Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՐԵՎՈՐԸ ՈՐԱԿՅԱԼ ԵՎ ՃԻՇՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ Է»

Մարտ 05,2009 00:00

\"\"Որպես ստեղծված տնտեսական վիճակից ելք առաջարկում է ԱԺ տնտեսական զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը:

– Ըստ որոշ կանխատեսումների, սոցիալ-տնտեսական իրավիճակը մեր երկրում կարող է հասնել 1993 թվականի իրավիճակին. դուք այս չարագուշակ կանխատեսումների իրականացումը հնարավոր համարո՞ւմ եք:

– Ընդհանրապես վիճակների նկարագրության առումով չեմ կարող պնդել, թե լրիվ նմանություն կլինի, բայց որոշակի վերապահումներով՝ այո, հենց այդպես էլ կլինի: Բոլոր երկրներում էլ կառավարման հիմնական պայմանը հետեւյալն է, որ տվյալ երկրում ապրող բնակչությունը պետք է սոցիալական ցնցումներից զերծ լինի, իսկ սոցիալական ցնցումները, ըստ էության եւ ամենայն հավանականությամբ, կարող են բերել անկանխատեսելի հետեւանքների: Հիմա մենք ուզում ենք, թե չէ, որեւէ մեկին պաշտպանենք, թե՝ ոչ, բայց հասկանում ենք, որ այո, հանրապետությունում առկա է խուճապային իրավիճակ, եւ բնակչությանը չես կարող որեւէ միջոցով հանգստացնել: Կարծում եմ, որ սա հղի է հետեւանքներով, իսկ հետեւանքները, որպես մեր երկրի քաղաքացի, ես չէի ուզենա, որ լինեին ահավոր: Մի բան, որ հստակ հասկանում եմ, այն է, որ հասարակության անդամը պետք է իմանա իր սպառման դինամիկայի մասին եւ ոչ թե կոտրվի կտրուկ կուրսի փոփոխության, ապրանքային ծավալների կտրուկ փոփոխության, դրանց ձեռքբերման ամբողջ գործընթացի խաթարման եւ այս ամենից ծագող բազմաթիվ այլ բացասական գործոնների ազդեցության տակ:

– Դրամի արժեզրկումը կհանգեցնի գների կտրուկ բարձրացման, սակայն երբ դրամն, այսպես կոչված, արժեւորված էր, գները կարծես չիջան՝ ընդհակառակը:

– Բնականաբար, մենք չունենք ֆինանսական այնպիսի հնարավորություններ, չունենք այնպիսի միջոցներ, որ ցանկացած պահի դրանք առատորեն բաշխենք հասարակության անդամների միջեւ, եւ ձեր հարցադրումը, ըստ էության, աքսիոմատիկ բնույթ է կրում: Ամենայն հավանականությամբ այդպես էլ կլինի, չի կարող այդպես չլինել, սակայն պետք է ելնել ոչ թե գնաճի, այլ այն հանգամանքից, որ փոխանակման կուրսը ի սկզբանե ճիշտ չի եղել դրված, եթե ճիշտ չի եղել, ապա կառավարողների մի ամբողջ խումբ չի մտածել դրա հետեւանքների մասին: Եթե այդքան երկարեց, ապա ուզում ես պատկերացնել, որ մտածել են, բայց եթե մտածել են, պետք է իմանային, որ գործում է բումերանգի մեթոդը, եւ այդ ամենը շուռ է գալու նրանց դեմ, ովքեր դա արել են: Փաստորեն, արժույթի այսպիսի սցենարը, որը գործում էր Հայաստանում, ես ի սկզբանե ասել եմ՝ իրականությանը չի համապատասխանում: Եվ այս պարագայում դրա փոքր, թե մեծ հետեւանքները մի օր միանալու էին եւ թողնելու էին հրաբուխի էֆեկտ, ինչն այսօր տեղի է ունեցել մեր հանրապետությունում:

– Դուք կարծում եք՝ ԿԲ-ն պետք է հրաժարակա՞ն տա:

– ԿԲ-ն իրավաբանական սուբյեկտ է, պետական մարմին է, դուք ասում եք ՝ մեր երկիրը չունենա՞ ԿԲ: Այս դեպքում պետք է պատկերացնել սցենարները մշակող, գեներացնող բոլոր այն անձերին, որոնք քաղաքականությունը տարել են այս ուղղությամբ: ԿԲ-ն, կառավարությունը, օրենսդիր իշխանությունը, դատական մարմինները անում են այն, ինչ որ կարելի է անել Հայաստանի Հանրապետությունում: Ուզում եմ ասել՝ մենք չենք կարող անհասցե պատասխանատվության ենթարկել, ի՞նչ է նշանակում՝ ԿԲ-ն հրաժարական տա, կառավարությունը հրաժարական տա: Պա՞րզ չի, որ հրաժարականները տալիս են բոլոր այն, այսպես կոչված, հեղինակները, որոնք սցենարներ են առաջարկում եւ տեղադրում տվյալ երկրում:

– Այս վիճակը ինչքա՞ն պիտի տեւի, դուք ելքերի մասին չեք խոսում:

– Սրա վերաբերյալ կուզենայի երկու միտք արտահայտել. եթե կառավարումը շարունակվի նույն կերպ, ապա այս վիճակի տեւողությունը կորցնում է իր դերը, փոքր տատանումներից հետո նորից նույն երեւույթը կկրկնվի: Ընդհանրապես պետք է մտածել, որ ձեռնարկվող քայլերը լինեն այնպիսին, որ բացառվեն նման իրավիճակները, կամ կտրուկ մեղմացվեն բոլոր նմանատիպ երեւույթները: Ես կարեւորում եմ որակյալ եւ ճիշտ կառավարումը եւ պատասխանատվության ինստիտուտի տեղադրումը Հայաստանի Հանրապետությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել