Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեւ եւ բովանդակություն

Մարտ 04,2009 00:00

\"\"Հարգո՞ւմ ենք, արդյոք, Վիկտոր Համբարձումյանի վաստակը

Այս տարվա առաջին նիստում ՀՀ կառավարությունը որոշեց մեծարել ականավոր գիտնական, աստղագետ եւ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանին: Նրա ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ին, այսուհետեւ Հայաստանում նշվելու է Աստղագիտության օրը: Անցած տարի լրացավ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակը, եւ նրան նվիրված մի շարք միջոցառումներ անցկացվեցին: Վիկտոր Համբարձումյանի մեծարման ալիքը հասել է անգամ հարեւան հանրապետություն՝ Իրան: Մարտի 1-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանից ոչ հեռու գտնվող «Փարդիս» տեխնոլոգիական կենտրոնում բացվել է Վիկտոր Համբարձումյանի կիսանդրին: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ դեսպանը:

Բայց գանք Հայաստան: Դեռեւս գիտնականի կենդանության օրոք, 1980-ականներին, Վարդենիս քաղաքի երկու զբոսայգիներից մեկը անվանակոչվել է Վիկտոր Համբարձումյանի անունով, այգում տեղադրվել է գիտնականի արձանը, տնկվել է ավելի քան 100 ծառ, մեկը՝ հատուկ Վիկտոր Համբարձումյանի անունով: Նույն տարիներին որոշվում է Վարդենիսում գտնվող եւ Վիկտոր Համբարձումյանի հորը՝ Համազասպ Համբարձումյանին պատկանող բնակարանը վերածել տուն-թանգարանի: Համազասպ Համբարձումյանի անունն է կրում Վարդենիսի թիվ 1 դպրոցը:

Իսկ այսօր, այս նախաձեռնություններից տասնյակ տարիներ անց, Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակի օրերին նրա անունը կրող այգում հազիվ մեկ-երկու ծառ է մնացել, այգին պարզապես չկա: Տուն-թանգարանը գործել է մինչեւ 1993 թվականը: Թանգարանի փակվելուց հետո որոշ ցուցանմուշներ եւ լուսանկարներ իր տանն է պահում Վիկտոր Համբարձումյանի հորեղբոր որդին՝ Ալբերտ (Հրայր) Համբարձումյանը: Թանգարանի վերաբացման դեպքում նա պատրաստ է իր ունեցած ողջ արխիվը տրամադրել:

Կարծում ենք, մեծանուն գիտնականի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքում ավելորդ չէր լինի վերաբացել տուն-թանգարանը եւ տեսքի բերել Վիկտոր Համբարձումյանի անվան այգին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել