Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 04,2009 00:00

ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

\"\"Երեկ Մադրիդում սկսվեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցն Իսպանիա: ՌԴ նախագահի եւ Իսպանիայի վարչապետ Սապատերոյի հանդիպման գլխավոր թեման է լինելու միջազգային անվտանգության նոր ճարտարապետության կերտումը, որը հիմնվելու է Ռուսաստան-ԵՄ եւ Ռուսաստան-ՆԱՏՕ համագործակցության վրա: Բացի այդ, նախատեսվում է մի շարք երկկողմանի պայմանագրերի ստորագրում, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքով իսպանական ռազմական բեռների դեպի Աֆղանստան տեղափոխելու համաձայնագիրը, քանի որ, ինչպես հայտնի է, Իսպանիան ակտիվորեն մասնակցում է հակաթալիբական կոալիցիային: Երկրների ղեկավարները կքննարկեն, բնականաբար, համաշխարհային տնտեսաֆինանսական ճգնաժամի խնդիրները եւ ապրիլի 2-ին Լոնդոնում կայանալիք 20 առավել զարգացած երկրների հանդիպման նախապատրաստությունը: Մեդվեդեւը եւ Սապատերոն անդրադառնալու են Եվրոպական անվտանգության մասին նոր պայմանագրի կնքմանը: Ռուսաստանյան պատվիրակության մեջ մտնող քաղաքագետ Վյաչեսլավ Նիկոնովը «Գազետա» թերթին ասաց, որ չնայած Իսպանիան կարծես թե շահագրգռված է նման պայմանագրի մեջ, սակայն Ռուսաստանը չի պատրաստվում շտապեցնել իր եվրոպացի գործընկերներին, եւ նոր պայմանագրի կնքման գործընթացը կարող է տարիներ տեւել: Ըստ Նիկոնովի, ցանկացած հանդիպում, առավել եւս՝ պետական այց, ավելացնում է նման համաձայնագիր կնքելու հնարավորությունները:

ԲԼԱԳՈԵՎԻՉԸ ՄԵՄՈՒԱՐՆԵՐ Է ԳՐՈՒՄ

Իլինոյսի նախկին նահանգապետ Ռոդ Բլագոեւիչը, որը վերջերս զրկվել է իր պաշտոնից՝ ԱՄՆ սենատում տեղ վաճառելու փորձի համար, պայմանագիր է ստորագրել գիրք գրելու վերաբերյալ: Բլագոեւիչի հուշագրությունները, ըստ newsru.com-ի, պատմելու են քաղաքականության ստվերային կողմի մասին: Հոկտեմբերին լույս տեսնելիք մեմուարների համար հրատարակչությունը նրան կվճարի «վեցանիշ գումար»: Նախկին նահանգապետը պատրաստվում է մերկացնել քաղաքական համակարգը՝ ինչպես տեղական, այնպես էլ դաշնային մակարդակով: Հունվարին Բլագոեւիչը իմպիչմենտի է ենթարկվել կոռուպցիայի մեղադրանքով եւ այժմ սպասում է դատավարության: Ինքը՝ նախկին նահանգապետը, կտրականապես հերքում է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները: Ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում Բլագոեւիչը խոստացավ, որ գրելու է ամերիկացի քաղաքական գործիչների երկերեսանիության եւ երեսպաշտության մասին: «Նրանից շատերը դավաճանում են իրենց կանանց, շատերը չարաշահում են ոգելից խմիչքները»,- մասնավորեցրել է նա: Իրավաբանները, մեկնաբանելով Բլագոեւիչի ստորագրած պայմանագիրը, խորհուրդ են տալիս նրան հրապարակումից առաջ ձեռագիրը ցույց տալ փաստաբաններին. եթե գրքի տեքստը պարունակի ինչ-ինչ խոստովանություններ, ապա դրանք կարող են օգտագործվել դատարանում նախկին նահանգապետի դեմ: Մյուս կողմից հուշագրությունները հավանաբար կօգնեն Բլագոեւիչին՝ լուծել իր նյութական խնդիրները, չէ՞ որ նա զրկվել է նահանգապետի պաշտոնից եւ տարեկան $177 հազար աշխատավարձից, իսկ կինը կորցրել է աշխատանքը, որը նրան բերում էր տարեկան $100 հազար:

ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ ՈՒԶՈՒՄ Է ՓՐԿԵԼ ՎՐԱՍՏԱՆԸ

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ներկայումս ընդդիմադիր Նինո Բուրջանաձեն վստահություն հայտնեց, որ այս գարնանը անցկացվելիք բողոքի ակցիաները կհանգեցնեն նախագահ Սահակաշվիլու հրաժարականին եւ վաղաժամկետ ընտրությունների: «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում Բուրջանաձեն բացատրեց, որ արմատական ընդդիմության շարքերն իրեն մղեց Հարավային Օսեթիայում 2008-ի օգոստոսին տեղի ունեցած պատերազմը: «Ես տեսա, որ այս պատերազմից որեւէ դասեր չեն քաղվել: Նախագահը եւ նրա շրջապատը պարզապես ստում են մարդկանց: Նրանք ընդունակ չեն վերլուծություն անելու, սխալներն ընդունելու եւ չեն առաջարկում իրավիճակից դուրս գալու որեւէ ելքի դեղատոմս: Ես հասկացա, որ պետք է փրկել երկիրը»,- նշեց Բուրջանաձեն: Նրա խոսքերով, Ռուսաստանն ու Վրաստանը շատ հարցերում ունեն հակասական շահեր, մասնավորապես՝ Վրաստանն ուզում է կատարելապես անկախ լինել Ռուսաստանից, իսկ վերջինս ցանկանում է պահպանել իր ազդեցությունը: «Մենք կցանկանայինք դառնալ ՆԱՏՕ-ի անդամ եւ մերձենալ Արեւմուտքի հետ, իսկ Ռուսաստանը, չգիտես ինչու, դիմադրում է դրան, չնայած ինքն էլ է ցանկանում Արեւմուտքի հետ ունենալ նորմալ հարաբերություններ: Եվ, վերջապես, մեզ համար ամենացավալին երկակի չափանիշներն են, որոնք օգտագործվել են սեպարատիստական ռեժիմների հարցում»,- հայտարարել է Նինո Բուրջանաձեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել