Լրահոս
Օրվա լրահոսը

«ՅՈԹԻ» ԴԱՏՆ ԷԼԻ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Մարտ 05,2009 00:00

\"\"Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ դատավորը դահլիճից հեռացրեց երկու քաղբանտարկյալների

Երեկ «Յոթի» գործով դատավարությունը մեկնարկեց 30 րոպե ուշացումով: Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ազդարարեց, որ դա պայմանավորված է եղել Սուրեն Սիրունյանին մեկուսարանից ուշ բերելու պատճառով: Ավելի ուշ պարզվեց, որ Սիրունյանին ուշ էին դատարան բերել նրա վատառողջ լինելու պատճառով՝ բարձր ջերմություն ուներ: Դատավորը, որն այլեւս ոչ թե քրեական, այլ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատավորն էր, ընթերցեց օրենսգրքում կատարված փոփոխությունները: Այդ հիշեցումից հետո Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ արդեն փոփոխված օրենսգրքի 314 պրիմ հոդվածը, որով սահմանված է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորած կամ դատական նիստի բնականոն ընթացքին խոչընդոտած, մասնավորապես, ամբաստանվողին դատարանի դահլիճից հեռացնելու եւ նրա բացակայությամբ դատական նիստը շարունակելու դրույթը, հակասում է նույն օրենսգրքի մի շարք այլ դրույթների, մասնավորապես՝ 23-րդ հոդվածի 8-րդ կետին, որով՝ «դատարանում քրեական գործի քննությանը կողմերի մասնակցությունը պարտադիր է», 65-րդ հոդվածի 3-րդ կետին՝ մեղադրյալը իրավունք ունի «մեղադրանք առաջադրելու պահից ունենալ պաշտպան, հրաժարվել պաշտպանից եւ պաշտպանվել ինքնուրույն», 302-րդ հոդվածին՝ «դատական քննությունը կատարվում է ամբաստանյալի մասնակցությամբ, որի դատարան ներկայանալը պարտադիր է» եւ այլն: Սա նկատի ունենալով՝ Ալ. Արզումանյանը դատավորին առաջարկեց կիրառել ոչ թե 314 պրիմ, այլ՝ 23-րդ հոդվածը: Դատավորը, սակայն, այդ առաջարկությանը չարձագանքեց ո՛չ այդ պահին, ո՛չ էլ հետո, երբ համանման առաջարկներով հանդես եկան նաեւ մյուս քաղկալանավորները:

Երեկվա դատական երեք նիստերի ընթացքում էլ պաշտպանական կողմը իր հայտարարություններով միջնորդեց դատավորին ինքնաբացարկ հայտնել՝ վիճարկելով նաեւ դատավոր Մարտիրոսյանի՝ փետրվարի 27-ի նիստում հրապարակած որոշման օրինականությունը: Հիշեցնենք, դատավորը այդ օրը վկայակոչել էր միայն մարտի 1-ից ուժի մեջ մտնելիք օրենքն ու իրեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատավոր նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրը, ինքն իրեն՝ դեռեւս քրեական դատարանի դատավորին, նշանակել էր «Յոթի» գործով դատավոր 1-ին ատյանի դատարանում: Նախ՝ հայտարարությամբ հանդես եկավ Ալ. Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Նրա ասելով, մարտի 1-ից գործը պատշաճ կարգով պետք է փոխանցվեր 1-ին ատյանին, որից հետո դատարանի նախագահը պետք է, գոնե ձեւական կողմը պահելու համար, այդ գործը առնվազն մակագրեր որեւէ դատավորի կամ հենց Մ. Մարտիրոսյանին: Այս միջնորդության քննարկումը ընդմիջվեց 10 րոպեով՝ քաղբանտարկյալ Ս. Սիրունյանի խնդրանքով: Նա իրեն վատ էր զգում: Ընդմիջումից հետո Լ. Սիմոնյանի միջնորդությանը միացան նաեւ մյուս քաղբանտարկյալների պաշտպանները: Հովիկ Արսենյանը, մասնավորապես, վկայակոչեց «ՀՀ իրավական ակտերի մասին օրենքը», որով պարզապես արգելվում է հղում կատարել դադարեցված կամ դեռ չգործող օրենքներին:

Միջնորդությունները անհիմն համարելով՝ «ջրեց» մեղադրող Կորյուն Փիլոյանը: Նա համարեց, որ դատավարության հենց սկզբից ամբաստանվողները որդեգրել են դատավարությունը ձգձգելու մարտավարություն: Նա հայտարարեց, թե դատավորի կողմից փետրվարի 27-ի որոշումը ընդամենը «տեղեկատվական բնույթ» էր կրում, հետո այն նաեւ «վրիպակ» որակեց: Ալ. Արզումանյանն արձագանքեց Փիլոյանի հայտարարությանը՝ այն համարելով «վտանգավոր» եւ «պրոպագանդիստական տրյուկ»: Ըստ նրա, 11 դատական նիստերից 9-ը դատավորն ինքն է կամայականորեն սանկցիաներ կիրառել եւ դատական նիստերը հետաձգելով՝ թույլ չի տվել դատ սկսել: Նա նաեւ փաստեց, որ քաղբանտարկյալներն իրենք են շահագրգիռ, որ դատաքննություն սկսվի, որ այդ մեղադրանքները փուչիկի նման պայթեն: Դատավորը հայտարարեց 2 ժամ ընդմիջում՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար, իսկ ընդմիջումից հետո հրապարակեց որոշումը՝ միջնորդությունը անհիմն է եւ ենթակա է մերժման:

Հայտարարություն անելու համար ձայն խնդրեց «Յոթի» գործով դատակոչված վկա Ռոբերտ Բաղդասարյանը: Նա հենց դատարանում հրաժարվեց նախաքննության փուլում իր տված ցուցմունքներից: Նա ասաց, որ մարտի 1-ին մասնակցել է Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցած, իր ձեւակերպմամբ՝ ինքնաբուխ հանրահավաքին: Երեկոյան, զինվորականների կողմից կատարված գործողությունների ժամանակ, ցանկացել է լքել տարածքը եւ գնալ տուն, բայց ստացել է հրազենային միջանցիկ վնասվածք ու տեղափոխվել հիվանդանոց: Վիրահատվելուց հետո, առանց բժիշկների թույլտվության, լքել է հիվանդանոցը: Նրա հայտարարության համաձայն, ՀՔԾ քննիչները եղել են իր տանը, ինքը ցուցմունք է տվել՝ գտնվելով անկողնային վիճակում: «Եղել եմ շոկային վիճակում, հոգեբանորեն անպատրաստ եմ եղել հարցաքննությանը ու առանց պատշաճ իրավական օգնության տվել եմ ցուցմունք այն մասին, որ ես վիրավորվել եմ այդ դեպքերի ժամանակ եւ իմ վրա, իբր, կրակոց չի եղել ոստիկանների կողմից կամ առնվազն ճշգրիտ չեմ կարող ասել, թե ով է իմ վրա կրակել: Այսպիսով, ես մեղքի սլաքն ուղղել եմ ժողովրդավարության համար պայքարող իմ ընկերների վրա: Ափսոսում եմ պահի տակ գրված ցուցմունքիս համար եւ հայցում եմ 7 հերոսական անձնավորությունների եւ բոլոր քաղբանտարկյալների ներողամտությունը: Եվ այս պահից սկսած պատրաստ եմ կիսել «7»-ի դեմ առաջադրված ապօրինի եւ շինծու մեղադրանքը»,- հայտարարեց տուժողը՝ արդարանալով, թե՝ նախաքննության ընթացքում ցուցմունք տալիս ինքը կանգնած է եղել ընտրության առաջ. տալ քննիչին ձեռնտու բացատրություն եւ հանդես գալ որպես տուժող, կամ՝ ասել ճշմարտությունը, «որի դեպքում ակնհայտ էր, որ ինձ կառաջադրվեր մեղադրանք»: Ռ. Բաղդասարյանը դատարանում հայտարարեց, որ ինքը իրականում վիրավորվել է ոստիկանների կողմից արձակված կրակոցից:

Այդ հայտարարությունից հետո նիստերի դահլիճում որպես տուժող ներկա ոստիկանության Նորք-Մարաշի բաժնի պետի տեղակալ Էդիկ Գալստյանը փորձել էր Ռ. Բաղդասարյանից նրա տվյալները ճշտել, ինչը քաղբանտարկյալները ընկալեցին որպես տուժողի նկատմամբ ճնշման փորձ: Ըստ Մյասնիկ Մալխասյանի, «գործով տուժող ոստիկանը հետաքրքրվում է ազգանունով, որ բաներ սարքեն… զգուշացնում եմ»: «Մենք թույլ չենք տա դատարանի դահլիճում ճնշումներ բանացնել»,- հայտարարեց Շանթ Հարությունյանը: Դատավորը սա համարեց դատական պրոցեսի խոչընդոտում եւ անհարգալից վերաբերմունք ու Շանթին 4 օրով հեռացրեց նիստերի դահլիճից՝ իմպերատիվ տոնով հայտարարելով, որ նրա բացակայության ժամանակ դատարանը՝ նրա շահերը դատարանում պաշտպանելու համար, կտրամադրի հանրային պաշտպան: Շանթը, որը սկզբունքորեն հրաժարվել էր պաշտպան ունենալուց, ափերից դուրս եկավ. «Ես պաշտպան չունեմ, չեմ էլ ուզում: Եթե իմ անունից պաշտպան բերեն, դա սուտ է լինելու, իմ անունից չի խոսելու, իմացեք»,- հայտարարեց նա: Քաղբանտարկյալներն ընդվզեցին: Նույն պատճառաբանությամբ դատարանից մինչեւ մարտի 9-ը հեռացվեց նաեւ Ալ. Արզումանյանը: «Սա ապօրինի դատարան է, մենք բոլորս ենք հեռանում, ձեր դատը շարունակեք»,- նոր էր հայտարարել Մ. Մալխասյանը, երբ դատավորը հայտարարեց դատը մինչեւ մարտի 9-ը հետաձգելու մասին: Այդ օրը քաղբանտարկյալներն արդեն ամբողջ կազմով կարող են մասնակցել դատական նիստին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել