Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 05,2009 00:00

Գնաճի մակարդակով ռեկորդակիր ենք

«Մենք որդեգրել ենք «լողացող փոխարժեքի» քաղաքականությունը: Սակայն կարող են լինել հարցեր, որոնք հնարավոր է հետագայում խնդրահարույց դարձնեն գնաճի կառավարումը: Մենք կարող ենք որոշակի սահմանափակումներ մտցնել փոխարժեքի տատանումների մեջ: Բոլոր երկրներն էլ էական տատանումների մեջ սահմանափակումներ մտցնելու կողմնակից են»,- լրագրողների հետ հանդիպմանը՝ արտարժույթի փոխարժեքի հնարավոր տատանումների եւ գնաճի վերաբերյալ նման կարծիք հայտնեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը: Նա նշեց, որ իրենք ավելի քան վստահ են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության, իրացվելիության եւ հաճախորդներին սպասարկելու կարողության վրա, ինչով էլ պայմանավորված՝ հնարավոր եղավ նման ձեւով իրականացնել փոխարժեքի թուլացման գործընթացը:

Այն դիտարկմանը, որ նախորդ օրերին քաղաքացիների մեծ մասը շտապում էր դրամը արտարժույթով փոխել, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Մինչ երեկվա փոփոխությունը, բնականաբար, նման բան կար, քանի որ բոլորը սպասում էին արժեզրկման, սակայն այժմ, Կենտրոնական բանկի տվյալներով, իրավիճակն ավելի հանգիստ է»:

Ըստ Կենտրոնական բանկի փոխնախագահի, տարածաշրջանում ամենացածր գնաճը գրանցվել է Հայաստանում: Նրա խոսքերով. «Եթե տարեսկզբին ամբողջ աշխարհը անհանգստացած էր գնաճի բարձր մակարդակով՝ պայմանավորված վառելիքի եւ պարենային շուկաներից եկող գնաճային էական ճնշումների հետ, ապա հիմա պատկերն այլ է: Այս պահին Հայաստանը դիտարկվում է գնանկումային ֆոնի վրա: Միաժամանակ ներկայումս մեզ մոտ գնաճային ճնշում է՝ պայմանավորված փոխարժեքի շտկման եւ էներգակիրների հետ կապված խնդիրներով»:

Ա. ՔՈՉԱՐՅԱՆ

Խորհուրդ տվեց՝ խուճապահար չլինել

\"\"«Փոխարժեքի լողացող կուրսին անցնելու հետ կապված՝ շոկային իրավիճակ ստեղծվեց: Նեգատիվային երեւույթներ ի հայտ եկան ե՛ւ տնտեսվարող սուբյեկտների, եւ քաղաքացիների մեղքով»,- երեկ կայացած բրիֆինգում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: Նրա խոսքերով՝ շուկայում մեծ պահանջարկը ստեղծվել էր արհեստականորեն, քանի որ մարդիկ խուճապի մատնված գնումներ էին կատարում, իսկ տնտեսվարողներն էլ մեղավոր էին, որ պահանջարկ ունեցող ապրանքները պահեստներից չէին հանում՝ արհեստական դեֆիցիտ ստեղծելով, կամ էլ խանութի տաղավարներում դնելուց հետո՝ թանկ էին վաճառում: Պարոն Շահնազարյանի համոզմամբ, հիմնական ապրանքատեսակները չեն թանկացել. «Թանկացումներն ազդել են ձեթի, կարագի, շաքարավազի եւ վառելիքի վրա»: Նա տեղեկացրեց, որ հնարավոր է այսօրվանից շուկայում առկա բացասական երեւույթների առնչությամբ վարույթներ հարուցեն. «Մենք հիմա միայն արձանագրում ենք փաստերը: Արդեն պարզել ենք, որ նույն ապրանքը՝ կարագը, մի խանութում 670 դրամ է, իսկ մյուսում՝ 530: Ամենը ստուգելու ենք, օրենսդրություն կա, հաշիվ-ապրանքագրեր կան»: Պարոն Շահնազարյանը տեղեկացրեց նաեւ, որ առանձին տնտեսվարողների հետ տարված բացատրական աշխատանքներից հետո, որոշ ապրանքատեսակների գներ իջել են: Խաբեություններից խուսափելու համար, նա գնորդներին խորհուրդ տվեց. «Մի մտեք թանկ գնով ապրանքներ վաճառող խանութներ: Այդ նույն խանութի կողքը եւս մեկ խանութ կլինի, որտեղ նույն ապրանքն ավելի էժան է: Օրինակ՝ շաքարավազը 250 դրամից թանկ մի գնեք»:

Ա. Շահնազարյանը խուճապահար մարդկանց հավաստիացրեց, որ այժմ ոչ մի ապրանքի դեֆիցիտ չկա, իսկ գնաճն էլ չի գերազանցի 10-12%-ը: Ըստ պարոն Շահնազարյանի, դոլարի արժեւորումից առաջին հերթին կշահեն տեղական արտադրողները. «Նրանց համար լողացող կուրսը ստիմուլ կլինի»: Խոսելով մարզերի գնաճի մասին, Ա. Շահնազարյանն ասաց, որ ներկայումս մարզպետարանների միջոցով իրենք գների վերաբերյալ տեղեկություններ են ստանում:

Ա. Խ.

Հայաստանի «բանը բուրդ է»

Արժույթի միջազգային հիմնադրամի երեկ հրապարակած զեկույցի հեղինակները կանխատեսել են համաշխարհային տնտեսական ճգնաժամի երրորդ ալիքի մասին: Ըստ զեկույցի, ճգնաժամի առաջին ալիքը հարվածել է զարգացած երկրներին, երկրորդը՝ զարգացողներին, իսկ երրորդի ազդեցությունը զգալու են նվազ եկամուտներ ունեցող երկրները: Հիմնադրամը նշել է 26 երկրներ, որոնք ճգնաժամի երրորդ ալիքի հետեւանքով կհայտնվեն ծանր իրավիճակում: Այդ երկրների ցանկում նշվել է նաեւ Հայաստանը: Նշենք նաեւ, որ, զեկույցի համաձայն, ցանկում ընդգրկված երկրներում նվազել են արտահանումների ծավալն ու օտարերկրյա ներդրումները, ինչպես նաեւ այդ երկրներում նվազել են մասնավոր տրանսֆերտները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել