Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեռական սխալները վտանգավոր են»

Մարտ 04,2009 00:00

Ուսուցիչների համոզմամբ՝ դպրոցն է այն վայրը, որտեղ երեխաները պետք է սեռական կյանքի մասին ճիշտ տեղեկություններ ստանան:

«Այստեղի ու դրսի իմ հասակակիցների մտածելակերպի միջեւ տարբերությունը մեծ է: Այնտեղ, եթե տղան սիրում է աղջկան, կամ հակառակը, գնում եւ իր զգացմունքի մասին պարզ ասում է, այսինքն՝ յուրաքանչյուրն ինքն է իր անձնական հարցերը լուծում, իսկ այստեղ սկզբում աղջկա փոխարեն դասարանի տղաներն են պարզաբանման մեջ մտնում սիրող տղայի հետ, հետո նոր թույլ են տալիս աղջիկը խոսի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Մյասնիկյանի անվան թիվ 66 դպրոցի 9-րդ «բ» դասարանի աշակերտուհի Անին: Նա մի քանի տարի ապրել է Լեհաստանում:

Փետրվարի 16-ից, ՀՀ ԿԳՆ նախաձեռնությամբ, դպրոցներում 8- 9-րդ դասարաններում 1-ամսյա փորձնական դասընթաց է անցկացվում՝ «Առողջ ապրելակերպ» թեմայով: Դասընթացի հիմնական նպատակն է երեխաներին սովորեցնել առողջ ապրել, առողջությանը վերաբերվել որպես անգնահատելի հարստության, հասկանալ, որ ծխելը, ալկոհոլը, թմրանյութը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը կործանարար են կյանքի համար եւ ծանոթանալ անժամանակ սեռական հարաբերությունների վտանգավոր հետեւանքներին: Այս մասին մեզ հետ զրույցում պատմեց նշյալ առարկան դասավանդող թիվ 66 դպրոցի ուսուցչուհի Վարսենիկ Կարապետյանը: 9-րդ «բ» դասարանի դասղեկ Մարգարիտա Ղազեյանի խոսքերով՝ ճիշտ է, աշակերտները համախմբված են, միմյանց սիրում են, բայց երբեմն կաշկանդված են, ինչը գալիս է ընտանիքի վերաբերմունքից, դաստիարակությունից, նրանց խառնվածքից եւ այլն:

Մենք փորձեցինք այդ դպրոցի աշակերտներից հետաքրքրվել, թե նրանք որքանո՞վ են տեղեկացված սեռական կյանքից կամ ի՞նչ գիտեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին:

Մեզ հետ զրույցում աշակերտներից մեկը՝ Արթուրը, «Առողջ ապրելակերպ» առարկայից իր համար պարզել էր, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը «դարի վատթարագույն» վարակիչ հիվանդություններից է, եւ որ այն կործանում է մարդու կյանքը. «ՁԻԱՀ/ՄԻԱՎ վարակը փոխանցվում է սեռական ճանապարհով, արյան միջոցով, օգտագործված ներարկիչներով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց հետ կարելի է շփվել, ընկերություն անել, բայց նրանց հետ սեռական կապ չի կարելի ունենալ՝ վարակը կփոխանցվի, եւ եւս մեկը կդառնա վարակակիր»:

Կենսաբանության եւ քիմիայի ուսուցչուհի Ջեմա Բարսեղյանի ներկայացմամբ, առարկայի առաջին դասաժամերին երեխաները հեգնանքով են արձագանքել իր այն հարցին, թե իրենք կշփվե՞ն կամ ընկերություն կանե՞ն ՁԻԱՀ-ով հիվանդ մարդու հետ. «Բայց երբ երեխաներին բացատրում ենք, որ ՁԻԱՀ-ով հիվանդը մեզ նման մարդ է, նրան կարելի է կարեկցել, նրա հետ ընկերություն անել, որ շփումից հիվանդությունը չի փոխանցվում, երեխաները այդ հիվանդների մասին իրենց կարծիքը փոխեցին: Մենք երեխաների հետ, ամենայն մանրամասնությամբ, զրուցում ենք թե՛ առաջին սիրուց, թե՛ առաջին համբույրից: Երեխան կյանքի համար շատ կարեւոր տեղեկությունները պետք է ստանա ճիշտ աղբյուրից, եթե ոչ, ապա նա կփնտրի մեկ այլ տեղում, եւ հնարավոր է, որ սխալ, վտանգավոր ինֆորմացիա ստանա: Ծնողները տանն անհարմար են զգում պարզ խոսել, մինչեւ վերջ անկեղծ լինել: Հիմա մեր տղաները շատ զարգացած են. հիշում եմ՝ մեր պատանեկության տարիներին տղաներն անընդհատ փորձում էին քաշել աղջկա մազերը, ձեռքը սեղմել եւ այլն: Հիմա պատկերն այլ է. սիրահարված տղան կարող է ժամերով նստել աղջկա կողքին, զրուցել առանց որեւէ ավելորդ շարժման, չնայած ունի ներքին ձգտում»:

Բժշկագիտության ուսուցիչ Ռ. Գեւորգյանի կարծիքով էլ՝ մեծանալով սեռական չիմացության մեջ, հետագայում երեխայի, հատկապես զինծառայության մեկնած տղաների թույլ տված սեռական սխալները, որոնք գալիս են չիմացությունից, լավ բանի չեն հանգեցնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել