Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ

Մարտ 04,2009 00:00

Երեւանյան բուհերից յուրաքանչյուրն ունի մամուլի իր օրգանը: Թերթի խմբագիրների հավաստմամբ՝ այստեղ լուսաբանվում են բոլոր միջոցառումները, ուսանողական արշավներն ու այն ամենը, ինչ կապված է բուհի մշակութային կյանքին: Սակայն որքանո՞վ են այդ թերթերը հասանելի դարձնում ուսանողների ձայնը կամ բարձրացնում բուհի հետ կապված հիմնախնդիրներ՝ հարցի պատասխանը բոլոր խմբագրություններում գրեթե նույնն է: Լաուրա Կարակելյանը 2001 թ.-ից խմբագրում է 52 տարվա պատմություն ունեցող ՀՊՃՀ-ի «Պոլիտեխնիկ» ամսաթերթը: Նա իր աշխատանքային պրակտիկայի ընթացքում երբեւէ չի հանդիպել նյութի, որտեղ ուսանողը բարձրացնի որեւէ սուր հարց՝ կապված բուհի կամ առհասարակ ուսանողական կյանքի հետ: «Իհարկե, նրանք կխուսափեն նմանատիպ հարցադրումներից, չէ՞ որ նմանատիպ նյութերն անարձագանք չեն մնա»,- ասում է նա: Լաուրա Կարակելյանի հավաստմամբ, «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի յուրաքանչյուր համար վերահսկվում է բուհի ղեկավարության կողմից: Ի տարբերություն «Պոլիտեխնիկի», Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի «Տնտեսագետ» պարբերականը սահմանափակվում է միայն գլխավոր խմբագրի վերահսկողությամբ: Թերթի խմբագիր Սաթենիկ Ալավերդյանը նշում է. «Հաճախ կարող են ուսանողները ներկայացնել սուր քննադատական նյութեր բուհի այս կամ այն խնդրի շուրջ», սակայն, ըստ նրա, այդ նյութերը քիչ ավելի մեղմացված տարբերակով են իրենց տեղը գտնում թերթի էջերում, քանի որ՝ «զայրացած ուսանողները կարող են ամեն ինչ չափազանցված ներկայացնել»: Բացի այդ, Սաթենիկ Ալավերդյանն ասում է, որ «Հաճախ կարող են մերժվել այնպիսի նյութեր, որոնք չեն փայլում լեզվական ճշգրտությամբ»: Թերթի յուրաքանչյուր համարում լույս է տեսնում «Հայերենը՝ վտանգված» խորագրով ուսուցողական էջը, որի նպատակն է հնարավորինս զարգացնել ուսանողների առօրյա՝ խոսակցական բառապաշարը:

Բուհերում հարցված ուսանողներից շատերը տեղյակ չէին նույնիսկ իրենց ուսումնական հաստատություններում լույս տեսնող թերթի մասին կամ պարզապես չեն սիրում կարդալ, պատճառաբանելով, որ այնտեղ չեն գտնում իրենց հուզող նյութեր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել