Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈԼԱՐԱԴՐԱՄԱՅԻՆ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ

Մարտ 05,2009 00:00

Չե՞ք լսել՝ դոլարը թանկացել է

Այս օրերին տագնապ են ապրում Արցախի բանկերը, մանավանդ՝ «Արցախբանկը»: Դոլարի կուրսի կտրուկ աճ է արձանագրվել՝ մոտ 30%: «Արցախբանկ» ՓԲԸ տնօրեն Պ. Գրիգորյանը անհանգստություն է հայտնում այդ առթիվ, նշելով, որ տարադրամի այդպիսի կտրուկ տատանումներն ավելի շատ ազդում են բանկերի գործունեության վրա, քան թե հասարակ ժողովրդի կյանքի: Սակայն այս երկու օրվա ընթացքում հանրապետության տարբեր շրջաններում ու մայրաքաղաքում փակվեցին մի շարք խանութներ: Բիզնեսմեններն արագ վաճառվող սննդամթերքները վաճառասեղաններից հավաքել են: Այսօր խանութներում չես կարող գտնել ձեթ կամ շաքարավազ: Ժողովուրդը մի կողմից է արկղերով ու պարկերով ձեթ, ալյուր, շաքարավազ առնում, խանութպաններն էլ մյուս կողմից են ապրանքը ետ տանում իրենց պահեստները, որ մի քանի օր հետո թանկացրած վերադարձնեն վաճառասեղաններ ու միանգամից հարստանան:

Այս առթիվ այսօր անհանգստություն հայտնեց նաեւ ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը, նշելով, որ առեւտրականների նման վերաբերմունքը խուճապ է առաջացնում բնակչության շրջանում, եւ առեւտրով զբաղվողների առաջ խնդիր դրեց վերադառնալ բնականոն աշխատանքի: Սակայն ո՛չ կառավարության այս կոչ-դիմումը, ո՛չ շրջկենտրոններում անցկացվող ժողովները ի զորու չեղան բացելու որոշ խանութների պինդ փակված դռները:

Անգամ փողոցում ձկան առեւտրով զբաղվողը, գնորդի այն հարցին, թե ինչո՞ւ է ձուկն այդքան թանկացել, միամտաբար ասաց՝ «բա չե՞ք լսել, որ դոլարը թանկացել է»: «Քե՞զ ինչ, դու հո դոլարով չես գնել այդ ձուկը, ձեր գետում ես որսացել»,- չգիտեին զարմանալ, թե բարկանալ գնորդները:

Մասնագետների կանխատեսումները «լուսավոր» են, ըստ նրանց՝ դոլարի այսպիսի տատանումները կտեւեն ընդամենը մեկ շաբաթ:

Կապանում խուճապ է

Դոլարի փոխարժեքի կտրուկ աճը խուճապի մեջ է գցել նաեւ կապանցիներին: Ենթադրելով կամ կանխատեսելով ապրանքների գների հնարավոր թանկացում՝ կապանցիները նախընտրում եւ շտապում էին մեծ քանակությամբ առաջին անհրաժեշտության ապրանքներ գնել: Կապանի որոշ մթերային խանութներում դեռ երեկոյից առաջ սպառվել էին առաջին անհրաժեշտության ապրանքները: Առաջին հերթին վերջացել էին հատկապես շաքարավազի եւ բուսական յուղի պաշարները: Մթերային խանութներից մեզ տեղեկացրին, որ նույնիսկ պահեստավորված պաշարներ չունեն եւ սպասում են նոր խմբաքանակների, սակայն ինչ գներով՝ դեռ ոչ ոք չի կարող ասել: «Եթե թանկ գներով ստացանք, պարզ է, որ նախկին գնով չենք վաճառի, կթանկանան այն ապրանքները, որոնք դոլարով են գնում: Իսկ որ հիմա խանութներում ապրանք չունենք, ինքներդ եք տեսնում, ցուցափեղկերը կիսադատարկ են»,- ասում է քաղաքի մթերային խանութներից մեկի աշխատողը:

Մեկ այլ մթերային խանութի աշխատակից էլ ասաց, որ չունեն ոչ ձեթ, ոչ շաքարավազ, եւ եթե օրեր առաջ մեկ կգ շաքարավազը վաճառվում էր 250-260 դրամով, ապա հիմա՝ 300-310 դրամով: Կապանում երեկ կեսօրից հետո ժամանակավոր փակվել էին որոշ ոչ մթերային խանութներ:

Ըստ խանութների աշխատողների, մինչեւ դոլարի գնի կտրուկ աճը, Կապանի առեւտրի կետերում առեւտուրը նախկին ծավալները չուներ՝ առեւտրի շրջանառությունը նվազել էր: Առեւտրի կետերի տնօրենները նշում էին, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով առեւտրի ծավալների 30-50% նվազում էր գրանցվել, որոշ ապրանքներ էլ էժանացել էին:

Այս ամենին զուգահեռ, Կապանում, ինչպես Երեւանում եւ ողջ Հայաստանում, դոլար գնելը անհնար էր դարձել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել