Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ԷԻՆ, ՀԻՄԱ ԷԼ ԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ

Մարտ 05,2009 00:00

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, թե ՀՀ կառավարությունը սպասում էր, կանխատեսում էր վերջին շրջանի զարգացումները: Ըստ վարչապետի, իրավիճակը կառավարության կողմից այսօր էլ վերահսկվում է: «Tert.am»-ի մատուցմամբ, վարչապետի ուշագրավ հայտարարություններից մեկն էլ այն էր, որ մեկ դոլարի համար 360-380 դրամ լողացող փոխարժեքը պահպանվելու է:

Խոսելով մարտի 3-ին Կենտրոնական բանկի կողմից դրամի լողացող փոխարժեքի քաղաքականությանն անցնելու հետ կապված առաջացած խուճապի մասին՝ Տիգրան Սարգսյանը հայտարարել է. «Մենք սպասում էինք, որ մեր շուկաներում այսպիսի իրադարձություններ են զարգանալու։ Դրանք մեր վերահսկողության տակ են, հարկային մարմիններն այսօր եւ երեկ ամբողջ օրվա ընթացքում իրականացնում էին ինվենտարիզացիա, թե ինչպիսի պաշարներ գոյություն ունեն ներկրողների մոտ, որպեսզի գնային սպեկուլյատիվ խաղեր չլինեն»։ Վարչապետը հիշեցրել է, որ տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը նույնպես հանդես է եկել բոլոր ներկրողներին վերահսկողության տակ պահելու մասին հայտարարությամբ։ Տ. Սարգսյանը կրկնել է, որ եթե ներկրողները փորձեն գնային չարաշահումների դիմել կամ գները բարձրացնել, ապա կհայտնվեն ավելի մեծ հարկային պարտավորությունների տակ. «Նրանք այդ ապրանքները ներմուծել են շատ ավելի էժան գներով եւ այսօր վաճառում են շատ ավելի բարձր գներով։ Ուրեմն՝ նրանք ավելի մեծ հարկային պարտավորությունների տակ են հայտնվելու, ինչը նրանց էլ ձեռնտու չէ, որովհետեւ մի կողմից՝ կկորցնեն իրենց հաճախորդներին, շուկաները, մյուս կողմից` կհայտնվեն ավելի բարձր հարկ վճարելու ռիսկի առջեւ»,- ասել է նա։

Վարչապետը նշել է, որ ամենախելամիտ քաղաքականությունը հավասարակշռված վարքագիծն է, եւ կոչ է արել ներկրողներին ու քաղաքացիներին՝ դրսեւորել նման վարքագիծ։ Տ. Սարգսյանի հավաստիացմամբ, գնաճի կանխատեսվելիք ցուցանիշը այս տարվա համար 8%-ի շրջանակներում է, ինչը նախորդ տարվա սցենարի կրկնությունն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել