Երեկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը սպորտում մեկ տարի ժամկետով համագործակցության պայմանագիր ստորագրեցին:
Հայաստանի առաջատար օպերատորի՝ լրատվամիջոցներին բաժանած մամուլի հաղորդագրության համաձայն, այդ նպատակով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 2009 թվականին հատկացնելու է 100 մլն դրամ: Այն նպատակաուղղվելու է օլիմպիական մարզաձեւերի զարգացմանը: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը նշանակալի ներդրում է կատարում Հայաստանում սպորտի զարգացման եւ առողջ ապրելակերպի քարոզման համար: Օլիմպիական կոմիտեի հետ այս համագործակցությունը նպատակ ունի զարգացնել տարբեր մարզաձեւեր… Մենք հավատում ենք մեր մարզիկների հնարավորություններին եւ ապագային: Մեր մարզիկներին միջազգային հարթակներում պայքարելիս տեսնելով՝ մենք օր օրի ավելի մեծ բերկրանք կզգանք… Մենք համոզված ենք, որ մեր մարզիկներն ու մարզիչներն ամեն ինչ կանեն՝ Հայաստանի դրոշը ամենուրեք բարձր պարզելու համար:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ սպորտում հաջողությունների հնարավոր է հասնել շարունակական աշխատանքի եւ ուղղորդված ներդրման շնորհիվ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն արդեն սկսել են հաջորդ օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները: Իր հերթին Հայաստանի առաջատար բջջային օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը՝ որպես սպորտի գործընկեր եւ կորպորատիվ քաղաքացի, 2012 թվականի նախաշեմին սպորտի զարգացման համար երկարաժամկետ ներդրում է կատարում»,- ասված է հաղորդագրությունում:
Պայմանագրի ստորագրումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ցանկացել է oգնել Հայաստանում սպորտի զարգացմանը, ՀԱՕԿ-ին, եւ օլիմպիական կոմիտեն սիրահոժար ընդունել է այդ առաջարկը:
Իսկ թե համագործակցությունը շարունակակա՞ն կլինի, թե՞ կսահմանափակվի 2009-ով, պարզաբանեց Ռալֆ Յիրիկյանը. «Մենք տարվա սկզբին հայտարարեցինք, որ լինելու ենք սպորտի գործընկեր: Եվ այդ ցանկությունից ելնելով, պայմանավորվեցինք օլիմպիական կոմիտեի հետ այս տարվա համար: Մյուսի կամ հաջորդների համար յուրաքանչյուր տարվա վերջավորությանը միասին կքննարկենք եւ կորոշենք»:
Երեկ կայացավ եւս մի հանդիսավոր արարողություն: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի հրամանով միջազգային պաշտոնական խոշոր մրցաշարերում հաջող մրցելույթներ ունենալու համար հինգ մարզաձեւերի՝ ծանրամարտ, բռնցքամարտ, աթլետիկա, ուշու եւ սամբո, 13 ներկայացուցիչների շնորհվել է ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում: Վկայագրերը եւ կրծքանշանները նրանց հանձնեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այդ մարզիկներն են. Սերգեյ Սեվյան եւ Սասուն Հայրապետյան (երկուսն էլ՝ ուշու), Արսեն Սարգսյան (հեռացատկ, աթլետիկա), Լիլիթ Պողոսյան, Վաչիկ Վարդանյան, Ժաննա Վարդանյան, Էմին Ասլանյան (բոլորն էլ՝ սամբո ըմբշամարտ), Ռուբեն Ալեքսանյան, Առաքել Միրզոյան, Արամ Անդրիկյան, Արա Խաչատրյան (բոլորն էլ՝ ծանրամարտ), Էդուարդ Համբարձումյան եւ Ցոլակ Անանիկյան (երկուսն էլ՝ բռնցքամարտ):