Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ՄԱԿԱՆՈՒՆՆԵՐԸ

Մարտ 04,2009 00:00

Ըստ մասնագետների, դրանք պատմում են՝ ով ով է

Մականունն այժմ որոշ շրջանակներում դարձել է կերպարի կերտման պարտադիր պարագա: Դրանք հաճախ ավելի են բնորոշում մարդուն, քան որեւէ այլ բնութագրիչ: Այս համոզմանը յուրաքանչյուր ոք կարող է հանգել՝ մի պահ հայացք նետելով Հայաստանի քաղաքական վերնախավի, գործարարների շրջանակներում գտնվող անձանց եւ այլ բնագավառներում գործող մարդկանց «ածական» անունների վրա:

Մականունների եւ ածական անունների առաջացման պատմության մասին «Առավոտը» զրուցեց ազգագրագետ Նիկոլ Մարգարյանի հետ: «Ածական անունների առաջացումը մի կողմից պայմանավորված էր նույնանուն մարդկանց տարբերակելու պահանջով, մյուս կողմից էլ այդ բնութագրող անունները չեզոք չեն եւ որոշակի վերաբերմունք են արտահայտում՝ խրախուսական կամ բացասական: Ածական անուններն առաջանում են՝ ըստ սոցիալական հատկանիշների, խավային պատկանելության, անձի մասնագիտության, լեզվական ունակությունների, արտաքին հատկությունների, բնավորության կրկնվող գծերի, կյանքում կատարված մի իրադարձության, որտեղ դրսեւորվել է այս կամ այն հատկությունը: Օրինակ՝ եթե մեկը կարճ ժամանակով զբաղվել է չարչիությամբ եւ հնարամտորեն է դրսեւորել իր առեւտրական կարողությունները, նրան տվել են «չարչի» ածական անունը: Բայց երբ արդեն դադարել է զբաղվել այդ գործով, միեւնույն է, անունը մնացել է»,- նշեց մեր զրուցակիցը: Ազգագրագետը մեզ հետ զրույցում անընդհատ օգտագործում էր ոչ թե մականուն, այլ ածական անուն հասկացությունը, քանի որ առաջինն ավելի լայն իմաստով է գործածվում:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ են հուշում մեր հասարակության մեջ ներկայումս գոյություն ունեցող ածական անունները: Ն. Մարգարյանը պատասխանեց. «Քրեական աշխարհին բնորոշ ածական անունների հայտնվելը այլ միջավայրում անսովոր պիտի թվար: Բայց արի ու տես, որ այժմ դրանք հայտնվում են ուսանողների շրջանում, քաղաքական միջավայրում, ինչը նշանակում է, որ այդ աշխարհը դուրս է եկել իր սահմաններից: Դա պատահական չէ. հարաբերություններում էլ է շատ բան փոխվել. քրեականությունը հայտնվում է կրթական, քաղաքական եւ այլ բնագավառներում: Քրեականության նշան է նաեւ ժարգոնը, հագուստի սեւ գույնը, համապատասխան երաժշտություն լսելը. շատերը «բուտիրկա» են լսում՝ հաճախ այն սխալ կերպով շանսոն անվանելով»: Դառնալով հասարակության մեջ հայտնի ածական անուններ կրող անձանց՝ ազգագրագետը նկատեց. «Բոլորն էլ գիտեն, որ ածական անուններն այդ մարդկանց վերջերս չտրվեցին, դրանք ավելի վաղ էին հայտնվել, քան տվյալ անձը պաշտոն է զբաղեցրել: Գուցե նրանք ժամանակին ավելի արժանապատվորեն էին կրում այդ ածականները, քան հիմա, երբ իրենց որոշ նեղություն են պատճառում»:

Ն. Մարգարյանը հատկապես մտահոգված է ուսանողների շրջանում տարածված ածական անունների «ընտրանիով». «Եթե մեր ժամանակ ածական անուն կարող էր լինել «պրոֆեսորը» կամ «դոցենտը», իսկ բացասական առումով «կոմունիստը» կամ «դաշնակը», ապա այժմ ուսանողների շրջանում տարածված են «գոճի», «կյաժ», «չոռնի», «ճպուռ», «կռիս» ածականները, ընդ որում՝ վերջինը ավելի նեղ շրջանակներում օգտագործվում է փաղաքշական երանգով»: Հետաքրքրվեցինք՝ «քրեականացման» այս գործընթացները այլ երկրների մշակութային խմորումներում ե՞ւս նկատելի են: Ազգագրագետը պատասխանեց՝ այո, բայց զգուշացրեց, որ այդ փաստով մխիթարվելու դեպքում հետեւանքները կլինեն ավելի քան մտահոգիչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել