Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլ ինչո՞ւ եմ ամուսնանում»

Մարտ 04,2009 00:00

Հայ տղամարդիկ պատրաստ չեն անհրաժեշտության դեպքում կնոջ փոխարեն ստանձնել տնային գործերը:

Հայ տղամարդիկ պատրա՞ստ են՝ պետք եղած դեպքում կատարել իրենց կանանց տնային պատասխանատվությունները, ասենք՝ աման լվանալ, ճաշ եփել, տուն մաքրել կամ լվացք անել: Քանի որ ներկայումս շատ է խոսվում հայ ազգի՝ եվրոպական կենցաղի այս կամ այն բաղադրիչները յուրացնելու մասին, այս հարցերի շրջանակներում «Առավոտը» հարցախույզ անցկացրեց տարբեր տարիքի հայ տղամարդկանց շրջանում: Պատասխանները երբեմն իրարամերժ էին, բայց, համենայնդեպս, այնքան էլ մխիթարական չէին, այն առումով, որ դժվար թե ապագայում հայ տղամարդիկ կարողանան հաղթահարել տղամարդ-կին հարաբերություններում կովկասցիներին բնորոշ բարդույթները: Որքան էլ խոսվում է, թե երիտասարդ սերունդն այսօր ավելի առաջադեմ է, եւ նման հարցերին հիվանդագին չի մոտենում, միեւնույն է, մեր հարցախույզին մասնակցած երիտասարդների մեջ կային այնպիսիները, որոնք անգամ իրենց ավագներից պահպանողական էին:

Օրինակ, երբ 17 տարեկան Արմեն Կարապետյանին հարցրինք, թե իր ապագա կնոջ փոխարեն պետք եղած դեպքում կստանձնի՞ տնային գործերը, նա պատասխանեց. «Թեկուզ դանակը դեմ տան՝ աման չեմ լվա: Պետք լինի, կգնամ աման լվալու ապարատ կառնեմ: Համ էլ՝ էլ ինչի՞ համար եմ կին բերում»:

21 տարեկան Նարեկ Հովակիմյանն էլ հույսը դրել է իր շրջապատի վրա. «Այդքան անճարի տպավորությո՞ւն եմ թողնում: Նման անբարենպաստ իրավիճակներում չհայտնվելու համար էլ լավ ընկերուհիներ եմ պահում, որ միշտ օգնության հասնեն»:

52 տարեկան Առուստամ Հայրապետյանն էլ իր «կյանք տեսած» դիրքերից ասում է. «Շատ են եղել դեպքեր, երբ ստիպված եմ եղել կնոջս օգնել տան գործերում: Դրա մեջ վատ բան չեմ տեսնում, այլ ընդհակառակը, այդպիսով երեւում է ամուսնու՝ կնոջ նկատմամբ ունեցած հարգանքը»:

37 տարեկան Սպարտակ Մարգարյանը հարցին մոտենում է մի քանի տեսանկյունից. «Հիմա այնպիսի ժամանակներ են, որ աշխատանք չի գտնվում եւ եթե կինն աշխատում է, ապա դա միայն գովելի է: Իսկ եթե դա արվում է ընտանիքի հաշվին, ինձ համար անընդունելի է: Բայց կան շատ կանայք, որոնց հրաշալի հաջողվում է համատեղել տան եւ աշխատատեղի գործերը»:

Այս պատասխաները մեկնաբանելու համար «Առավոտը» զրուցեց հոգեբանական գիտությունների դոկտոր Սլետլանա Հարությունյանի հետ: Նա զրույցի սկզբում նշեց. «Այն տղամարդիկ, որոնք մտածում են, թե կնոջը տան գործերում օգնելը լավ չէ, այնքան էլ ճիշտ չեն: Հայկական մենտալիտետը դեռ պատրաստ չէ ողջ աշխարհում ընդունված այն չափանիշին, ըստ որի՝ ոչ մի արտառոց բան չկա, երբ ամուսինը տան գործերում օգնում է կնոջը»: Հարցին մոտենալով գիտականորեն՝ Ս. Հարությունյանը հղում կատարեց հայտնի գիտնական Սանդրա Բեմին, ըստ որի՝ կան կանանց այնպիսի տեսակներ, որոնց մոտ վառ արտահայտված են ֆեմինին հատկանիշներ, եւ տղամարդիկ, որոնց մոտ զարգացած է մասկուլինությունը՝ ընդգծված տղամարդկային հատկանիշներ: Բայց ամենակենսունակը անդրոգեն տեսակն է, այսինքն՝ կանանց եւ տղամարդկանց այն տիպը, որը, պարզ ասած, վերոնշյալների ոսկե միջինն է: «Այսօր բարձր մասկուլինություն եւ ֆեմինինություն ունեցող տղամարդիկ եւ կանայք չեն կարող ադապտացվել: Խորհրդային միության փլուզումից հետո շատ բան փոխվեց: Երբ փլուզվեց ամեն ինչ, չկար աշխատանք, ուստի հնարավորության դեպքում կանայք սկսեցին աշխատել, տղամարդիկ՝ ոչ, այդպիսով ֆունկցիոնալ բաշխումը մի տեսակ փոխվեց: Այսինքն, երբ կյանքը պահանջը դնում է, մարդը կամ ադապտացվում է, կամ վերանում»,- նկատում է հոգեբանը: Նրա կարծիքով՝ հայ տղամարդիկ գուցե եւ պետք եղած դեպքում օգնում էլ են իրենց կանանց, բայց՝ թաքուն: Ըստ Ս. Հարությունյանի՝ պատճառը հետեւյալն է. «Կա հասարակական կարծիք, որը մերժում է նման երեւույթները: Մյուս կողմից էլ իմ շրջապատում ունեմ ծանոթ տղամարդիկ, որոնք ասում են, թե ամուսնանալն ինչի՞ս է պետք: Կնոպկան սեղմում եմ՝ լվացքն արվում է, կնոպկան սեղմում եմ, ափսեները լվացվում են: Բայց կան նաեւ շատ տղամարդիկ, որոնք ասում են, թե այդ կոճակն էլ չեն կարող սեղմել, պարտադիր կինը դա պիտի անի: Բայց իրականում այդպիսիք չադապտացված տեսակ են»: Հոգեբանը նկատում է, որ երիտասարդների շրջանում դերերի վերաբաշխման առումով կարծես թե սառույցը տեղից շարժվում է, բայց, միեւնույն է, ցանկալի ոսկե միջինին դեռ չենք հասել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել