Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 04,2009 00:00

Մեղքերը մեծ կամ փոքր չե՞ն լինում

Հասարակությանը մշտապես հետաքրքրող բազմաթիվ հարցեր կան, որոնց ճշմարիտ պատասխանները կարող են տալ քչերը: Հավանաբար, շատերին է հետաքրքիր, թե կա՞ն մեծ եւ փոքր մեղքեր, արդյոք մեծի համար նախատեսվա՞ծ է մեծ պատիժ, փոքրի համար՝ փոքր: Հետաքրքիր է նաեւ այն, թե ինչո՞ւ է միայն քահանային տրված մեղքերի թողության իշխանությունը: Այս եւ այլ հարցերի պատասխանները տալիս է www.qahana.am կայքի հարցադարան էջը, որտեղ տ. Զոհրապ աբեղա Կոստանյանը պատասխանելով առաջին հարցին, նշել է. «Անշուշտ, կան մեծ եւ փոքր մեղքեր, դրա համար էլ հայրերը սահմանել են մահացու մեղքերի գաղափարը՝ դրանք համարելով մեծ մեղքեր: Իսկ ո՞ր մեղքն է ավելի վտանգավոր: Ասելով, թե փոքրերն այնքան էլ վտանգավոր չեն, որքան մեծերը, դրանով մեզ իրավունք ենք վերապահում հաճախակի փոքր մեղքեր գործել: Թեեւ եկեղեցու հայրերը նշում են, որ շատ հաճախ փոքր մեղքերն ավելի վտանգավոր են, քան մեծերը, որովհետեւ մեծ մեղքերը մեծ սարսափ են բերում իրենց հետ եւ մարդուն առաջնորդում ապաշխարության, իսկ փոքրերը, կաթիլ-կաթիլ հավաքվելով, ավելի մեծ ավերածություններ են գործում»:

Հաջորդ հարցին տ. Զոհրապը պատասխանել է. «Քահանան առաքյալների ավանդության շարունակողն է: Մեր եւ ավանդական եկեղեցում կա առաքելական շարունակականության խնդիրը, այսինքն՝ Քրիստոս, երկրից համբարձվելուց առաջ, իր առաքյալներին տվեց մեղքերի թողություն տալու շնորհը. «Ինչ որ կապեք երկրի վրա, կապված կլինի երկնքում, ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում»: Հոգեւորականն այդ առաքելության շարունակողն է եւ այդ շնորհը ստացել է Քրիստոսից՝ առաքյալների միջոցով:

Վիճահարույց ճագարն ու առնետը

Ըստ bbc.com-ի, Չինաստանի քաղաքացի Ցայ Մինչաոն փարիզյան Christie\’s աճուրդում գնելով 15 մլն եվրոյով վաճառված ճագարի եւ առնետի բրոնզե քանդակները, որոնք Չինաստանում համարվում են սրբազան կենդանիներ ու ազգային ժառանգություն, հրաժարվել է վճարել: Չինացին ասուլիսում հայտնել է, որ չի պատրաստվում վճարել մի բանի համար, ինչն իր ժողովրդին է պատկանում: Պարոն Մինչաոն նաեւ հավելել է, որ համապատասխան գումար չունի, իսկ աճուրդին մասնակցել է ազգային արժանապատվությունից դրդված: Նշենք, որ նա «Չինաստանի մշակութային ժառանգություն» հիմնադրամում խորհրդատու է աշխատում:

Պաշտոնական Պեկինն էլ վիճարկել է չինական մշակութային այն արժեքների վաճառքի օրինականությունը, որոնք երկրից դուրս են տարվել 1860 թ. բրիտանական եւ ֆրանսիական զորքերի կողմից՝ երկիրը օկուպացնելուց հետո: Ինչ վերաբերում է աճուրդում վաճառված բրոնզե արձանիկներին, դրանք եղել են դիզայներ Իվ Սեն Լորանի անձնական հավաքածուի մի մասը: Դրանց նոր տերն էլ հայտարարել էր, թե պատրաստվում է քանդակների վաճառքից գոյացած գումարն ուղղել սպիդի դեմ պայքարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել