Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՅԻՆ ԱՖԵՐԻՍՏՆԵՐԻ

Մարտ 05,2009 00:00

\"\"Խորհրդարանի նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը երեկ «Առավոտ» զանգահարեց անասելի վրդովված: Նրա խոսքը փոխանցում ենք առանց խմբագրական միջամտության:

Վրդովմունքի առաջին պատճառը

«Զանգահարել եմ, որ իմ զայրույթը հայտնեմ նախ այս դոլարային ավանտյուրայի առնչությամբ: Փաստորեն արդեն հերթական՝ որերո՛րդ անգամ ապացուցվում է, որ ֆինանսատնտեսական մեր կյանքը հանձնել ենք ֆինանսական աֆերիստներին: Ամեն անգամ հեռուստատեսությամբ կայունության մասին ինչ-որ բաներ են ճամարտակում, շփոթության մեջ գցում: Բայց եթե մենք պետություն լինեինք՝ դրանց բոլորի՛ն հիմա պիտի դատի տային էս խաբեբայության համար, որ «էքսպերտների» անվան տակ կամ պետության անունից անում են զանազան աֆերիստներ, իսկ ուրիշներն էլ արդարացնում են դրանց:

Բայց մի՞թե կարծում են, որ մարդկանց հիշողությունն էսքան կարճ է: 3-4 տարի շարունակ ժողովրդի ձեռքից փաստացի խլել են արտերկրում վաստակած դոլարը՝ անցած տարի 2 մլրդ 100 մլնի 30 տոկոսը, 2007-ին՝ 1 մլրդ 700 մլնի 30 տոկոսը, 2006-ին՝ 1,5 մլրդի 25 տոկոսը: Բոլորն էլ գիտեին, որ Հայաստանում առաջանցիկ արժեզրկվում է դոլարը: Բոլորս գիտեինք, որ ամբողջ աշխարհում դոլարն արժեզրկվեց 20-22 տոկոսով, իսկ Հայաստանում դա հասցրին մինչեւ 50 տոկոսի: Բոլորս գիտենք, որ այդ տարբերությունը պետության անունից գրպանում էին մի խումբ մարդիկ՝ չգիտեմ, շվեյցարական բանկերո՞ւմ կուտակելու, թե՞ աֆրիկաներում հանքեր-բաներ առնելու համար: Հիմա էլ էդ կուտակած դոլարները ժողովրդի վրա միանգամից 30 տոկոս թանկացնելով՝ ծախում են: Այսպիսի պետություն կլինի՞:

Այս ամենն իմ լուսահոգի գործընկեր Մանուկ Գասպարյանը ժամանակին հարյո՜ւր անգամ է ասել, թե ինչ են անելու: Այսօրվա վիճակը նա բազմիցս կանխատեսել էր: Այս մասին ու նաեւ ներքին արտադրողին «սպանելու» մասին նույնիսկ հետո իրենց արատավորած գործիչներն են բազմիցս ասել: Բա ո՞նց կարելի է շարունակ երկիրը թողնել էս տեսակ ֆինանսական աֆերիստների ձեռքին:

Ինձ համար այս ցնցումներն, իհարկե, երկրորդական ազդեցություն ունեն. ո՛չ դրամ կորցնելուց եմ վախենում, ո՛չ էլ դոլար, քանի որ ո՛չ մեկն ունեմ, ո՛չ էլ մյուսը: Բայց լիքը աշխատավոր ժողովուրդ ունենք՝ դրսում ճգնող մարդիկ, որոնք իրենց արյուն-քրտինքով վաստակած գումարներն էսպես փոշիացրին: Գող-աֆերիստները մարդկանց ձեռքից խլում են, եթերն էլ բաց չի, որ գնաս՝ դրանց սխալներն իրենց ճակատովը տաս: Հիմա պիտի Կենտրոնական բանկի կառավարիչն է՛լ հրաժարական տա, երկրի ֆինանսատնտեսական քաղաքականության բոլոր պատասխանատուներն է՛լ, ավելին՝ նրանց գլխավոր մեղավորներն էլ դատի պիտի տրվեն»:

Վրդովմունքի երկրորդ պատճառը

«Ուզում եմ զայրույթս արտահայտել նաեւ մարտի 3-ին «Ար» հեռուստաընկերությամբ մի աֆերիստի ելույթի կապակցությամբ, որն իբր քաղցկեղ է բուժում: Հետո պարզեցի, որ սա հայտնի շառլատան է՝ վերջին 30 տարվա մեջ պարբերաբար՝ 5-10 տարին մի անգամ մեր հանրությանն ահաբեկում է իր իբր թե մեթոդոլոգիաներո՜վ, բուժումներո՜վ: Վրդովմունքս հայտնեցի այդ հաղորդումը վարող Համլետ Ղուշչյանին: Նա ինձ հավաստիացնում է, թե այդ մարդն իբր հրաշագործ է ու ոմանց էլ բուժել է:

Բայց չի կարելի մարդկանց էս աստիճանի հիմարի տեղ դնել: Ո՞նց կարելի է նման բաներ թույլ տալ: Առանձնապես վրդովված եմ այն պատճառով, որ վերջին շրջանում երեք շատ մտերիմ մարդու եմ կորցրել՝ քաղցկեղի պատճառով: Աշխարհում հնարավոր ամեն ինչ արեցինք, որ նրանց փրկենք՝ չկարողացանք: Բայց հիմա դուրս են գալիս նման ինչ-որ բախտախնդիրներ ու թքո՛ւմ մեր հոգու մեջ. պարզվում է՝ ինչ-որ հեշտ մեթոդով քաղցկեղ են բուժում: Հիմա ինձ նման մարդկանց զգացումների, մեզ հասցրած վիրավորանքի համար ո՞վ է պատասխան տալու»:

Մի պահ ընդմիջենք Աղասի Արշակյանին՝ մեջբերելու համար առողջապահության նախարարության Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավար Հայրապետ Գալստյանի կարծիքն այդ «հրաշագործի» մասին. «Զավեն Մանվելյանը մի ժամանակ՝ վաղո՜ւց աշխատել է մեր կենտրոնում: Արդեն մի քանի տարի չի աշխատում: Միշտ զբաղվել է առանձին գործունեությամբ, որն օրենքով թույլատրելի չէ: Նա բուժման ո՛չ մի նոր եղանակ չի ստեղծել եւ չի կիրառել ո՛չ մի պրեպարատ: Բայց ուղղակի հայտարարում է, թե բուժում է՝ քննադատելով պետական առողջապահական համակարգը»:

Վրդովմունքի հանրագումարը

«Ուզում եմ ասել՝ ինչպես եթերում է «բարդակ», այնպես էլ ֆինանսական աշխարհում: Քաղցկեղ բուժող աֆերիստները մեր ֆինանսական ոլորտի աֆերիստների ճիշտ կրկնօրինակներն են: Եվ պատահական չէ, որ նման ողորմելիները ճգնաժամային այսպիսի իրավիճակում ի հայտ են գալիս միաժամանակ: Ու պետությունն իր իրավական համակարգով, իր դատարաններով ու դատախազներով սրանց նմանների հախից չի գալիս: Պարոն գլխավոր դատախազը նման աֆերիստներին ինչի՞ չի կանչում ու ասում՝ սրիկանե՛ր, էս ի՞նչ եք անում: 7-ին, 17-ին դատելու, դատական այս խեղկատակությունների փոխարեն՝ թող գնան բռնեն էս տեսակ աֆերիստներին՝ ֆինանսական ու եթերային: Այլապես, քանի դեռ ֆինանսական «էքսպերտների» դերում անպատիժ հանդես են գալիս պոլիտեխնիկցի Գագիկ Մինասյանը եւ բժիշկ Արմեն Աշոտյանը, իսկ քաղցկեղ բուժողների դերում՝ սիսեռաբույժ տաքսիստները եւ քիմիոթերապեւտ շառլատանները, մեր վիճակն էս է լինելու: Իսկ նրանք էլ, ովքեր այս ամենը հանդուրժում են՝ ի պաշտոնե կանխելու փոխարեն, կա՛մ չեն հասկանում, կա՛մ էլ հետները կիսու են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել