Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցավոր քաղաքականության հետեւանք

Մարտ 04,2009 00:00

Հայ ազգային կոնգրեսը իրավիճակից ելքեր է առաջարկում

«Մարտի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը կայացրեց որոշում, որով հրաժարվեց վերջին տարիներին իրականացվող «ֆիքսված փոխարժեքի քաղաքականությունից», ինչի արդյունքում ՀՀ դրամը մեկ օրում արժեզրկվեց մոտ 20 տոկոսով: ԿԲ-ն չի տվել որեւէ հստակ բացատրություն՝ ՀՀ դրամի հանդեպ սպասվող քաղաքականության վերաբերյալ, եւ կայացրած որոշումը տնտեսության մեջ առաջացրեց քաոսային իրավիճակ»,- երեկ հայտարարել է Հայ ազգային կոնգրեսը: ՀԱԿ-ը համարում է, որ ՀՀ տնտեսական համակարգում քաոսային իրավիճակ առաջացրած այս որոշումը «հետեւանք է իշխանությունների կողմից միջազգային ճգնաժամի խորությունը արհամարհելու եւ ներմուծող օլիգարխների շահերի սպասարկմանը ուղղված արատավոր տնտեսական համակարգը պահպանելու անհեռատես եւ հանցավոր քաղաքականության»: Կոնգրեսի համոզմամբ, «վարչախմբի այս պնդաճակատ քաղաքականությունը, որ շարունակվեց մինչեւ վերջին հնարավոր օրը, ոչ թե իրողությունները չհասկանալու արդյունք էր, այլ անգամ ահավոր ճգնաժամից օգտվելով՝ վերջին թալանը իրականացնելու գիտակցված գործողություն»։

Գնահատելով եւ ԿԲ որոշումից հետո երկրում ստեղծված ծանր վիճակի ամբողջ պատասխանատվությունը դնելով գործող ռեժիմի վրա՝ Կոնգրեսը հանդես է եկել նաեւ անհապաղ միջոցառումների ծրագրով, ինչի իրականացումը կարող է փոքրիշատե մեղմել իրավիճակը։ Ըստ այդմ, ՀԱԿ-ը իշխանություններից պահանջում է անհապաղ իրականացնել հետեւյալը՝

1. վերադարձ դեպի լողացող փոխարժեքի քաղաքականություն, ԿԲ ադմինիստրատիվ միջամտության բացառում, արտարժութային պահուստների հանցավոր վատնման վերացում եւ օպտիմալ մակարդակի վերականգնում,

2. առաջին անհրաժեշտության ապրանքների գնագոյացման թափանցիկության ապահովում՝ գերշահույթների բացառման նպատակով եւ հակամենաշնորհային միջոցառումների շտապ իրականացում,

3. ներմուծվող ապրանքների գնագոյացման դիտարկում,

4. մաքսային պրակտիկայում կիրառվող ապօրինի «կողմնորոշիչ» գների պրակտիկայի վերացում,

5. հանրային ծառայությունների (մասնավորապես՝ գազի եւ էլեկտրաէներգիայի) գների իջեցում, այդ բնագավառում հանրային ծառայություններ կարգավորող պետական մարմինների գործունեության հրապարակայնության հաստատում եւ նրան կողմից վերահսկողության հաստատում՝ գերշահույթների բացառման նպատակով,

6. 2009թ. պետական բյուջեի վերանայում՝ պետական ապարատի ծախսերի կրճատում, տնտեսության աճը չխթանող, ոչ հրատապ ծրագրերի ֆինանսավորման դադարեցում,

7. մինչեւ ճգնաժամի հաղթահարումը՝ հարկային վարչարարության բարեփոխումների ժամանակավոր կասեցում, մասնավորապես՝ փոքր եւ միջին բիզնեսի հարկման բազայի նվազեցում, ՀԴՄ-ների պարտադիր կիրառման դադարեցում, տաքսիների նկատմամբ նախատեսվող պահանջների հետաձգում,

8. բանկային համակարգից ավանդների արտահոսքը կանխելու նպատակով բանկային ավանդների երաշխավորված շեմի բարձրացում՝ 2 միլիոն դրամից մինչեւ 5 միլիոն դրամ,

9. հակաճգնաժամային միջոցառումների հրապարակայնության, հասարակությանը ճշգրիտ եւ ամենօրյա տեղեկատվության ապահովում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել