Մարտի 6-ից 17-ը Չեռնոգորիայի Բուդվա ծովափնյա քաղաքում կանցկացվի շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական 10-րդ առաջնությունը, որին մասնակցելու նախապատրաստվող 35 երկրի 310 շախմատիստից 139-ը կրում է գրոսմայստերի կոչում:
Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ներկայացված է լինելու յոթ հոգով: Նրանք են՝ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Քոթանջյանը, Զավեն Անդրիասյանը, Արտաշես Մինասյանը եւ միջազգային վարպետ Արթուր Չիբուխչյանը:
Ըստ ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման՝ չեմպիոնի եւ մրցանակակիրների կոչման համար պայքարը գլխավորապես կարող է ընթանալ մասնակիցների ցուցակի առաջատար ֆրանսիացի Էտյեն Բակրոյի, իսպանացի Ֆրանցիսկո Վալյեխո Պոնսի եւ հայաստանցի Վլադիմիր Հակոբյանի միջեւ:
Առաջնությունն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, եւ կայանալու է 11 տուր:
Իսկ ահա մեր լավագույն շախմատիստուհիները՝ Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը, Լիլիթ Գալոյանը, Սիրանուշ Անդրեասյանը եւ Աննա Հայրապետյանը, մարտի 7-ին մեկնում են Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու այնտեղ հաջորդ օրը մեկնարկող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը: Նրանք Ջերմուկում ուսումնամարզական հավաքն ավարտեցին երեկ եւ վերադարձան Երեւան:
Մեր աղջիկների մեջ բացակայում է Էլինա Դանիելյանը, որը նույն օրերին Ստամբուլում հանդես է գալու կանանց անդրանիկ «Գրան պրի» մրցաշարում: