Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ «ԼՈՂԱՑՈՂ ԿՈՒՐՍԻՑ» ՇԱՀԵՑԻՆ

Մարտ 05,2009 00:00

Վախենալով, որ առաջիկայում ապրանքներն ավելի կթանկանան, մարդիկ խուճապահար՝ արկղերով ձեթ ու պարկերով ալյուր եւ շաքարավազ են գնում:

Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը նախօրեին դեռ չէր հասցրել պաշտոնապես տեղեկացնել, որ դրամն արժեզրկվում է, երբ հանրապետության գրեթե բոլոր խանութներում արդեն ապրանքների վրա նոր գնապիտակներ էին փակցնում: Մինչ Ա. Ջավադյանը հայտարարում էր, որ առավելագույն գնաճը կլինի 8-9%-ի սահմանում, մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում հաշված րոպեների ընթացքում սննդամթերքը թանկացավ մինչեւ անգամ գրեթե 50%-ով: Մասնավորապես թանկացել են ձեթը, կարագը, ալյուրը, շաքարավազը, մակարոնեղենը, ոգելից խմիչքներն ու ծխախոտը: Ուշագրավ է, որ օգտվելով լրացուցիչ եկամուտ ստանալու հնարավորությունից, տնտեսվարողները շտապել էին թանկացնել ոչ թե նոր ձեռք բերված ապրանքները, այլ ամիսներով խանութների պահեստներում մնացած ձեթը, ալյուրն ու այլ մթերքները: Ընդ որում, այդ ապրանքները ձեռք էին բերվել այն ժամանակ, երբ 1 դոլարը դեռեւս 300 դրամ էր: Նկատենք, որ դոլարի արժեւորումից պիտի թանկանային թերեւս միայն նոր ներկրվող ապրանքները, քանի որ, եթե նախկինում տվյալ ապրանքը գնում էին, ասենք, $10-ով, որն այստեղ համարժեք էր 3000 դրամի, ապա այսօր այդ նույն ապրանքի միայն ինքնարժեքը կազմում է մոտ 4000 դրամ: Սակայն անհասկանալի է, թե ինչու են թանկացել նաեւ տեղական արտադրության ապրանքները:

Օրինակ՝ «Լուսաստղ» ձեթը, որը նախօրեին առավոտյան վաճառվում էր 410 դրամով, կեսօրին արդեն դարձել էր 590 դրամ: Ներկրվող «Ավեդով» ձեթը 550-ից դարձել էր 660 դրամ, 1 կգ շաքարավազը՝ 215 դրամից՝ 250, 1 կգ ալյուրը՝ 220-ից հասել էր մինչեւ 300 դրամ, իսկ կարագը, կախված տեսակից, թանկացել է 300-500 դրամով: 30-50 դրամով թանկացել է որոշ տեսակի ծխախոտների 1 տուփը: Ընդամենը մի քանի ժամվա մեջ խանութների սեփականատերերը այնքան ապրանք իրացրին, որքան չէր վաճառվել թերեւս ամբողջ ամսվա ընթացքում: Բանն այն է, որ դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումից խուճապահար, մարդիկ հոգեպահուստ փողերը վերցրած շտապում էին խանութներ՝ գնումների, քանի որ մտավախություն ունեին, որ մի քանի օրից ապրանքները դարձյալ թանկանալու են: Նախօրեին մի քանի խոշոր խանութներում, մեր այցելության պահին, «ասեղ գցելու տեղ չկար», իսկ դրամարկղերի մոտ հսկայական հերթեր էին առաջացել: Խանութների աշխատակիցները չէին հասցնում պահեստից բերված արկղերի պարունակությունը դասավորել դարակներին, քանի որ այն սպառվում էր անմիջապես՝ պահեստի մուտքի մոտ: Խանութների աշխատակիցներն էլ մեծահոգաբար սպառողներին օգնում էին կողմնորոշվել, թե որ ապրանքից ինչքան գնեն եւ անգամ կանխատեսումներ էին անում առաջիկայում եւս որոշ ապրանքների հնարավոր թանկացումների մասին:

«Առավոտը» մի քանի գնորդից փորձեց ճշտել, թե որտեղի՞ց են կարողացել այդքան մեծ քանակի ապրանք գնելու համար գումար գտնել: «Հոգեպահուստ ունեի», «Գրավ եմ դրել», «Պարտք եմ արել», «Աշխատավարձ եմ ստացել»,- պատասխանում էին սպառողները:

Խանութների մենեջերներն էլ պնդում էին, որ թանկացումներն անխուսափելի էին, քանի որ իրենք պետք է դոլար գնեն այն երկրներ ուղարկելու համար, որտեղից ապրանք են ներմուծում, ու քանի որ դոլարը թանկացել է, իրենք էլ ստիպված են «տակ չտալու» համար գնալ թանկացումների:

Խանութներից տեղեկացանք նաեւ, որ տեղական արտադրողները ապրանքներ չեն առաքել՝ քանի որ չեն հասցրել կողմնորոշվել, թե ինչ նոր գնով պետք է վաճառեն իրենց արտադրանքը: Այդ պատճառով էլ երեկոյան ժամը 10-ից հետո շատ խանութներում սպառվել էին ձեթը, կարագը, շաքարավազն ու ալյուրը: Առաքվել է միայն ծխախոտ, այն էլ արդեն նախկինից բարձր գնով:

Մայրաքաղաքի խոշոր տնտեսվարողներն էլ, որոնք սուպերմարկետներ ունեն նաեւ մարզերում, նրանց հրահանգել են մեծածախ վաճառք չանել՝ մի քանի օրից ավելի թանկ վաճառելու համար:

Հ. Գ.- Երեկ տեղեկացանք, որ փակվել է «Զիգզագ» խանութների ցանցը՝ վերահաշվառման համար, իսկ «Կիլիկիա» ռեստորանն ու «Պիցցա H.U.T.»-ը հավանաբար կվաճառվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել