ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը վերահաստատեց, որ Կենտրոնը գրաքննություն իրականացնելու համար չէ, որ ստեղծվել է:
Վերջին շրջանում հասարակական տարբեր խավեր, տարբեր մակարդակներում քննարկում, բանավիճում են հայկական հեռուստաընկերությունների հաղորդումների ու դրանց որակի շուրջ: Մասնավորապես այդպիսի քննարկումներից մեկի ընթացքում ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը շեշտել էր ոլորտի եւ խնդրո առարկայի օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը եւ նշել դրա որոշ մեխանիզմներ: Նկատի ունենալով այն, որ ինչպես հիշյալ Կենտրոնի ստեղծման մասին ՀՀ կառավարության՝ 2008թ. նոյեմբերի 6-ի որոշումը, այնպես էլ արդեն գործող Կենտրոնի կողմից արված հիշատակված խնդրի շուրջ արված առաջարկները կարող են ընկալվել որպես՝ հեռուստաեթերի նկատմամբ գրաքննություն ծավալելու փորձ, մենք հարկ համարեցինք այդ հարցերի շուրջ մեկնաբանություններ ստանալ հենց Կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանից:
– Որո՞նք են Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնին վերապահված գործառույթները եւ ո՞րն էր այդ Կենտրոնի ստեղծման նպատակը:
– ՀՀ նախագահի աշխատակազմի “Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն” ՊՈԱԿ-ի առջեւ դրված խնդիրները ամրագրված են մեր կանոնադրությամբ: Դրանց թվում են՝ ուսումնասիրությունները հանրային կապերի, պետական կառույցների թափանցիկության, տեղեկատվության մատչելիության, տեղեկատվության հավաքման եւ տարածման գործընթացների վերաբերյալ:
Մեր մասնագետները իրականացնում են ԶԼՄ-դաշտի մոնիտորինգ, ուսումնասիրում միջազգային փորձը, դիտարկում տեղեկատվության ոլորտում քաղաքացիների սահմանադրական իրավունքների իրացման հետ կապված խնդիրներ: Այդ թվում են՝ պետական քաղաքականության տեղեկատվական ապահովման հետ կապված հարցերը, օրինակ՝ որքանո՞վ է հանրությունը պատշաճ տեղեկացվում պետական կառավարման այս կամ այն մարմնի գործունեության եւ գործառույթների, նրա կողմից նորամուծության կամ կոնկրետ ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ եւ այլն: Մենք ուսումնասիրում ենք նաեւ մի շարք հարցեր, որոնք վերաբերում են տեղեկատվական անվտանգության, տեղեկատվական-հոգեբանական եւ տեղեկատվական-մշակութային ասպեկտներին: Բայց Կենտրոնի այս գործառույթներից որեւէ մեկը գրաքննություն չի ենթադրում:
Ժամանակին որոշակի “անհանգստություն” արտահայտվեց մեր կողմից իրականացվող ԶԼՄ-ների մոնիտորինգի վերաբերյալ: Կարող եմ որպես օրինակ, երկու-երեք փաստացի դեպք մատնանշել, որոնցից ակնհայտ կլինի, թե ինչ նպատակներ է հետապնդում մոնիտորինգը: Հայտնի է, որ այսօր որոշակի խնդիրներ են ծագել հեռուստաարտադրանքի որակական, էթիկական հարցերի շուրջ: Մենք նախագահի աշխատակազմից հանձնարարություն ստացանք, կատարեցինք համապատասխան ուսումնասիրություններ, նաեւ միջազգային փորձի եւ առաջարկեցինք հետեւյալ լուծումը. հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին կից ստեղծել անկախ հասարակական մարմին, որտեղ ներգրավված կլինեն հանրային հեղինակություն ունեցող անձինք: Այդ մարմինը կկոդիֆիկացնի հեռուստաեթեր արձակվող արտադրանքը: Դա աշխարհում կիրառվող պրակտիկա է: Ինքներդ հաճախ տեսել եք, որ արտասահմանյան տարբեր հեռուստաալիքների հեռարձակած հաղորդումների կամ ֆիլմերի ցուցադրման ընթացքում էկրանի եզրում սովորաբար նիշ է լինում՝ թվային եւ տառային: Դրանք հեռուստացույցը միացնելուց անմիջապես հեռուստադիտողին հուշում են, թե ինչ տեղեկատվություն կարող է բովանդակել այդ պահին հեռարձակվող ֆիլմը կամ հաղորդումը, խոսքը նաեւ մարտական, դաժան, էրոտիկ տեսարանների եւ այլնի մասին է: Այսինքն՝ բովանդակային առումով գնահատվում է հաղորդաշարը, հաղորդումը կամ սերիալը, ըստ բովանդակության կոդիֆիկացվում է, ինչը ենթադրում է հաղորդումների, ֆիլմերի կամ սերիալների տեղաշարժ եթերային ցանկում՝ ըստ բովանդակության: Դա նշանակում է, որ եթե որեւէ ֆիլմում կամ հաղորդման մեջ կան, օրինակ՝ էրոտիկ դրվագներ, ապա այդ հաղորդումը կարելի է ցուցադրել ուշ՝ գիշերային ժամերին: Այդպիսով ստեղծվում է մի համակարգ, որով հավասարակշռվում են հեռուստաընկերության եւ միջին վիճակագրական հեռուստադիտողի շահերը, ինչպես նաեւ այս կամ այն որակի արտադրանքով հետաքրքրված լսարանի մյուս հատվածի նախասիրությունները: Այսպես է ամբողջ աշխարհում:
– Բայց մտահոգություն կա, որ այդ կոդիֆիկացման արդյունքում հնարավոր է, որ արգելքներ դրվեն նաեւ որոշակի հաղորդումների կամ ֆիլմերի-սերիալների ցուցադրման վրա, որոնք եւս գուցե ցածրաճաշակ են, բայց պահանջարկ ունեն: Ինչպե՞ս է կարգավորվելու այս խնդիրը: Որքան հասկացանք այդ քննարկման ժամանակ Ձեր ասածից, հնարավոր է նաեւ խնդիրներ առաջանան դրանց ցուցադրության նպատակահարմարության մասին:
– Ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա: Բողոքող քաղաքացիները դժգոհում են բարոյական խնդիրներից: Խոսքը միայն որոշակի ժամային տեղաշարժի մասին է եւ ոչ՝ գրաքննության կամ արգելքի: Մշակվելու եւ լինելու են ընդամենը եթերային ցանկում տեղաշարժելու մեխանիզմներ, եթե, իհարկե, հեռուստաարտադրանքը չի հակասում ՀՀ գործող օրենսդրությանը:
– Հիմա շատ են քննադատվում սերիալները, բայց դրանք երբեմն ամենաթանկարժեք գովազդներ են ունենում: Եթե այդօրինակ ֆիլմերի կամ հաղորդումների համար կոնկրետ ժամեր պիտի ֆիքսվեն, ապա այդ դեպքում որքանո՞վ է հաշվի առնվելու գովազդատուի եւ հեռուստաընկերության բիզնես շահը:
– Գիտեք, Հայաստանում հաճախ այնպիսի լարվածությամբ են ընկալում տարրական երեւույթներ, կարծես՝ մեզ մոտ դրանք տեղի են ունենում աշխարհում առաջին անգամ: Կրկնում եմ՝ այս դեպքում խոսքը հասարակության եւ բիզնեսի շահերի հավասարակշության մասին է: Եթե կոդիֆիկացման արդյունքում որեւէ հեռուստաարտադրանքի եթերարձակումը կտեղափոխվի դեպի կեսգիշեր, եւ դա կազդի գովազդային վարկանիշի վրա, ապա դա հեռուստաընկերության խնդիրն է: Մենք այլընտրանք չունենք, որովհետեւ հասարակության տարբեր խավերի կողմից բողոքի նամակների տարափ կա տարբեր հաղորդումների վերաբերյալ:
– Դուք ինքներդ ինչպե՞ս եք գնահատում այսօրվա հեռուստաընկերությունների հաղորդումների որակը: Մեկն ասում է՝ հեռուստատեսությունը բիզնես է, մյուսն ասում է՝ գաղափարախոսություն, արժեքային համակարգ պահպանելու, դաստիարակելու միջոց է եւ այլն:
– Այստեղ հարցերը բազմաթիվ են, եւ դրանք պետք է տարբերակել: Հանրային հեռուստատեսությունն ունի իր առանձին դերը, որովհետեւ ֆինանսավորվում է բյուջեից, եւ իրեն առանձին պահանջներ են ներկայացվում: Մասնավոր հեռուստաընկերությունները որոշ հարցերում մի քիչ ավելի ազատ են, բայց մենք ունենք հասարակություն, որը ներկայացնում է իր պահանջները, եւ մենք Պետություն ենք, որը պետք է հավասարակշռի հասարակության պահանջներն ու հեռուստաընկերությունների բիզնես շահերը: Մտահոգություն առաջացնում են մի շարք հարցեր՝ սկսած եթեր արձակվող լեզվի անաղարտությունից եւ սլենգային բառակապակցություններից, ավարտված՝ հեռուստահաղորդումների ընդհանրապես գիտա-կրթական որակով: Դա բացատրելի է՝ կարճ ժամանակահատվածում մենք, որ ավանդաբար ունեինք երկու ազգային հեռուստաալիք, միանգամից ունեցանք 10-ից ավելի խոշոր հեռուստաալիքներ, չհաշված մարզայինը: Հեռուստատեսությունում, ինչպես եւ այլ ոլորտում կադրային խնդիր կա, ոլորտը, իրականում, կայացման փուլում է, բայց այսօր արդեն մենք պետք է հասկանանք, որ պարտավոր ենք, այնուամենայնիվ, արտադրել որակյալ եւ սոցիալապես պատասխանատու արտադրանք:
Հ. Գ. Կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը մեր զրույցի ընթացքում անդրադարձավ ոչ պակաս կարեւոր մի քանի հարցերի, որոնք որոշակիորեն առնչվում են տեղեկատվական անվտանգությանը: Նա շեշտեց, որ համացանցի ուսումնասիրության արդյունքում Կենտրոնը վերահաստատել է, որ այնտեղ սակավաթիվ են մեր երկրին եւ ժողովրդին վերաբերող դրական տեղեկությունները, եւ, որ հակառակ դրան, շատ հաճախ ադրբեջանական կամ թուրքական կայքէջերը Հայաստանի եւ հայության վերաբերյալ աղճատված տեղեկատվություն կամ ապատեղեկատվություն են տարածում, որը հայկական ԶԼՄ-ները արտատպում են առանց երկար-բարակ մտածելու: Այդ խնդիրների շուրջ Ա. Սաղաթելյանի հետ հարցազրույցը կարդացեք մեր առաջիկա համարներից մեկում: