Լրահոս
Օրվա լրահոսը

«Օդնոկլասնիկի գործն» էլ կտեղափոխվի

Մարտ 05,2009 00:00

Երեւանի քրեական դատարանում, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, փետրվարի 19-ից սկսվել եւ դեռ չի ավարտվել «Օդնոկլասնիկ» սրճարանում անցյալ տարվա սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատական նիստը: Նախորդ դատական նիստերին տուժող Աբել Միքայելյանն ու տուժողի իրավահաջորդ, սպանված Անդրանիկ Բաբայանի կինը չներկայացան: Ինչպես տեղեկացրել ենք, վկա՝ «Ռադիոլուրի» նախկին խմբագիր Արթուր Սահակյանը գտնվում է ԱՄՆ-ում: Նա տեղեկացրել էր, որ նախաքննական մարմնին հայտնել է ամեն ինչ՝ ինչին տեղյակ է, եւ ցուցմունքը փոխելու ոչինչ չունի: «Ես առաջարկել եմ, որպեսզի իմ նախաքննական ցուցմունքները հրապարակվեն դատարանում»,- ասել էր նա:

Ինչպես հայտնի է, Երեւանի քրեական դատարանը մեկ տարի հազիվ դիմացավ փորձությանը եւ այլեւս լուծարված է: Նախագահող դատավոր Վարդան Աբրահամյանը տեղափոխվել է Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ որպես նախագահ: «Օդնոկլասնիկի» դեպքը տեղի է ունեցել Կենտրոնում, բնականաբար, մեր տեղեկություններով՝ գործի վարույթը կտեղափոխվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: «Առավոտի» աղբյուրի պնդմամբ, այն մակագրվել է քրեական գործերով մասնագիտացված Գագիկ Պողոսյանի վրա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել