Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՊԱՆՈՒՄ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՂԿՈՒՄ Է

Մարտ 05,2009 00:00

Կապանով անցնող «ռեյսավիկ» վարորդները մարմնավաճառների համար «աշխատանք» են ապահովում

«Սեքսի մեջ մարդիկ պիտի ազատ լինեն: Կինը ասում է՝ գիտես, ես քեզ համար պոռնիկ չեմ, որ ուզում ես ինձ հետ էդ ձեւով լինես, դե, ինքն էլ տղամարդ ա, ձանձրանում ա ու գնում ընկերուհու մոտ, դե, էն էլ շուռի-մուռի ա գալիս եւ այլն: Պապական ասացվածք կա՝ կինը պիտի գիշերը պաստելումը տղամարդու սիրուհին լինի, բայց որ լույսը բացվի՝ վսյո, ինքը պիտի կին լինի, մայր լինի: Ես նախկինում որ ամուսնացած էի, 17 տարեկան, ամաչում էի, բայց հետո հասկացա, որ քո տղամարդն է, ինչ ուզում է՝ պիտի անես, ոչ թե ասես՝ հոգնած եմ, լվացք եմ արել, դրանից տղամարդը ձանձրանում է: Տենց տղամարդ չկա, որ ասի՝ կնոջս սիրում եմ ու «լեւի» չեմ գնում: Ամեն օր հո «բորշ» չեն ուտելու, մի օր էլ ուզում են քյաբաբ ուտեն, տղամարդու մի աչքը մեկ է՝ ուրիշի վրա է»,- տղամարդկանց «լեւի» գնալն այսպես արդարացրեց կապանցի մարմնավաճառներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ:

Քանի որ Կապանը բեռնատար ավտոմեքենաների վարորդների համար տարանցիկ քաղաք է, եւ նրանք ժամանակ առ ժամանակ իջեւանում են Կապանի հյուրանոցներում, ուստի շատ հաճախ են վարորդները օգտվում կապանցի մարմնավաճառների ծառայություններից: Պահանջարկը նպաստում է, որպեսզի այս քաղաքում մարմնավաճառությունը ծաղկի: Ոչ պաշտոնական տվյալներով՝ Կապանում մոտ 70 մարմնավաճառ կա:

«Թաքնված մարմնավաճառներ էլ կան, բայց կան նաեւ երեւացողները: Երեխա, ընտանիք պահելու համար ստիպված գնում են էդ գործին: Հաճույքի համար չի, կարիքից դրդված ենք անում, առավոտը վեր ես կենում՝ էրեխուդ մի բանով պիտի բավարարես, տանը փող չկա, լույսդ անջատում են, գազը ապրիլի 1-ից թանկացնում են: Ստեղ փոքր քաղաք է, մարդիկ իրար ճանաչում են, փողոցում չենք կանգնում, իսկ Երեւանում ծերից ծեր կանգնած են ու կարող է ոչ էլ իրար տենան ու ճանաչեն: Ստեղ պարսիկների ստայանկա կա, մեր մոտ որոշ անձնավորություններ կան, որոնք ռեսավիկ պարսիկ շոֆերների հետ են հանդիպում, հիմա էլ բջջային հեռախոս կա արդեն, հեշտ ձեւով կապվում են, բայց մենք հայերի հետ ենք հանդիպում, խի՞ պարսիկների մոտ գնանք: Պարսիկների մոտ «դիշովկաներն» են գնում, ցածր խավը»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքերով՝ վերջին ամիսներին կապանցի մարմնավաճառների գործերն այնքան հաջող չեն, քանի որ գործարանները չեն աշխատում, եւ տղամարդկանց ձեռքը փող չկա: «Ծառայության» գները 15-20 հազար դրամ են, նրա խոսքերով, երբեմն էլ զեղչեր են անում կամ նիսյայով են բարիշում. «Մեկ-մեկ խաբում են, ասում են պարտքով, գրի՝ կտամ, վսյո, նա գնաց մենակ: Ճիշտ ա, ժամով չի, բայց արագացնում ենք, ասում ենք, պրծի՝ վռազն ենք, գազի վրա ճաշ կա: Էսօր սենց ա՝ դենգի վպերյոդ, բարեւն ա փողով, ուր մնաց դա փողով չըլի: Թե չէ, լինում ա, որ ասում ա՝ մոտս փող չկա, սպասի մանրեմ տամ, ու գնում ա, էլ հետ չի գալիս: Բայց մարդ էլ կա՝ միանգամից 100 դոլար ա տալիս: Պաշտոնյաները զարգացել են արդեն, իրանց լակոտներն ավելի առատաձեռն են, որ իրանք չեն աշխատում, պապայի փողերը լավ ծախսում են»:

Մեր զրուցակցի պատմելով. «Հիմնականում օբյեկտ ենք գնում կամ առանձին տուն, ընկերուհի ունենք՝ տուն ունի, էնտեղ ավելի ապահով ենք մեզ զգում: Եթե գնում ենք օբյեկտ հաց ուտելու, էլ փողը չեն տալիս, կամ էլ հանում են՝ ստից 5 մանեթ են տալիս: Ես էլ ասում եմ՝ 5 մանեթի համար էս ցրտին հանվողը չեմ, ասում եմ՝ գոնե 10 տուր, որ ցուրտը չզգամ: Էսօր կարող ա գործ լինի, վաղը չլինի, դա ստանդարտ չի: Ժամանակ է լինում՝ հավես չես ունենում, բայց որ հիշում ես՝ մեջը փող կա, ասում ես՝ լավ, ջհանդամը»: Մեր զրուցակցի խոսքերով, էս գործին քիչ է մնացել. «Մեր էրեխեքը կմեծանան մեզ կպահեն, քիչ ա մնում, 2-3 տարուց կթարգենք, հիմա էրեխեքից թաքցնում ենք»:

Ներկայումս Կապանում մարմնավաճառների ու թմրամոլների համար գործում է ՄԻԱՎ/ՁԻԱՀԻ դեմ պայքարի ծրագիր: Ծրագրի համակարգող Ռոման Սարգսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մարմնավաճառներին ու թմրամոլներին միանգամյա ներարկիչներ ու պահպանակներ են բաժանում եւ բացատրում, թե ինչպես պետք է խուսափեն այդ հիվանդությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել