Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 04,2009 00:00

Ներողություն խնդրողներին կարող են դատել

\"\"Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ թուրքական դատարանն իր երեկվա վճռով հնարավորություն է տվել քրեական վարույթ սկսել 1915-17 թվականների իրադարձությունների համար հայերից ներողություն խնդրելու ինտերնետային արշավի նախաձեռնողների եւ դրան միացողների դեմ: «Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ՝ Անկարայի Շինչան արվարձանի դատարանը բեկանել է դատախազության հունվարի 26-ի որոշումը, համաձայն որի՝ ինտերնետային արշավի փաստով մեղադրանքներ առաջադրելը կհակասեր խոսքի ազատության վերաբերյալ օրենսդրությանը: Թուրքական «Անատոլիա» լրատվական գործակալությունը փոխանցում է, որ դատարանի երեկվա որոշումը հնարավորություն է տալիս քրեական վարույթ հարուցել դեկտեմբերի 15-ին մեկնարկած ինտերնետային արշավի կազմակերպիչների դեմ: Շուրջ 200 թուրք մտավորականներ ինտերնետում տեղադրած հայտարարությամբ հայ ժողովրդից ներողություն են խնդրում Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի համար՝ դա որակելով «Մեծ աղետ», իսկ տեքստի հայերեն տարբերակում՝ «Մեծ Եղեռն»: Հայտարարությանը արդեն միացել է 29 հազարից ավելի մարդ: Հունվարին Անկարայի մի շարք բնակիչներ գանգատ էին ներկայացրել դատախազությանը՝ պահանջելով պատժել նախաձեռնության հեղինակներին «թուրք ազգի բացահայտ վարկաբեկման» համար, ինչը երկրի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածով պատժվում է մինչեւ երկու տարվա ազատազրկմամբ: Անկարայի նահանգային դատախազությունը, սակայն, որոշել էր, որ քրեական հետապնդում սկսելու իրավական հիմքեր չկան, քանի որ «ժողովրդավարական հասարակության մեջ հակադիր կարծիքներ արտահայտելը պաշտպանվում է խոսքի ազատության իրավունքով»:

Խոդորկովսկուն նորից դատում են

\"\"Երեկ Մոսկվայի դատարաններից մեկում սկսվել է նախկին օլիգարխներ Միխայիլ Խոդորկովսկու եւ Պլատոն Լեբեդեւի դատավարությունը: Այս անգամ նրանք մեղադրվում են 892 միլիարդ ռուբլի հափշտակելու, ինչպես նաեւ 487 միլիարդ ռուբլի եւ $7,5 միլիարդ լվանալու համար: Քրեական գործը կազմել է 168 հատոր: Խոդորկովսկու եւ Լեբեդեւի փաստաբանները այս նոր դատական հետապնդումը անվանում են քաղաքական եւ իրավունքի տեսակետից՝ անհիմն: Գործի նախնական լսումները տեղի են ունենալու փակ ռեժիմով, իսկ բուն դատաքննությունը լինելու է բաց: Դատարանի շենքի շրջակայքում իշխանությունները ձեռնարկել են անվտանգության արտակարգ միջոցառումներ: «Օմօնի» մարտիկները փակել են դեպի դատարան գնացող փողոցները, դատարանի նիստերի դահլիճը նախօրոք ստուգել են ծառայողական շները:

BBC-ն հիշեցնում է, որ 2005 թվականի մայիսին դատարանը մեղավոր ճանաչեց Խոդորկովսկուն եւ Լեբեդեւին՝ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, այդ թվում՝ խարդախության եւ հարկերից խուսափելու համար: Արդյունքում՝ նրանք դատապարտվել էին 8 տարով եւ գտնվում էին Չիտա քաղաքի քրեակատարողական հիմնարկում: Նոր մեղադրանքներով դատվելու համար նրանք փետրվարի վերջին Չիտայից տեղափոխվել են Մոսկվա:

Ադրբեջանում նույնպես ճգնաժամ է

Ադրբեջանական պաշտոնյաները երկար ժամանակ հույսեր էին փայփայում, որ տնտեսական ճգնաժամը շրջանցելու է իրենց հանրապետությունը, սակայն դա տեղի չունեցավ, եւ այժմ տնտեսական դժվարություններ են ապրում առաջին հերթին շինարարական բիզնեսը եւ նավթարդյունաբերությունը: Ադրբեջանի Ազգային բանկը հետեւողականորեն իջեցնում է հաշվառման դրույքաչափը, որպեսզի ձեռնարկությունները հնարավորություն ունենան բանկերից վարկեր վերցնելու, սակայն իրական կյանքում 2 հազար մանաթ (մոտավորապես 90 հազար ռուբլի) վարկ ստանալ հնարավոր է միայն լավ ծանոթության դեպքում: Իշխանությունները աշխատում են փրկել նախ եւ առաջ շինարարական շուկան: Այդ նպատակով, մասնավորապես, Բաքվի քաղաքապետարանը թույլ է տալիս քանդել 60-ական թվականների շենքերը, այսպես կոչված՝ «խրուշչովկաները»: Այստեղ ապրողների մեծ մասը գյուղերից եկած բանվորներ են, որոնք մայրաքաղաքում մնում են վարձով, սակայն վերջին շրջանում շինարարական հատվածում աշխատանքից զրկվել է մի քանի տասնյակ հազար մարդ, եւ այժմ շրջաններից եկած ընտանիքները ստիպված կլինեն վերադառնալ գյուղ ու զբաղվել գյուղատնտեսությամբ:

Գործազրկություն է սկսվել նաեւ նավթային արդյունաբերությունում: Միայն 2008 թվականի վերջին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունում կրճատվել է 5 հազար հոգի: Միաժամանակ, ավելի հաճախակի են դարձել աշխատավարձի ուշացումները, մասնավորապես, արդեն 2 ամիս է՝ ուշանում են $400-ից ավելի կազմող թոշակները: Ըստ «Նովիե իզվեստիա» թերթի, միակ տեղը, ուր շարքային սպառողը կարող է ուրախանալ, հագուստի խանութներն են, որտեղ հայտարարվել են 50 կամ նույնիսկ 70 տոկոսանոց զեղչեր: Սակայն այստեղ էլ կտրուկ՝ մոտ 25%-ով ընկել է պահանջարկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել