Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 04,2009 00:00

Գործարարները վախեցել են լողացող կուրսից

\"\"Սննդամթերքի առեւտրով զբաղվող գործարարները երեկ մեկը մյուսի հետեւից փակում էին Գյումրիի կենտրոնական շուկայում գտնվող իրենց խանութները: Այս անգամ պատճառը ոչ թե հարկայինի ՀԴՄ-ներ տեղադրելու պահանջն էր, այլ սեփականատերերի՝ ապրանքը պահելու ու մի քանի օր անց թանկ վաճառելու մտադրությունը: Հիշեցնենք, որ Գյումրիում այսպիսի նախադեպ տեղի ունեցավ՝ կապված դոլարի առուվաճառքի հետ: Մի քանի օր առաջ, թե տարադրամի փոխանակման կետերը եւ թե բոլոր բանկերը համատարած դոլար չէին վաճառում: Արդյունքը եղավ այն, որ երեկ դոլարը րոպե առ րոպե թանկանում էր, ժամը 14.00-ի դրությամբ $1-ը վաճառվում էր 410 դրամով, ընդ որում՝ միայն մոտ ծանոթներին:

Իսկ թե ուր կհասնի ու ինչքան կշարունակվի դոլարի լողացող կուրսը, տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները խուսափում էին կանխատեսել:

Հայաստանի վիճակը վատ է

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսի կարծիքով, վերջին ժամանակներս Հայաստանի տնտեսության վիճակը կտրուկ վատթարացել է: Նրա ներկայացմամբ, այս տարվա հունվարին արտահանումը, 2008-ի համեմատությամբ, կրճատվել է 44%-ով, իսկ մասնավոր տրանսֆերտները, հիմնականում Ռուսաստանից, այդ ժամանակահատվածում կրճատվել են 25%-ով, ինչը բացասական է անդրադարձել երկրի տնտեսության վրա: Ն. Օմեսը ասել է նաեւ, որ ԱՄՀ-ն կքննարկի Հայաստանին $540 մլն վարկ տրամադրելու հարցը: Հաստատվելու դեպքում այն կտրամադրվի 5 տարի ժամկետով եւ արտոնյալ պայմաններով:

Ն. Օմեսն ասել է նաեւ, որ վարկը կուղղվի ԿԲ-ի արտաքին պահուստների համալրմանը: Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վերադարձը դեպի տարադրամի լողացող փոխարժեքը, Ն. Օմեսը գնահատել է որպես դրական քայլ եւ նշել, որ, իրենց կարծիքով, դրամի արժեզրկումը կլինի 17-30%-ի, իսկ գնաճը՝ 8%-ի սահմաններում:

Լողացող կո՞ւրս, թե՝ փոխարժեքի ճշգրտում

Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել Հայաստանում լողացող փոխարժեքի քաղաքականության վերադարձին, ինչպես նաեւ այն անհրաժեշտ միջոցառումներին, որոնք կարեւոր են լողացող փոխարժեքի ռեժիմին անցումն ապահովելու համար: Երեկ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Համաշխարհային բանկը: Հայտարարության մեջ ասվում է նաեւ. «Ազգային արժույթի փոխարժեքի ճշգրտումը անհրաժեշտ է Հայաստանի մրցունակության բարձրացման եւ Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական դժվարություններից բխող արտաքին ցնցումների ազդեցության մեղմացման համար»:

Տնտեսական աճի ցուցանիշը երկրորդական է

\"\"«Այսօրվա պայմաններում Հայաստանում չի սպասվում գնաճային ճնշում դրսից, այլ հիմնական գնաճային խնդիրները առաջանալու են երկրի ներսում: Երկրի ներսում ինչ կկատարվի՝ մեզանից է կախված, մեր գործելակերպից: Պետք է մշակել մեխանիզմներ, որպեսզի չբարձրանան տեղական արտադրության ապրանքների գները, վարել հակամենաշնորհային քաղաքականություն եւ գնաճ չի լինի»: Երեկ ասուլիսում ասել է Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը:

Անդրադառնալով Համաշխարհային բանկի այն կանխատեսումներին, թե Հայաստանի տնտեսական աճը կլինի լավագույն դեպքում 0%, Ա. Նռանյանն ասաց. «Այսօրվա իրավիճակում տնտեսական աճը չպետք է լինի ինքնանպատակ: Առաջնայինն այն չէ, թե քանի տոկոս տնտեսական աճ կունենանք, այլ այն, որ կարողանանք պահպանել աշխատատեղերն ու վճարել մարդկանց աշխատավարձերը: Եթե հնարավոր լինի այս ամենը, ապա թող տնտեսական աճը լինի ընդամենը 1%»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել