«ՓԱԿ ԱՉՔԵՐՈՎ» Ո՞Վ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿՏԵՍՆԻ
Լինարեսում ընթացող շախմատի գերմրցաշարի ավարտից անմիջապես հետո մասնակից ութ գրոսմայստերներից վեցը՝ Վիշվանաթան Անանդը, Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Վասիլի Իվանչուկը, Թեյմուր Ռաջաբովը եւ Վան Յուեն, կմեկնեն Ֆրանսիա, որտեղ մարտի 14-26-ը անցկացվելու է մեկ այլ հեղինակավոր գերմրցաշար՝ «կույր» եւ «արագ» շախմատների՝ 216 հազար եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդ ունեցող «18th Amber Blindfold and Rapid Tournament»-ը:
Այնտեղ նրանց են միանալու աշխարհի թագի հավակնորդ Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), հավակնորդների մրցամարտի մասնակից Գատա Կամսկին (ԱՄՆ), Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա), աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա), Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան):
18-րդ անգամ կազմակերպվող «Amber» մրցաշարը նախորդներից տարբերվելու է նրանով, որ մրցակիցները օրական խաղալու են երկու տուր. երկուական «կույր» եւ «արագ» շախմատ:
ԻԼՅՈՒՄԺԻՆՈՎԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը մեկօրյա այցով ժամանել էին Հայաստան:
Իլյումժինովը ծանոթացել է Հայաստանում շախմատի զարգացման ուղղությամբ գործադրվող աշխատանքներին եւ գոհ մնացել՝ նշելով. «Երբ կա լուրջ ուշադրություն, կա նաեւ արդյունք»:
Կիրսան Իլյումժինովը եւ ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը քննարկել են Երեւանում շախմատի պալատ կառուցելու գաղափարը, խոսել դպրոցներում, որպես ֆակուլտատիվ պարապմունք, շախմատի ուսուցման վերաբերյալ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ օգոստոսին Երեւանում կայանալիք շախմատի «Գրան պրի» մրցաշարի նախապատրաստմանը:
ՈՉ-ՈՔԻՆԵՐԻ ՏՈՒՐ
Երեկ Իսպանիայի Լինարես քաղաքում ընթացող աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ գերմրցաշարի 11-րդ տուրում արդյունավետ ավարտով եւ ոչ մի պարտիա չգրանցվեց: Դոմինգես-Արոնյան, Գրիշչուկ-Ռաջաբով, Վան Յուե-Անանդ եւ Իվանչուկ-Կարլսեն զույգերը համառ պայքարից հետո բաժանեցին միավորը:
Լեւոն Արոնյանը Կարլսենի եւ Անանդի հետ 5,5-ական միավորով բաժանում է 3-5-րդ հորիզոնականները: Իսկ մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Ալեքսանդր Գրիշչուկը՝ 7,0 միավորով:
Այսօր գրոսմայստերները հանգստանում են: Վաղը Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղալու է չինացի Վան Յուեի հետ:
Ա. Հ.