Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 05,2009 00:00

Զգաստացնում է

«Փոխարժեքի շտկումն անհրաժեշտ միջոցառում էր Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման եւ ճգնաժամի հետեւանքների մեղմացման համար, սակայն պատասխանատու մարմինները պետք է ուժեղ եւ անկախ, իսկ Հայաստանի իշխանությունները զգաստ լինեն՝ գների չհիմնավորված աճից խուսափելու համար»,-երեկ ասուլիսում հայտարարել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը: Նա նշել է, որ հարկային ու մաքսային մարմինները պետք է կարողանան հավասար պայմաններ ապահովել բոլոր ներկրողների համար՝ բացառելով մենաշնորհների ձեւավորումը:

Ա. Վարուդակիսի ներկայացմամբ, բավականին երկար ժամանակ հայկական դրամը արժեւորվել է, ինչը պետք է հանգեցներ գների իջեցման, սակայն դա ոչ միշտ է տեղի ունեցել: Նրա խոսքերով, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որի վրա են դրված հակամենաշնորհային գործառույթները, ոչ միշտ է կարողացել իրականացնել դրանք: Այս առնչությամբ հանձնաժողովի մեկնաբանությունները՝ «Առավոտի» վաղվա համարում:

Մաքսայինում աժիոտաժից չեն տուժել

«Երբ նախօրեին Կենտրոնական բանկը հայտարարեց Հայաստանում լողացող փոխարժեքի քաղաքականությանն անցնելու մասին, մաքսային մարմիններում կարճ ժամանակահատվածում՝ 2-3 ժամվա ընթացքում, կատարվեցին բոլոր անհրաժեշտ ծրագրային փոփոխությունները, գլխավոր սերվերը համապատասխանեցվեց հաշվարկի նոր համակարգին: Այդ փոփոխությունների պատճառով որեւէ կուտակում կամ հերթ չի արձանագրվել: Ճիշտ է, կապված համակարգում տարադրամի փոխարժեքների բացակայության հետ, որոշ ձգձգումներ են կատարվել մաքսային բրոքերների մոտ, սակայն դա չի ազդել մաքսային ձեւակերպումների գործընթացի վրա: Որեւէ ձեւակերպում չի ուշացել»,- այս մասին «Առավոտին» տեղեկացրին Պետական եկամուտների կոմիտեից:

Տոն է. կվիրահատվեն անվճար

Կանանց տոնի միամսյակի առիթով, մարտի 8-ից սկսած՝ հանրապետության բոլոր մարզերում կանայք ու աղջիկները կարող են անվճար հետազոտվել ու բուժում ստանալ: Այս մասին երեկ հայտնել է Ազգային ժողովում առողջապահության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Անվճար հետազոտություններն անցկացվելու են շուրջ 40 քաղաքներում: Ծրագրի շրջանակներում ներառվելու են նույնիսկ ծանր եւ թանկ վիրահատությունները: Ա. Բաբլոյանի խոսքերով, հետազոտության արդյունքում եթե պարզվում է, որ հիվանդին հարկավոր է վիրահատել, ու նա դրա հնարավորությունը չունի, ապա վիրահատությունը նույնպես կկատարվի անվճար:

«Կարոտը մարդ ա սպանում»

Էջմիածնի բնակիչ Սարգիս Մովսիսյանն արդեն 9 տարի՝ մենակ է ապրում: Սակայն քանի օր է՝ Սարգիս պապն ուրախությունից տեղը չի գտնում: Նրա՝ Ռուսաստանում բնակվող որդին ասել է, որ գարնանը ընտանիքով հետ է գալու: Ս. Մովսիսյանը Ռուսաստանում աղջիկ թոռ է ունեցել, բայց նրա երեսն անգամ չի տեսել: «Բա մարդ էլ թոռ ունենա ու ոչ մի անգամ տեսած չլինի՞: Կգա, տները կսարքենք ու միասին կապրենք: Էլ ամեն օր կարոտ չեմ քաշի, միասին կլինենք ու ամեն դժվարություն միասին կհաղթահարենք: Ես էլ էս տարիքիս կիմանամ, որ մենակ չեմ, երեխեքս հետս են: Ախր շատ դժվար ա էս տարիքում մենակ մնալը, բայց դե ինչ անեմ, ձեռս ճար չկա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Սարգիս Մովսիսյանը:

Նրա խոսքերով. «Միլիոնով մարդիկ իրանց տունն ու տեղը թողած՝ գնացել են էս երկրից: Ոչ մի զավոդ չկա, սաղ ծախեցին ու մինչեւ էսօր էլ ծախում են: Թե որ մի բան էլ սարքում են, մենակ՝ Երեւանում»: Նա մենակությունից իր օրն անցկացնում է բակի երեխաների հետ ու նրանցից արտասահմանում ապրող թոռների կարոտն է առնում: Նրա կինը՝ տիկին Սվետան, 9 տարի առաջ մահացել է: Սարգիս պապն առանց կնոջ շատ է նեղվում: Ինքն է պատրաստում օրվա կերակուրը. «Է՛, բալես, ախր մենակ սեղան նստելն էլ մի բան չի»:

Փողոցի երեխաները Սարգիս պապին շատ են սիրում: Նա հաճախ է երեխաներին հավաքում իր բակում ու նրանց հետ երկար-երկար զրուցում: Երեխաները պատմում են: «Սաքո պապին հեչ չի սիրում, որ «Եհովայի վկաները» իրեն համոզում են: Ինքը շատ ա ջղայնանում իրանց վրա ու մեզ էլ սովորացնում ա, որ չի կարելի տենց մարդկանց հավատալ: Դուք էլ զգույշ կլինեք, կարող ա մտածի «Եհովայի վկա» եք ու ներս չթողի»,- մեզ խորհուրդ տվեց Սարգիս պապի փոքրիկ ընկերներից մեկը՝ Հարութը, երբ մեզ ուղեկցում էր Ս. Մովսիսյանի տուն:

Ս. Մովսիսյանի պատմելով, ինքը հավատացյալ մարդ է, Աստծուն շատ է հավատում. «Չեմ սիրում, երբ մարդիկ հավատքը փոխում են ու ուրանում իրանց Աստծուն: Ես մեռնեմ իմ Աստծու զորությանը: Թող ինքը մեզ բոլորիս պահապան լինի: Ու մեկ էլ մի բան եմ խնդրում Աստծուց, որ կարոտը գոնե մի քիչ քչացնի էս աշխարհի էրեսից, կարոտը սպանում է մարդու հոգին՝ նրան դարձնելով տխուր ու անժպիտ: Է՛, բալա ջան, կարոտը մարդ ա սպանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել