Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՅՆ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻ՞Ն

Մարտ 04,2009 00:00

Էջմիածնի քաղաքապետարանը չորս ամսում մոտ 1500 քաղաքացու օգնություն է հատկացրել

Էջմիածին քաղաքից ստացված տեղեկության համաձայն, քաղաքապետարանը արդեն մի քանի տարի է, ինչ իր բյուջեից պարբերաբար կլորիկ գումարներ է փոխանցում պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ընկերությանը եւ գեներալին պատկանող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանին: Ինչպես հայտնի է, անցած տարվա աշնանից Էջմիածնի քաղաքապետն է գեներալի որդին՝ Կարեն Գրիգորյանը, իսկ նրանից առաջ երեք տարի քաղաքը ղեկավարում էր գեներալի շրջապատի ներկայացուցիչ Գագիկ Ավագյանը:

Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ «Արա եւ Այծեմնիկ» ընկերությունը Էջմիածնում շինարարական աշխատանքներ է կատարել, սակայն ոչ այն ծավալի, որքան գումար ուզում է քաղաքապետարանից: Հարցը լուծելու համար, ըստ մեր աղբյուրների, կազմվել է մտացածին, հորինովի կարիքավորների ցուցակ, որոնց անունով դուրս է գրվել մոտ 120 միլիոն դրամ: Գումարը իրականում մտել է «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի եւ «Արա եւ Այծեմնիկ» ընկերության գրպանները: Սակայն տպավորություն ստեղծելու համար, նախապես մշակված սցենարի համաձայն, մեկ օրվա ընթացքում քաղաքապետարանը «շրջափակվել» է իսկական կարիքավորներով, որոնք օգնության դիմում ունեին դեռ նախորդ տարվանից:

Քաղաքապետարանի բակում նրանց հավաքելն ու երկար սպասեցնելը նպատակ ուներ ցույց տալ, թե տեսեք-տեսեք՝ սրանք այն մարդիկ են, որոնց հենց այսօր օգնություն ենք բաժանելու:

Այս լուրերը պարզաբանելու համար դիմեցինք Էջմիածնի քաղաքապետարան: Ըստ քաղաքապետարանի լրատվական ծառայության տրամադրած տեղեկատվության, «Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանին եւ «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ին իբրեւ թե Էջմիածնի քաղաքապետարանի կողմից օգնությունների տրամադրումը բացարձակապես ստահոդ եւ անհիմն ասեկոսե է, որի մասին խոսելն իսկ ծիծաղելի է»:

Քաղաքապետարանի լրատվականը պարզաբանում է նաեւ, որ Էջմիածնում սոցիալական օգնություն հատկացվում է սոցիալապես անապահով ընտանիքներին, եւ ոչ միայն գումարի տեսքով: «Որպեսզի օգնությունը ճիշտ հասցեատերերին հասնի, քաղաքապետարանն ունի սոցիալական ապահովության բաժին, որն ուսումնասիրում է քաղաքացիների յուրաքանչյուր դիմումն ու օգնություն տրամադրելու որոշումը կայացվում է բաժնի եզրակացության հիման վրա»:

Էջմիածնի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Կարեն Գրիգորյանի՝ քաղաքապետի պաշտոնը ստանձնելու օրվանից՝ 2008-ի նոյեմբերի 1-ից մինչեւ 2009-ի փետրվարի 1-ը, Էջմիածնի քաղաքապետարանը քաղաքացիներից ստացել է 1374 դիմում, քաղաքապետն ընդունել է 511 քաղաքացու՝ «112 ընտանիքի ցուցաբերվել է տարբեր չափերի դրամական օգնություն (10-100 հազար դրամ): 100 անապահով ընտանիքի այս ժամանակահատվածում քաղաքապետարանը հատկացրել է գազի վառարան, 100 ընտանիքի՝ վառելափայտ: Քաղաքապետարանն օգնել է նաեւ 59 ընտանիքի ջեռուցման խնդիրների կարգավորմանը՝ բնակարանների գազիֆիկացմանը: Բացի հիշատակվածից, ֆինանսական օգնություն է ցուցաբերվել պատերազմի 69 վետերանի, քաղաքապետարանը վճարել է պետական բուհերում լավ առաջադիմություն ցուցաբերող 50 ուսանողի ուսման վարձը: Սոցիալական օգնություն է տրվել նաեւ ծերանոցի բնակիչներին ու մանկատանը: Ի դեպ, թե՛ ծերանոցի, թե՛ Էջմիածնի «Մեր տունը» չափահասների մանկատան սննդի հարցը մշտապես քաղաքապետարանն է հոգում»:

Իսկ «Արա եւ Այծեմնիկ» ընկերության մասով քաղաքապետարանը պարզաբանում է, որ ընկերությունը ոչ միայն Էջմիածնում, այլեւ ողջ Հայաստանում է աշխատանքներ կատարում եւ «մշտապես ՀՀ 300 խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկվող ընկերություն է»: Էջմիածնում այդ ընկերությունը հիմնանորոգել է քաղաքի մարզադպրոցը, սակայն պատվիրատուն, աշխատանքների կատարման համար ընկերություն ընտրելու մրցույթ հայտարարողը եւ ընկերություն ընտրողը եղել է ՀՀ սոցիալական ներդրումների հիմնադրամը: Քաղաքապետարանը միայն համաֆինանսավորող է:

«Քաղաքապետարանը միշտ էլ խրախուսում է ներդրումները, միշտ էլ պատրաստ է համայնքի կողմից համաֆինանսավորումը կատարել, միայն թե Էջմիածնի լրջագույն խնդիրների լուծմանը տարբեր հիմնադրամներ օգնեն: Իսկ քաղաքապետարանն իր միջոցներով գազիֆիկացրել է երաժշտական դպրոցը եւ ջեռուցման համակարգ տեղադրել»,- պարզաբանում-տեղեկացնում է Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել