Լրահոս
Օրվա լրահոսը

Չէր կարող ընդդիմությունը չլինել հեռուստաեթերում

Մարտ 04,2009 00:00

\"\"ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները համաձայնեցին, թե կար դրա պահանջը

Հայաստանում հեռուստաընկերությունները ղեկավարվում են Բաղրամյան 26 հասցեից, այսինքն՝ նախագահի նստավայրից. երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Ես պետք է արձանագրեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում բոլոր հեռուստաընկերությունները ոչ թե իրապես ծառայել են հանրությանը, այլ ծառայել են իշխանությանը»,- Զարուհի Փոստանջյանի այս պնդմանը նրա հետ բանավիճող ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը հակադարձեց, որ չի կարող միանշանակ պնդել, թե բոլոր հեռուստաընկերությունները ղեկավարվում են մի կենտրոնից, եւ բացի այդ՝ «Աշխարհում չեք գտնի որեւէ լրատվամիջոց կամ լրագրող, որը բացարձակ անկախ լինի»: Իսկ «Ժառանգության» պատգամավորը ճշտեց, թե ինքը բացարձակ անկախության մասին չէ, որ խոսում է՝ «Ինձ հեռուստաընկերությունների բացարձակ կախվածությունն է մտահոգում»:

Ներկայումս, սակայն, հեռուստաեթերը փոքր-ինչ բացվել է նաեւ ընդդիմադիրների առջեւ: «Առավոտը» խնդրեց կանխատեսել, թե այս ամենը կտեւի մինչեւ հաջորդ քաղաքական լարվածությունը կամ ընտրություննե՞րը, թե՞ կա նման հարաբերական ազատության քաղաքական պատվեր: Ռուզան Առաքելյանի պատասխանն էր. «Սա իսկապե՛ս պահանջ էր՝ չէր կարող ընդդիմությունը չլինել եթերում. դա հասկացավ ե՛ւ հանրությունը, դա հասկացան ե՛ւ իշխանությունները: Չի կարող զանգվածային լրատվամիջոցում մշտապես միակողմանի կարծիք հնչել: Եվ ես դրական եմ համարում այս երեւույթը, որ ԶԼՄ-ներում ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության ներկայացուցիչները կարողանում են որեւէ իրադարձության շուրջ, թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության վերաբերյալ հայտնել իրենց կարծիքը, տեսակետները: Ես վստահ եմ եւ ուզում եմ հավատալ, որ սա երբեք պայմանավորված չի լինի քաղաքական անցուդարձով, հերթական ընտրություններով։ Ես ուզում եմ հավատալ, թե հասկացվեց, որ առանց ընդդիմության խոսքի, առանց ընդդիմության գործելակերպը հանրությանը ներկայացնելու՝ չի կարող որեւէ երկրի ներքաղաքական իրավիճակը համարվել առողջ»:

Զարուհի Փոստանջյանը նույնպես ընդունեց. «Վերջին մեկ տարվա ընթացքում հանրային պահանջ կար, որ հեռուստատեսությունները որոշակիորեն բացվեն ընդդիմության առջեւ»: Սակայն վճռորոշ գործոն համարեց ԵԽԽՎ բանաձեւերի՝ այս կապակցությամբ պահանջները. «Հեռուստաընկերությունների ղեկավարները հասկանում են, որ գտնվում են մոնիտորինգի տակ եւ պետք է ցույց տան, որ ընդդիմությանը նույնպես ինչ-որ չափով տեղ են տալիս, եթերաժամանակ տրամադրում: Բայց այնուամենայնիվ՝ մենք բոլորս ականատես էինք, թե ինչ ճնշումներ էին գործադրվում, որ փակվեր «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը»: Ըստ նրա՝ նաեւ ընդդիմության ճնշման ու հետեւողական աշխատանքի շնորհիվ էր, որ հիմա «հեռուստաընկերությունները որոշակի՝ շա՜տ քիչ, շա՜տ չնչին, բայց եթեր են տրամադրում ընդդիմությանը»: «Ժառանգության» պատգամավորը որպես եւս մի գործոն՝ նշեց «Ա1+»-ի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել