Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՏՎԵՐԱՅԻՆ» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԸ ՀԱՇՎԻ ՉԵՆ ԱՌՆՎԻ

Մարտ 04,2009 00:00

Իրավական կարգավորիչներն անհեռանկար են

Հայաստանցիներին մտահոգող խնդիրներից են ցածր աշխատավարձը, կատարած աշխատանքի դիմաց ոչ լիարժեք ու համարժեք վարձատրությունը, եւ տարիներ շարունակ առանց աշխատանքային պայմանագրի աշխատելը։ Խմբագրություն այցելած տասնյակ քաղաքացիներ բողոքում են, ասելով. «Մեր՝ ստվերային աշխատողներիս ամենացավոտ հարցը, գաղտնիք չէ՝ թաքցված զբաղվածությունն է, այսինքն՝ չգրանցված զբաղվածությունը, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով»: Աշխատողներից շատերը չգիտեն, թե ինչ պարտականություններ ունի գործատուն իրենց, եւ աշխատողը՝ գործատուի հանդեպ: Դա հանգեցնում է նրան, որ մի օր աշխատողին կանչում եւ ասում են, որ ինքն ազատված է աշխատանքից: Հաճախ աշխատանքից ազատում են՝ առանց վերջնահաշվարկ կատարելու: «Մոտ 10 տարի է, ինչ աշխատում եմ անլեգալ պայմաններում: Պատճառն այն է, որ մինչ օրս ինձ հետ չի կնքվել աշխատանքային եւ ոչ մի պայմանագիր, չունեմ աշխատանքային գրքույկ, որտեղ կարձանագրվի իմ աշխատանքային ստաժը: Փաստորեն, եթե պայմանագիր չունեմ, կարծում եմ՝ ավելորդ է խոսել իմ իրավունքների պաշտպանության մասին: Գործատուի հետ խնդիր չեմ ունենում, բայց դա կարգավորվում է միայն մարդկային հարաբերությունների եւ ոչ թե իրավական հարթության վրա»,- ասում է 32-ամյա Սարգիս Արմենակյանը:

Իրավաբան Գագիկ Հովհաննիսյանն «Առավոտին» ասաց. «Ակնհայտ է, որ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նորմերն ու ակտերը չեն պահպանվել եւ դրանով իսկ ոտնահարվել են աշխատողների շահերը: Եթե աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր չի կնքվում, նրա հետ աշխատանքային հարաբերություններում չեն կարող լիարժեք լինել աշխատանքային օրենսգրքով սահմանված մյուս նորմերը»:

Հայաստանում կան բազմաթիվ արտադրություններ, մեծ թափով շինարարություն է իրականացվում, որտեղ աշխատող շինարարները զրկված են անվտանգության կանոնների պահպանման տարրական իրավունքներից: Կառուցվող բարձրահարկերի շինարարներին, օրինակ, պետք է տրամադրվեն անվտանգության գլխարկներ, ակնոց, ձեռնոց եւ այլն: Հիմնականում սպասարկման (եւ ոչ միայն) ոլորտում չեն պահպանվում աշխատաժամերը: Սահմանված 8-ժամյա աշխատանքային օրվա փոխարեն հնարավոր է աշխատեն 12 եւ ավելի ժամ, սակայն վարձատրվեն միայն սահմանվածի դիմաց:  Օրինակ՝ տաքսի ծառայությունների, երթուղային տաքսիների վարորդներն աշխատում են գիշերուզօր, եւ պարզ է, որ նրանց նկատմամբ սահմանված աշխատաժամանակի նորմը չի պահպանվում:

Իրավաբան Անուշ Սահակյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Աշխատողներից շատերը տեղյակ չեն, որ գործատուն իրենց հետ պետք է աշխատանքային պայմանագիր կնքի: Հաճախ նրանք դրան ուշադրություն չեն դարձնում՝ կարեւորելով միայն աշխատանք ունենալու հանգամանքը, կամ էլ չեն ցանկանում փչացնել հարաբերությունները գործատուի հետ։ Հնարավոր է այլ պատճառներ էլ լինեն, որոնք ստիպում են աշխատողին չկարեւորել աշխատանքային պայմանագրի կնքումը»:

Ի դեպ, իրավաբաններն ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ Հայաստանում գործատուների խավը ձեւավորման փուլում է եւ հստակեցված չեն աշխատողի պարտականությունների եւ իրավունքների վերաբերյալ հարցադրումները: Պարզ է մի բան՝ այս բոլոր խնդիրների հիմքը աշխատանքային պայմանագրի բացակայությունն է, որի դեպքում աշխատողն անզոր է իր պահանջները ներկայացնել, պաշտպանել իրեն՝ դրանով հանդերձ զրկվելով աշխատանքային ստաժից։ Հետագայում նաեւ՝ սոցիալական պաշտպանվածությունից, քանզի կենսաթոշակային տարիքին հասնելիս հաշվի չեն առնվում «ստվերային» աշխատանքային տարիները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել