Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ սխալ բան չեմ ասել»

Մարտ 05,2009 00:00

Շարունակում է պնդել Գագիկ Մինասյանը

Ընդամենը 1 օր առաջ այն բանից, երբ սեւ շուկայում դոլարը վաճառվեց 400-ից բարձր գնով՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը պնդում էր, թե դրամը կարող է փոքր-ինչ արժեզրկվել դոլարի նկատմամբ, եւ «Առավոտի» հարցին, թե դրամի փոխարժեքը կարող է հասնել 430-ի՝ պատասխանեց. «Որեւէ կանխատեսումի մի հավատացեք»: Մարտի 2-ին նա նաեւ պնդում էր, թե չի իրականանա Լեւոն Տեր-Պետրոսյանի, մասնավորապես, այն կանխատեսումը, թե շատ շուտով դրամը «պարզապես գահավիժելու է»:

Երեկ, երբ արդեն պարզ էր, որ ցավոք՝ չիրականացան լավատեսական կանխատեսումները՝ Գագիկ Մինասյանը մեզ ասաց. «Ըստ էության, այժմ դրամի արժեզրկման առաջին օրերն են, եւ դրանց պատկերը շատ նման է այն պատկերին, որը եղել է շատ այլ երկրներում, մասնավորապես՝ Ղազախստանում, Տաջիկստանում իրենց ազգային արժույթի արժեզրկումից հետո: Այս շրջանը բավական կարճ կտեւի՝ 1-2 օր, եւ դրանից հետո, կարծում եմ, իրավիճակը կամաց-կամաց կկայունանա: Իսկ կայուն իրավիճակում, ես կարծում եմ, նույնիսկ մի քիչ ավելի կարժեւորվի դրամը, քան այն ցուցանիշներն են, որոնք հայտարարել էր ԿԲ-ն, այսինքն՝ 360-380 դրամ»:

Մեր հիշեցմանը, թե ինքը մարտի 2-ին պնդում էր. «Լինելու է բավականին մեղմ հաղթահարում խնդիրների»՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահն այսպես արձագանքեց. «Այո, ես նաեւ ասում էի, որ 400-ից ավելի ցածր է լինելու դոլարի փոխարժեքը: Եվ հիմա ես նորից պնդում եմ, թե դրամի կուրսի փոփոխությունը, որն արձանագրվել է առաջին օրերին ինչ-որ տեղերում՝ դրանք ուղղակի սպեկուլյատիվ կուրսեր են: Եվ առաջիկայում՝ կարող եմ նույնիսկ ասել, թե այսօրվա՛ ընթացքում, կուրսը կկայունանա 360-380-ի շրջակայքում»:

«Առավոտի» ընթերցողներից մեկը, սակայն, մեզ զայրացած հարցնում էր՝ մի՞թե Գագիկ Մինասյանը պատասխանատվություն չի զգում իր սխալ կանխատեսումների համար եւ չի պատրաստվում հրաժարական տալ, որ մարդկանց թյուրիմացության մեջ է գցել: Երբ այս արձագանքը փոխանցեցինք հասցեատիրոջը՝ պրն Մինասյանը հակադարձեց. «Բայց ես որեւէ սխալ բան չեմ ասել: Ճիշտ հակառակը՝ իմ կանխատեսումներն իրականացել են, քանի որ դոլարի փոխարժեքը 400-ից չի բարձրացել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել