Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու էր ԶԼՄ-ներին «սիրում» ոստիկանը

Մարտ 05,2009 00:00

Համազգեստը վստահելի է դարձրել «գնորդին»

ՀՀ հատուկ քննչական ծառայության (քննիչ Վարդան Հարությունյան) կողմից ոստիկանության նախկին մայոր Զաքար Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվեց: Զաքարյանը մեղադրվում է խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ:

Մայորն աշխատել է Երեւանի ՆԳՎ պետավտոտեսչության բաժնում, ապա «Կենտրոն» բաժնում՝ որպես պրոֆիլակտիկայի բաժանմունքի ավագ տեսուչ: Ըստ գործի նյութերի, նա 2007թ. հեռացվել էր ոստիկանության համակարգից, իսկ 2008 թ. մայիսի 4-ին ՀՀ Հարավային քրեական դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել եւ վերջնական պատիժ է նշանակվել տուգանքի ձեւով՝ 600 հազար դրամ գումարի չափով։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նախկին ոստիկանը, հեռուստատեսությունից եւ ԶԼՄ-ներից տեղեկանալով քաղաքացիների կողմից վաճառվող ավտոմեքենաների մասին, դրանք «գնելու» պատրվակով հանդիպել է տերերին: Վստահություն ձեռք բերելու համար նա հագնում էր ոստիկանության իր երբեմնի համազգեստը եւ ներկայանում որպես ոստիկանության աշխատակից: Իսկ ունեւոր եւ գործունյա մարդու տպավորություն թողնելու համար ցույց է տվել Գեղանիստ գյուղում ունեցած, սակայն արդեն իրեն չպատկանող տունը, խանութը եւ ջերմոցները։ Նախապես տալիս էր կանխավճարը, ապա խոստանում մնացած գումարը տալ 10-15 օրվա ընթացքում՝ բանկում գրավ դրված իր տան համար հատկացվող վարկը ստանալուց հետո։ Նախաքննությամբ ՀՔԾ-ն բացահայտել է նաեւ ոստիկանի կողմից քաղաքացիների գույքին խաբեությամբ տիրանալու շուրջ 16 դեպք, որոնցով հափշտակված գումարը հասնում է շուրջ 40 մլն դրամի. գործով տուժող ճանաչված քաղաքացիների ներկայացրած քաղհայցերի պահանջը ընդհանուր առմամբ կազմում է 39 914 016 դրամ:

Զ. Զաքարյանը այդ եղանակով «քցել» է Հարություն Վարդանյանին, Արման Շահազիզյանին, Գագիկ Հարությունյանին, Հովհաննես Աթալարյանին, Վահրիճ Գեւորգյանին, Էմիլ Մկրտչյանին։

Տեղեկանալով, որ Գագիկ Գասպարյանը վաճառում է իր «Մերսեդես Բենց Ե-420» մակնիշի 03 ՏՏ 770 պետհամարանիշի ավտոմեքենան, Զ. Զաքարյանը հանդիպել է մեքենայի տիրոջը եւ պայմանավորվել 5 845 000 դրամով գնել այն՝ խոստանալով գումարը տալ 10 օրվա ընթացքում։ Վերջինիս վստահությունը ձեռք բերելու համար ներկայացել է որպես ճանապարհային ոստիկանության աշխատակից, ցույց է տվել Գեղանիստ գյուղում գտնվող տունը, խանութը, ջերմոցները, որից հետո կանխավճար տալով 332 160 դրամին համարժեք $1000՝ գնացել են «Մալաթիա» նոտարական գրասենյակ, կնքել ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր, համաձայն որի՝ ավտոմեքենան ընդունել է որպես սեփականություն եւ իրավունք ձեռք բերել ավտոմեքենայի նկատմամբ, իսկ որպեսզի կասկածներ չառաջանան խաբեությամբ հափշտակություն կատարելու դիտավորության մասին, իր առաջարկով կնքել են նաեւ փոխառության պայմանագիր՝ այն մասին, որ Գագիկ Գասպարյանին պարտք է 5 845 000 դրամ, որը պարտավորվում է վերադարձնել 10 օրվա ընթացքում։ Նույն օրը 5 միլիոն դրամով մեքենան վաճառել է Գագիկ Հարությունյանին, սակայն պայմանավորված գումարը Գագիկ Գասպարյանին չի տվել եւ խաբեությամբ հափշտակել է։

Գործն ուղարկվել է դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել