Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵ՞Ն

Մարտ 04,2009 00:00

\"\"Ուսուցիչների աշխատավարձի հերթական բարձրացումը կարող է կրճատումների առիթ տալ

2009 թ. սեպտեմբերի 1-ը Շիրակի մարզի շատ ուսուցիչների համար տոնական չեղավ. որպեսզի հնարավոր լինի ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնել եւ հասցնել պահանջվող 70000 դրամին, դպրոցի տնօրենները ստիպված էին զանգվածային կրճատումների գնալ, որոշ դպրոցներում կրճատվածների թիվը գերազանցեց 10-ը: Այժմ դարձյալ խոսակցություններ են պտտվում մանկավարժների աշխատավարձերը մինչեւ 112 հազար դրամ դառնալու մասին: Դա, բնականաբար, օպտիմալացման նոր փուլ է ենթադրում: Արդյոք հնարավո՞ր է օր օրի դատարկվող, աշակերտներից զրկվող Շիրակի մարզում խոսել աշխատավարձի նման չափից. կկարողանա՞ն դպրոցի տնօրենները հաղթահարել այդ շեմը՝ խուսափելով զանգվածային կրճատումներից: Գյումրիի թիվ 17 դպրոցի տնօրեն Կարապետ Ներսիսյանի կարծիքով՝ նման թվից խոսել հնարավոր է միայն այն դեպքում, երբ ուսուցիչը միաժամանակ ունենա մեկ դրույք՝ 22 ժամ, ծանրաբեռնվածություն, նրա դասավանդած առարկան նախատեսի գրավոր աշխատանքներ (տետրերի ստուգումը լրացուցիչ վարձատրություն է նախատեսում) եւ լինի դասղեկ: «Եթե այս բոլորը գումարենք, 110 հազարը կարող է գերազանցել, բայց լավ գիտենք, որ կոնկրետ Գյումրիում ուսուցիչների կեսից ավելին մեկ դրույք ժամ չունի: Հետո՝ ոչ բոլոր առարկաներն ունեն գրավոր աշխատանքներ, որ դրա համար վարձատրվեն, եւ, իհարկե, ոչ բոլոր ուսուցիչներն են դասղեկներ: Հետեւաբար, ստանդարտ թիվ սահմանել ուսուցչի համար՝ անհնար է, որովհետեւ յուրաքանչուր դպրոց իր ուսուցչին վարձատրում է իր բյուջեի սահմաններում, իսկ բյուջեն ձեւավորվում է աշակերտների քանակով: Դպրոցներում մի կողմից կա աշակերտների թվի նվազում, մյուս կողմից՝ կան դպրոցներ, որոնք նույն դասարանից ունեն 2-3-ը, հնարավորություն ունեն դասարանները խտացնել, 3-ը դարձնել 2, եւ ֆինանսական հնարավորությունները կլավանան, բայց կա դպրոց, որ նույն դասարանից ունի ընդամենը մեկը, եւ այդ մի դասարանում սովորում է 16 աշակերտ, ակնհայտ է՝ խտությունը հանրապետական միջինից շատ ցածր է: Ուսուցիչ կրճատելով էլ հարցը չի լուծվի, կրճատելն էլ հո ռեզին չէ, որ անընդհատ կրճատենք: Ես այսօր շատ առարկաներից, օրինակ՝ քիմիայից, կենսաբանությունից ունեմ մեկական ուսուցիչ, որոնք թերբեռնված են աշխատում՝ 14-15 ժամով, պարզ է, որ նրանք չեն կարող այդպիսի աշխատավարձ ստանալ»,- ասում է Կարապետ Ներսիսյանը:

Գյումրիի թիվ 11 դպրոցի տնօրեն Հրայր Կարապետյանի հաշվարկներով՝ աշխատավարձի նման չափի մասին խոսելն անհնար է: «Այսօր աշակերտների համեմատությամբ ուսուցիչների քանակը մեծ է: Թերբեռնվածություն է առաջ գալիս եւ մեկ դրույքաչափով՝ 22 ժամով, ոչ բոլոր ուսուցիչներին է հնարավոր ապահովել, բացի այդ՝ մեծ գումար են կազմում սոցվճարները, հետեւաբար նման աշխատավարձի մասին խոսելն ավելորդ է: Եթե անգամ մեծ ցանկություն ունենանք դպրոցին հատկացվող պահպանման ծախսերի հաշվին ավելացնել ուսուցչի աշխատավարձը, էլի չի ստացվի, քանի որ բոլոր դպրոցներին՝ անկախ մեծ ու փոքր լինելուց, հատկացվող պահպանման ծախսերը նույնն են, կոնկրետ մեր դպրոցում միայն գազի ամսական վճարը 1 միլիոն դրամ է կազմում, եթե նկատի ունենանք, որ Գյումրիում ձմեռը վեց ամիս է տեւում, միայն ջեռուցման համար մեզ 6 միլիոն դրամ է հարկավոր, ուրեմն պահպանման ծախսերից աշխատավարձի բարձրացման մասին մտածելն ավելորդ է»: Իսկ ուսուցիչների զանգվածային կրճատումն, ըստ Հ. Կարապետյանի, ուզեն, թե չուզեն՝ անխուսափելի է, քանի որ տարիներ շարունակ պակասել է աշակերտների թիվը, սակայն տնօրենները հաստիքների կրճատումներ չեն արել: «Պարզ է, որ այսպիսի պայմաններում դպրոցներում առաջ է եկել ֆինանսական խնդիր, հավելյալ ուսուցիչներ պահելու դեպքում դպրոցի բյուջեն անընդհատ ծախսեր է անում սոցվճարների տեսքով, որն իր հերթին հնարավորություն չի տալիս նորմալ բարձրացնել աշխատավարձերը»,- ասում է նա:

Շիրակի մարզպետարանի կրթության բաժնի պետ Սահակ Մինասյանի խոսքերով՝ կադրային կրճատումները՝ դպրոցի ներքին օպտիմալացման խնդիրները, բացարձակապես կապ չունեն աշխատավարձերի բարձրացման հետ: «Այլ խնդիր է, որ դպրոցին չի թույլատրվում պետական միջոցներն ամբողջությամբ տրամադրել աշխատավարձին: Նախկինում ֆինանսավորումն այլ մեխանիզմով էր, եւ ինչ-որ մի պահի եղել են ամիսներ, երբ դպրոցը նախատեսվածից ավելի ծախսեր է հատկացրել աշխատավարձի համար, ինչն այսօր անթույլատրելի է: Մեր մարզն այսօր ազատվել է ժամանակավոր դպրոցական շինություններից, ունենք կահավորված, համապատասխան պայմաններով ապահովված դպրոցներ, եւ պետական հոգածության ցանկացած միջոց նպատակաուղղվելու է ճիշտ կետին: Դպրոցը պարտավոր է ջեռուցման, էլեկտրասնուցման, աղբահանության, բակի բարեկարգման, բացօթյա հրապարակների կազմակերպման, տեխնիկական վերազինման համար նախատեսված պետական միջոցները ծախսել միայն այդ ուղղություններով, որոնք կբացառեն չհիմնավորված դրամահավաքությունը, որը միշտ չէ, որ ծախսվել է թափանցիկ մեխանիզմներով: Ամեն ինչ արվում է դպրոցին իր արժանապատիվ կեցվածքը վերադարձնելու համար, քանի որ այդ նպատակով պետության կողմից հատկացվող գումարներն արդեն լիարժեք բավարարում են դպրոցի բնականոն գործունեությունը ապահովելուն: Պահպանման ծախսերը 11-ից հասել են 18, 2 միլիոնի, սա շեշտակի աճ է, եւ այս պարագայում թույլատրել, որ դպրոցը վարագույր փոխելու, սանիտարական պայմաններ ապահովելու կամ կավիճ գնելու համար կատարի հանգանակություն, ոչ միայն անթույլատրելի է, այլեւ պատժելի»,- նախազգուշացնում է կրթության բաժնի պետը: Այդ դեպքում ինչպե՞ս ապահովել սահմանված աշխատավարձի չափը: Պաշտոնյան հավաստիացնելով, որ աշխատավարձի բարձրացումը չի կարող լինել ստանդարտ բոլոր դպրոցներում, գտնում է, որ դա կախված է դպրոցի կառավարման ու մանկավարժական խորհրդի ճկուն ու ճիշտ տնտեսավարումից: Մինչդեռ, ըստ տնօրենների, որքան էլ փորձեն ճկուն կառավարել, միեւնույն է՝ տարեվերջին նոր կրճատումներ լինելու են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել