Լրահոս
Օրվա լրահոսը

Նինոն գոհ է Սահակաշվիլուց

Մարտ 04,2009 00:00

\"\"Ըստ պարուհու, նախագահը մեծ արվեստասեր է

Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը տեղեկացրեց, որ մարտ-նոյեմբեր ամիսներին ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության եւ սպորտի նախարարությունը, աջակցությամբ Հայաստանում Վրաստանի դեսպանության, անցկացնում են «Վրաստանի մշակույթի սեզոններ»: Ազգային օպերային թատրոնում բալետային բեմականացումներով հանդես կգա Թբիլիսիի ավելի քան 150 տարվա պատմություն ունեցող Զ. Փալիաշվիլու անվան օպերայի եւ բալետի թատրոնը, աշխարհահռչակ մենապարուհի եւ բալետային խմբի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլու գլխավորությամբ:

Վերջինս տարիներ շարունակ հանդիսացել է Մոսկվայի Մեծ թատրոնի բալետի առաջատար պարուհի: Հանդես է եկել աշխարհի ճանաչված թատրոններում, համաշխարհային բալետային գրականության գլխավոր մենապարերով: Նա 1989 թ. Վրաստանի, իսկ 1995թ.՝ ՌԴ ժողովրդական արտիստուհի է:

Առաջիկայում նախատեսվում են նաեւ Վրաստանի սիմֆոնիկ նվագախմբի ելույթները: Ասուլիսին ներկա էր նաեւ ճանաչված պարուհին, ում ջանքերով ու հավաստմամբ ընդամենը երեք տարում թատրոնում բեմադրվել է 30 բալետային ներկայացում. «Հրավիրված էի աշխատանքի ԱՄՆ, երբ 2004 թ. նախագահ Սահակաշվիլուց ստացա հրավեր՝ ղեկավարելու թատրոնի բալետային խումբը: Ամենուր զարմանում են, որ հնարավոր է երեք տարում իրականացնել այդչափ ներկայացումներ: Նշեմ, որ դրանցից մի քանիսը եղել են համաշխարհային պրեմիերաներ, այդ թվում՝ 19-20-րդ դարերի Մարիուս Պետիպայի, Ավգուստ Բերնոնվիլիի, Ջորջ Բալանչիլիի, Ֆրեդերիկ Էշտոնի եւ վրացական պրոֆեսիոնալ բալետի հիմնադիր, հանրահայտ Վախթանգ Ճաբուկիանիի դասական բալետային գլուխգործոցներ: Բեմադրություններին աջակցում է Վրաստանի մշակույթի նախարարությունը, անձամբ մեր նախագահը, որը գումարներ է հատկացնում նախագահական ֆոնդից»:

«Առավոտի» կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանը՝ ձեր բախտը բերել է, որ ունեք դասական արվեստին աջակցող կառավարություն, ավելին՝ Սահակաշվիլու նման բալետային արվեստի սիրահար, Ն. Անանիաշվիլին նախ ասաց, որ իրենց նախագահը ավելի շատ օպերային արվեստի սիրահար է, հետո էլ շարունակեց. «Մանկուց օպերան եւ բալետը իրարից չեմ անջատել, դրանք, իմ խորին համոզմամբ, մեկ օրգանիզմ են… Ճիշտ է, որոշ ժամանակահատված մեր օպերան ու բալետը անկում ապրեցին, սակայն Սահակաշվիլու նախագահ ընտրվելուց հետո կարճ ժամանակահատվածում դրանք բարձրացան, հասնելով այն մակարդակին, որ առաջատար թատրոններից սկսեցին մեկը մյուսի հետեւից հրավերները: Այո, Վրաստանի կառավարությունը շոշափելի գումարներ է հատկացնում մեր թատրոնին, առանց որի հնարավոր չէր, նույնիսկ մեծ ցանկության ու աշխատասիրության արդյունքում, ճանաչելի դառնալ աշխարհին»: Հետաքրքրությանն էլ, թե, բնականաբար, կան նաեւ հովանավորներ, մասնավոր մեկենասներ, անվանի պարուհին, հաստատելով ասվածը, շեշտեց, որ, այնուամենայնիվ, այս կամ այն բեմադրությունների համար պահանջվող գումարի առյուծի բաժինը հատկացնում է կառավարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել