Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ «ՁԵՌՔԵՐԸ ԼՎԱՑ» ՈՒ ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵՑ

Մարտ 04,2009 00:00

Ազգային բանկում որոշեցին դրամի փոխարժեքը կայուն պահելու համար այլեւս ջանքեր չգործադրել

\"\"
Ա. Ջավադյանը չի թողնի,
որ դոլարի փոխարժեքը շատ բարձրանա կամ շատ իջնի:

Կենտրոնական բանկի խորհուրդը երեկ որոշեց դադարեցնել ամիսներ շարունակ բանկի կողմից վարվող քաղաքականությունը, այն է՝ միջամտությունները արտարժութային շուկայում: Նշենք, որ դեռեւս նախորդ տարվա նոյեմբերից, Հայաստանի ԿԲ-ն ֆոնդային բորսայում վաճառում էր բանկի արտարժութային պահուստները, ինչի հետեւանքով էլ ամիսներ շարունակ դոլարի փոխարժեքը մնաց գրեթե կայուն՝ 306-310 դրամի սահմաններում: Սակայն ԿԲ-ն տեղի տվեց տնտեսագետների, քաղաքական գործիչների ու միջազգային փորձագետների քննադատություններին ու հորդորներին եւ որոշեց աշխարհի բոլոր պետությունների նման անցնել լողացող փոխարժեքի քաղաքականությանը: Այլ կերպ ասած, մեր ազգային բանկն այլեւս անիմաստ համարեց ազգային դրամը արժեզրկումից փրկելու ջանքերը: Նշենք, որ արդեն մոտ մեկ ամիս է, ինչ փոխանակման կետերում դոլար գրեթե չէր վաճառվում, սակայն գնվում էր անսահմանափակ քանակությամբ: Իսկ երեկ, մինչ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարում էր լողացող «կուրսի» մասին որոշումը, «չենջերի» հեռատես աշխատակիցներն արդեն բարձրացրել էին դոլարի փոխարժեքը եւ պատրաստվում էին նախորդ օրերին պահուստավորած էժան դոլարը թանկ վաճառել: Եթե երեկ առավոտյան $1-ը վաճառվում էր 308-310 դրամով, ապա կեսօրին $1-ը վաճառվում էր արդեն 385 դրամով: Ընդ որում, տասնյակ մարդիկ ընդամենը մի քանի ժամվա մեջ կարողացան բավականին մեծ գումարներ աշխատել: Քանի որ «չենջերը» հիմնականում դադարեցրել էին արտարժույթի առքն ու վաճառքը, բազմաթիվ մարդիկ հաջողացրել են բանկերից 310 դրամով դոլար գնել եւ ընդամենը 1 ժամ հետո նույն բանկին կամ արդեն նաեւ «չենջերին» վաճառել 380 դրամով: «Օդից փող աշխատելու» այս պրոցեսը երեկ մի քանի ժամ շարունակվել է մայրաքաղաքի տարադրամի փոխանակման կետերում: Հիշեցնենք, որ որոշ տնտեսագետներ դեռ մի քանի ամիս առաջ էին կանխատեսում, որ հայկական դրամը կարժեզրկվի՝ մինչեւ այս տարեվերջ հասնելով անգամ 850 դրամի՝ 1 դոլարի դիմաց, ինչը կարող է հանգեցնել առեւտրային որոշ բանկերի փլուզմանը: Երեկ, սակայն, ԿԲ նախագահը հայտարարեց. «Մեր միջամտությունները շուկայում կլինեն մինիմալ, բայց եթե մենք տեսնում ենք շուկայում կտրուկ տատանումներ, որոնք կարող են ունենալ շատ անցանկալի հետեւանքներ, այդ պարագայում, իհարկե, միջամտելու ենք: Դա վերաբերում է փոխարժեքի շատ վերեւ գնալուն էլ, շատ ներքեւ իջնելուն էլ: Ինչ վերաբերում է բանկերին, ապա մեր բանկային համակարգը գտնվում է բավականին կայուն իրավիճակում: Բանկերն ուղղակի ստիպված էին փոխարինել իրենց մոտ եղած պարտավորություններում դրամային ավանդները դոլարային ավանդների եւ այս պահին ունեն 700 միլիոն դոլարի լիկվիդայնություն: Ի՞նչ խնդիր կարող են ունենալ նրանք: Ուղղակի սպասումները, որ ձեւավորվել էին հասարակության մեջ, թույլ տվեցին բոլորին գնալ եւ հիմնականում դրամային ավանդները փոխել դոլարայինի: Որպես երեւույթ, ես դա չեմ ցանկանում գնահատել, քանի որ դոլարիզացիան շատ վտանգավոր երեւույթ է, բայց ճգնաժամի պարագայում դա անխուսափելի է»:

Նշենք, որ դրամի կտրուկ արժեզրկումը առաջին հերթին կհանգեցնի գնաճի: Եթե նկատի ունենանք, որ մեր շուկայում ներկրվող ապրանքները բավականին մեծ տոկոս են կազմում, ապա պարզ է, որ գնաճն անխուսափելի է: Եթե ներկրողը դրսում գնված ապրանքի դիմաց վճարել է, ասենք, $30, որը Հայաստանում համարժեք էր մոտ 9 հազար դրամի, ապա այսօր այդ նույն 30 դոլարանոց ապրանքը մեր երկրում կարժենա մոտ 12 հազար դրամ: Չնայած սրան, ըստ Ա. Ջավադյանի, մտահոգության առիթ ունեն միայն նրանք, ում պարտավորությունները արտարժութային են: Ինչ վերաբերում է գնաճին, ապա, ԿԲ ղեկավարի խոսքերով. «Որոշակի գործոններով պայմանավորված՝ գնաճը տարեվերջին կլինի 8-9%»:

Անդրադառնալով տարադրամի փոխանակման կետերում առաջացած դոլարի «դեֆիցիտին», ԿԲ ղեկավարն ասաց. «Վերջին մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոխանակման կետերը հիմնականում զբաղվում են ոչ առողջ՝ սպեկուլյատիվ տրամադրություն ստեղծելով եւ ոչ մի այլ բանով: Դրանց մեծ մասը ապօրինի կերպով, ցույց չտալով իրենց հաշվետվությունները, սպասարկում են մեր ստվերային տնտեսությունը»:

Ա. Ջավադյանն ասաց, որ ԿԲ-ն գնում է այս քայլին, նկատի ունենալով տնտեսական ճգնաժամի ներկա փուլում առեւտրի պայմանների շարունակական վատթարացումը եւ այն, որ գնալով դանդաղում են նաեւ կապիտալ ներհոսքի աճի տեմպերը:

Իսկ թե որքան էր այս որոշման գինը մեր պետության համար կամ նախորդ ամիսներին որքանո՞վ պակասեցին ԿԲ-ի պահուստային միջոցները, Ա. Ջավադյանն ասաց. «2008-ին վաճառվել է այնքան գումար, ինչքան գնվել էր 2007-ին: Դա կազմում է $360 միլիոն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել