Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծանամ՝ Հովո եմ դառնալու»

Մարտ 04,2009 00:00

Երեխաները «տունտունիկի» փոխարեն՝ «սերիալ-սերիալ» են խաղում

«Դավո տղա, որ իջնես ներքեւ, քեզ «պիսկելու» եմ»,- ծառը բարձրացած ընկերոջն այսպես սպառնաց 6-ամյա Սամվելիկը: Երբ Սամվելից հետաքրքրվեցինք, թե «պիսկելն» ի՞նչ է նշանակում, ասաց. «Դե էն, էլի, չե՞ս նայում, «Վերվարածների» միջի Ճըպլն ա ասում»: 5-ամյա Աշոտիկին էլ երբ հարցնում ես՝ մեծանաս ի՞նչ ես դառնալու, պատասխանում է՝ «Որոգայթի» Հովո:

Բայց դե՝ Աշոտիկը դեռ շատ փոքր է, նրա ավագ ընկերները թույլ չեն տալիս, որ խաղի մեջ նա «Հովո» լինի: «Հովոն» տարիքով ամենամեծն ու ամենաճարպիկն է՝ 12-ամյա Լեւոնը, որն ամեն օր դասերից հետո իր «տղերքի» հետ գնում է հարեւան բակի երեխաների դեմ կռվելու: Դե, նրանք էլ միշտ քարերով ու փայտերով պատրաստ են «պատերազմի»:

Աղջիկները նույնպես «սերիալների» հերոսուհիների շրջանում ընտրության մեծ հնարավորություն ունեն: 7-ամյա Լուսինեն, ինչպես ինքն է ասում, «Դժբախտ երջանկության» միջի Աննան է, բայց չի կարողանում Վարդանին համոզել, որ ֆիլմի գլխավոր հերոսը՝ «Հայկը» լինի:

«Չէ, թող ես ուրիշը լինեմ,- բողոքում է 8-ամյա Վարդանը:- Տենց ինձ էլ կասեն՝ պոչիկով միլիցա»: Այսօր հեռուստասերիալներով, մեծահասակներից առավել, տարված են երեխաները, եւ ավանդական «տունտունիկի» փոխարեն նրանք «սերիալ-սերիալ» են խաղում: Այս հանգամանքը մի շարք ծնողների մտահոգությունն է առաջացրել:

«Վատ է, իհարկե, վատ է, բայց ես ի՞նչ անեմ կամ ի՞նչ նայի իմ երեխան, երբ նույնիսկ ցերեկվա ժամերին մուլտֆիլմի փոխարեն մի գլուխ սերիալներ են ցույց տալիս: Որ ալիքն ուզում ես միացրու՝ սերիալ, սերիալ, սերիալ: Մեկը չպրծած՝ մյուսն է սկսվում: Թող մանկական հաղորդումներ, ֆիլմեր ցուցադրեն, երեխաներն էլ դրանք նայեն»,- մեզ հետ զրույցում դժգոհեց 3 երեխաների մայր տիկին Սիլվան:

Թե ինչ վտանգավոր հետեւանքներ կարող են թողնել սերիալներն երեխաների հոգեբանության վրա, հետաքրքրվեցինք սոցիալական հոգեբան Մարիամ Դիլբանդյանից: «Ներկայումս տեղական հեռուստաալիքներով ցուցադրվող հայկական սերիալների մեջ գերակշռողը ագրեսիան է՝ խաբեությունը, վրեժխնդրությունը, լարված դրամատիկ վիճակները: Եվ դա չի կարող իր բացասական ազդեցությունը չթողնել հատկապես երեխաների եւ դեռահասների վրա, քանի որ դրանց հիմնական հեռուստադիտողը հենց նրանք են: Ոչ ընտանիքում, ոչ հեռուստաընկերություններում չի վերահսկվում, թե երեխան որ ժամին կարող է հեռուստացույցը միացնել եւ ինչ կարող է նայել»: Ըստ նրա՝ հեռուստացույցից ստացված ինֆորմացիան ազդում է ոչ թե երեխայի գիտակցության, այլ ենթագիտակցության վրա:

«Երեխան երգում է, պարում, խաղում, նույնիսկ քնում է հեռուստացույցի տակ: Իսկ այդ ինֆորմացիան կողքից ազդում է նրա վրա եւ ձեւավորում նրա ենթագիտակցական շերտը: Հեռուստացույցը նրա համար դառնում է տան անդամ, իսկ սերիալի հերոսներն իրենց վարքագծով վարքային մոդել են հանդիսանում նրա համար, ինչպես, օրինակ, հայրը, մայրը, մեծ քույրը կամ եղբայրը: Երեխան տեսնում է շռայլ կյանք, ագրեսիվ վերաբերմունք, դավաճանություն, վրեժխնդրություն, բռնություն՝ մոդելներ, որոնք սերիալում կիրառվում են որպես երջանկության, հաջողության, փառքի, իշխանության հասնելու բանալիներ: Երեխան տեսնում է, որ այդ հատկությամբ օժտված հերոսները հաջողակ են, հարուստ եւ ուզում է նմանվել նրանց: Հատկապես, որ նրանք հիմնականում ներկայացված են լավ լույսի տակ: Արդյունքում՝ երեխայի մեջ ձեւավորվում է այդ վարքային բարդույթը: Իսկ դրա հետեւանքները մենք կկրենք մի քանի տարի հետո, երբ այդ ամենը կդրսեւորվի մարդկային հարաբերություններում, կենցաղում: Արդյունքում՝ չենք ունենա առողջ հասարակություն, կայուն քաղաքացի»,- ասաց հոգեբանը:

Ըստ նրա, որպեսզի երեխան որպես անձ ձեւավորվի, անհրաժեշտ է, որ նա տեսնի մարդկային ճիշտ հարաբերություններ եւ դրանք կրկնօրինակի: Իսկ այդ ամենը նրան պետք է փոխանցի ոչ թե հեռուստացույցը, այլ ծնողները, որոնք, սակայն, Մ. Դիլբանդյանի խոսքերով, դրա համար ժամանակ չունեն. «Ծնողները կամ զբաղված են աշխատանքով, կամ դեպրեսիայի մեջ են: Արդյունքում՝ երեխայի ճիշտ դաստիարակությունը երկրորդ պլան է մղվում»:

Ինչ վերաբերում է տեղական սերիալներում հաճախ հանդիպող «բաց տեսարաններին», Մ. Դիլբանդյանն ասաց. «Մեզանում բացակայում է սեռական ճիշտ դաստիարակության կուլտուրան, որովհետեւ մեր ազգային ավանդական վարքի մեջ մտած չէ երեխային սեռական դաստիարակություն տալը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել