Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂՐԻՈՒՄ ԿՅԱՆՔԸ ԿԱՆԳ Է ԱՌԵԼ

Մարտ 04,2009 00:00

Այս քաղաքում ոչ գազ կա, ոչ աշխատանք, ոչ էլ ապրուստի միջոց

\"\"
Գրեթե բոլոր խանութպանների մոտ այսպիսի պարտքացուցակ կա:

«Սովետի ժամանակ մեր շրջանում 10-ից ավելի կոմբինատ կար: Էլ խճաքարի, էլ կանսերվի, իսկ սրանք էղածն էլ փակում են: Հետո էլ ասում են՝ մարդիկ խի՞ են ընդդիմադիր դառնում, բա մարդ ընդդիմադիր կամ հանցագո՞րծ է ծնվում: Չեն ծնվում՝ դառնում են: Ուզում են, որ մեղրեցիք քոչե՞ն, գնա՞ն, գնացողը չենք, մեկ է: Մեղրեցիք պինդ են: Թոշակառու մարդ եմ, 20 հազարով հնարավոր ա՞ ապրել: Խորհրդարանում նստած իր քարտուղարուհուն 100 հազար դրամ աշխատավարձ ա տալիս, բա սա երկիր ա՞, իրանցը բարձրացնում են, ժողովրդի մասին մոռանում: Եթե ձեր էս գրածը տեղ կհասնի, թող ղեկավարությունը կարդա ու գա Մեղրի ու մեզ համար մի բան մտածի»,- Սյունիքի մարզ այցելության ժամանակ մեզ հետ զրույցում ասաց մեղրեցի Կարապետը:

Սյունիքի մարզում, մյուս բնակավայրերի համեմատությամբ, շնորհիվ լեռնաարդյունաբերական գործարանների, Մեղրիի եւ Ագարակի բնակչությունը քիչ թե շատ բարեկեցիկ էր ապրում: Սակայն որոշ գործարանների փակման եւ աշխատակիցների զանգվածային կրճատումների հետեւանքով, այս քաղաքներում էլ գործազուրկներն ու սոցիալապես անապահով ընտանիքները ավելացել են: Մեղրեցիների խոսքերով, քաղաքի շարժը կանգնել է. խանութներում առեւտուր չկա. «Եթե մի 2-3 ամիս առաջ կարողանում էինք խանութից ապրանքը «նիսյա» վերցնել, որովհետեւ գիտեին, որ աշխատավարձ ենք ստանալու՝ պարտքը փակենք, ապա հիմա պարտքով ոչինչ չեն տալիս, գիտեն, որ ոչ փող ունենք ստանալու, ոչ էլ գործի ենք»:

Նշենք, որ Մեղրիի եւ Ագարակի բնակչության մեծ մասը զբաղված է եղել Մեղրիին հարակից ոսկու՝ Սիփան-1 գործարանում եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում: Ոսկու գործարանի արդեն նախկին աշխատակից Սերգեյը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Օգոստոսի 1-ից աշխատանքի չեմ գնում: Աշխատանքային պայմանագրիս ժամկետը լրացել է, եւ գործարանի ղեկավարությունը չցանկացավ այն երկարացնել: Մինչ օրս վերջնահաշվարկ էլ չեն արել, մոտ 300 հազար դրամ փող պետք է ստանամ: Թե խի՞ են գործարանը կանգնեցրել՝ մարդ չի հասկանում: Բոլորն էլ գիտեն, որ ընտիր հումք է մեր հումքը: Ասում են՝ ուզում են ծախեն, բայց առնող չկա: 3 տարվա մեջ երեք տեր փոխվեց: Դրսից էկածներին բարձր աշխատավարձ էին տալիս, բայց տեղացիները, որ չարչարվում են, սեւ գործն են անում՝ կոպեկներ են տալիս»:

Մեղրիում կատարած մեր շրջայցից պարզվեց, որ քաղաքի բնակչության հիմնական մասն այգիներ ունի: Թեեւ Մեղրիի բնակլիմայական պայմանները թույլ են տալիս, որ մեղրեցին առատ բերք ունենա, այնուամենայնիվ, բերքի իրացման խնդիր ունեն: Մեղրեցիների պատմելով. «Ճիշտ է, մեզ մոտ լավ նուռ, թուզ, կառալյոկ, անգամ կիվի ենք աճացնում, բայց որտե՞ղ տանենք ծախենք: Կամ եթե տեղ էլ լինի, մեքենա ա պետք, վառելիք ա պետք, էդ սաղ փող ա, էն ա որ՝ մեր համար աճացնում ենք, յոլա ենք գնում»:

Մոտ մեկուկես տարի է՝ չի գործում նաեւ Մեղրիի եւ Իրանի սահմանին հարակից շուկան: Բնակիչների ներկայացմամբ, ապրանքներն իրենց քաղաքում կրկնակի թանկ են. «Չնայած մաքսակետը կողքներս է, բայց ապրանքները մեր քթի տակով անցկացնում-տանում են Երեւան ու նորից հետ բերում կրկնակի թանկ գներով մեզ վրա վաճառում»: Մեղրեցիները զրկված են նաեւ գազից: Այն դեպքում, երբ Իրանից՝ մեր երկրով անցնող գազատարը հենց Մեղրիի կողքով է անցնում:

\"\"
Մեղրիում գործազուրկների թիվն այնքան մեծ է, որ մարդիկ պարապությունից հավաքվում են քաղաքի կենտրոնում ու քաղաքականությունից խոսում:

Հ. Գ. Մեղրի մեր այցը կազմակերպել էր «Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել