը» խոստացել է Դսեղի անտառներում տիրող վիճակի մասին հանրությանը իրազեկել ամենաուշը մարտի 20-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել