Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին քննիչի դիտարկումները

Մարտ 04,2009 00:00

«Իշխանության յուրացումը»՝ հստակեցման փուլում

Քրեական օրենսգրքի 300 հոդվածի՝ իշխանության յուրացում, հանցագործության հանցակազմի օբյեկտը համարվում է հանրապետության քաղաքական համակարգը (նախագահ, օրենսդիր, գործադիր, դատական մարմիններ) եւ պետական իշխանության լեգիտիմությունը: Հանցակազմի օբյեկտիվ կողմը պետական իշխանությունը բռնությամբ զավթելու, պահելու, սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կամ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու հանցավոր գործողություններն են: Հանցագործության կազմի եւ «մարտի 1»-ի իրական իրադարձությունների վերլուծումից նկատվում է, որ Ալեքսանդր Արզումանյանը եւ մյուսները օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների դեմ որեւէ հանցավոր ոտնձգություններ չեն կատարել, այդ թվում՝ պետական իշխանությունը բռնությամբ չեն զավթել կամ պահել, սահմանադրական կարգը տապալելու փորձեր չեն կատարել: Գործնականում մենք առնչվում ենք շինծու մեղադրանքների հետ: Այդ փաստը անառարկելի է, որովհետեւ, ինչպես հայտնի է, նախագահական ընտրությունների հետընտրական փուլում համաժողովրդական շարժման եւ նրա գործիչների (այդ թվում՝ Ալ. Արզումանյան, Հ. Հակոբյան, Մ. Մալխասյան, Գ. Ոսկերչյան եւ մյուսներ) գործողությունները նպատակաուղղված են եղել ռեժիմի (վարչակարգի) կողմից փետրվարի 19-ին ընտրությունները քրեականացված մեթոդներով կեղծելու դեմ, եւ նրանք ձգտել են հանրապետությունում վերականգնել պետական իշխանության լեգիտիմությունը:

Ինչպես նկատվում է գործի քննությամբ, օրինազանցները պարտակված են, եւ արդարության ձգտող անձինք քաղաքական դրդապատճառներով անժամկետ մեկուսացված են: Առանձին ուշադրության է արժանի «7-ի գործով» նախաքննությունը կատարող քննչական խմբի ղեկավար Վ. Հարությունյանի կողմից ասուլիսում արտաբերած հայտնի տեսակետը. «Իրավական գնահատման առումով պարտադիր չէ, որ (զանգվածային անկարգությունների) կազմակերպիչը անձամբ կազմակերպի այդ սպանությունները կամ նման դիտավորություն ունենա: Սակայն նա պարտավոր է դա կանխատեսել եւ թույլ չտալ»: Իրավաբանը, փաստաբանը, հատկապես քննիչը պարտավոր են ճիշտ սահմանազատել մեղքի ձեւերը, դրանք հանցակազմի սուբյեկտիվ կողմի հատկանիշներն են, որոնք արտահայտում են հանցագործություն կատարող անձի հոգեբանական եւ գիտակցական ոլորտներում ծագած արտաքին գործընթացները: Հատկապես պետք է տեղեկացված լինեին, որ առանձնապես ծանր հանցագործությունները (ի դեպ, զանգվածային անկարգությունները եւ պետական իշխանություն յուրացնելն այդպիսիք են) կատարվում են ուղղակի դիտավորությամբ, որի դեպքում հանցանք կատարող անձը գիտակցում է հանրության համար վտանգավոր արարքի բնույթը եւ նախատեսում է վտանգավոր հետեւանքների առաջացումը: «Իր գործողություններին (անգործության) հանրության վտանգավոր հետեւանքների առաջացման հնարավորության չնախատեսելը, թեեւ տվյալ իրադրությունում պարտավոր էր եւ կարող էր կանխատեսել դրանք», մեղքի անզգուշության, անփութության ձեւն է եւ դրանք վերաբերում են անզգուշությամբ կատարած հանցագործություններին (Քրեական օրենսգրքի թիվ 29, 30 հոդվածներ):

Երբ պրոֆեսիոնալ քննիչը «զանգվածային անկարգություններ եւ պետական իշխանությունը յուրացնելը» հանցագործությունների հանցակազմի սուբյեկտիվ կողմը գնահատում է մեղքի անզգուշության տարբերակով եւ անփութության ձեւի բանաձեւով՝ աբսուրդ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել