Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԹԵՐՔՆԵՐ ՈՒ ԱՊՐԱՆՔՆԵՐ, ՈՐՈՆՑ ԳՆԵՐՆ ԷԼԻ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ

Մարտ 04,2009 00:00

\"\"Երբ ընդունվի «Մաքսային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրինագիծը՝ շահավետ կմնա միջուկային ռեակտոր եւ տիեզերական ապարատներ ներմուծելը, որոնց համար չկա մաքսատուրք:

ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում է կառավարության նախաձեռնությունը, որով բարձրացվում՝ 10-15% են դառնում մի շարք ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը: Բնականաբար, այս օրինագիծը երբ ընդունվի (չենք ասում՝ եթե՛ ընդունվի, քանի որ հայտնի է՝ մեր խորհրդարանը դակում է կառավարության ցանկացած նախաձեռնություն), կթանկանան այդ ապրանքների գները: Ուստի զգուշացնենք, թե առաջիկայում ինչ ապրանքատեսակների թանկացումներ են սպասվում, եթե կառավարությունը չհրաժարվի իր այս խիստ անպատեհ նախաձեռնությունից:

Նախ անդրադառնանք սննդամթերքի սպասվելիք թանկացմանը: Առեւտրի համաշխարհային կազմակերպության սահմանած առավելագույն չափի՝ 15% է դառնալու ներմուծված մսի, ձկան, կաթնամթերքի, թռչնի ձվի, բնական մեղրի, կենդանական ծագման այլ սննդամթերքների, աղի, խմիչքների (ի դեպ, նաեւ ծխախոտի) մաքսատուրքը: Նույնքան բարձրանալու են նաեւ բանջարեղենի, մրգերի, ալրաղացա-ձավարային արտադրանքի, շաքարի, ճարպերի, յուղերի, մոմերի եւ անգամ դեղաբույսերի մաքսատուրքերը:

Նշենք, որ թեեւ այս նախաձեռնությունը հիմնավորվում է «առանձին ապրանքատեսակների գծով ներքին արտադրության խթանման պահանջներով», օրինագծում բազմաթիվ են այնպիսի ապրանքատեսակները, որոնք Հայաստանում չեն արտադրվում եւ անգամ շա՜տ մեծ ցանկության դեպքում էլ չեն կարող արտադրվել: Օրինակ, մեր երկրում կակաո եւ սուրճ չի աճում, եւ անգամ գովազդների մեջ «Իսկական հայկական սուրճը՝ Իտալիայից» է լինում: Բայց կառավարությունը մտադիր է 15% դարձնել նաեւ այս մթերքների մաքսատուրքը:

15% են սահմանվում անվադողերի, գրասենյակային ռետինների, կանացի պայուսակների, բնական եւ արհեստական մորթու եւ դրանցից պատրաստված իրերի, ծղոտից եւ հյուսելու համար այլ նյութերից պատրաստված իրերի, հագուստի, կոշկեղենի, զարդեղենի, գլխարկների եւ հովանոցների, անկողնային պարագաների, կահույքի, կոնդիցիոներների, սառնարանների, ֆոտոխցիկների մաքսատուրքերը: Եվ էլի հարցեր են առաջանում՝ գուցե մեր երկրում ինչ-որ մեկը հովանոց ու կոնդիցիոնե՞ր է արտադրում կամ մտադի՞ր է արտադրել, եւ այդ պատճառո՞վ է կառավարությունը գնում նման քայլի: 10% է դառնում տպիչների, պատճենահանող եւ ֆաքսիմիլային սարքերի, լվացքի մեքենաների, ցամաքային տրանսպորտային միջոցների (բացի գնացքներից եւ տրամվայներից) ներմուծման մաքսատուրքերը, այնպես որ՝ դրանք Հայաստանում արտադրել ցանկացողներ՝ օն անդր, առա՛ջ:

Բարձրանալու են նաեւ ներմուծվող գրքերի, թերթերի, պոլիգրաֆիական այլ արտադրանքի, նաեւ սպորտաձեւերով զբաղվելու համար իրերի, երեխաների համար լողավազանների, կարուսելների, հրաձգարանների մաքսատուրքերը՝ դառնալով 15%: Նույնքան է լինելու նաեւ ներմուծված գորգերի մաքսատուրքը՝ դե, սա երեւի էլի թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակներում է:

10% են դառնում ցնցուղների, բիդեների, զուգարանակոնքերի, դրանց նստոցների ու կափարիչների եւ համանման սանիտարատեխնիկական ապրանքների, թղթե անձեռոցիկների, սրբիչների, մանկական խանձարուրների ներմուծման մաքսատուրքերը: Նույնքան են դառնում խոհանոցային պլաստմասսե սպասքի ու տնային գործածության այլ իրերի եւ հարդարման առարկաների մաքսատուրքերը (իսկ ոչ պլաստմասսե խոհանոցային պարագաների մաքսատուրքը 15% է):

Արտահանվող որոշ ապրանքատեսակների մաքսատուրքն այս նախաձեռնությամբ սահմանվում է 0%: Ասենք, եթե ինչ-որ մեկը հաջողեցնի Հայաստանից նավթ ու նավթավերամշակման արտադրանք արտահանել (եթե, իհարկե, նախապես հաջողեցնի մեր երկրում նավթ գտնել)՝ նա այն արտահանելիս մաքս չի վճարի: Մաքսատուրքից ազատվում են նաեւ պայթուցիկ նյութերի եւ ռադիոակտիվ տարրերի արտահանումը՝ շնորհակալ ենք հայրենի կառավարությանը ցուցաբերած հոգատարության համար: Անչափ կարեւոր է, որ մաքսատուրք չի սահմանվել նաեւ տանկեր, նավեր, թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ ու միջուկային ռեակտոր արտահանելու եւ ներմուծելու համար:

Օրինագծի հիմնավորման մեջ նշված է, թե այս միջոցով «պետական բյուջեի լրացուցիչ եկամուտները տարեկան կկազմեն մոտ 12 միլիարդ դրամ»: Սակայն ի՞նչ հետեւանքներ կունենա նման օրինագիծ ընդունելը մի երկրում, ուր ներմուծումը շուրջ 4 անգամ ավելի է արտահանումից: Մարտի 2-ին «Հայելի» ակումբում հյուրընկալված ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը պնդում էր, թե Հայաստանի իշխանությունները պե՛տք է խրախուսեն ներքին արտադրողին, եւ մաքսատուրքի փոփոխությունն այդ հարցը լուծում է օրենսդրական մակարդակով: «Առավոտը» հարց ուղղեց, թե որքանո՞վ է խելամիտ համարում ճգնաժամի պայմաններում հանդես գալը նման նախաձեռնությամբ, որն անխուսափելիորեն կհանգեցնի ապրանքների թանկացման: Ի պատասխան՝ Գագիկ Մինասյանն ասաց. «Ողջամիտ չափաքանակներում այդ բարձրացումները նպաստավոր են ոչ միայն տնտեսական աշխուժության, այլեւ հենց սպառողի՛ համար»: Եվ կանխատեսեց, որ մաքսատուրքերը 10-15% բարձրացնելու դեպքում երկու ազդեցություն է հնարավոր. «Կա՛մ ներմուծողը, հաշվի առնելով շուկայում իրավիճակը, իր շահույթն է նվազեցնելու, որ իր ապրանքը հենց նույն գնով վաճառվի, քանի որ սոցիալական իրավիճակն իսկապես այնպիսին չէ, որ ինքը կարողանա ցանկացած գնով վաճառել: Երկրորդ ազդեցությունը կա՝ ներքին արտադրողը եւս այդ պայմաններում հնարավորություն է ստանում արտադրել նմանատիպ կամ փոխարինող ապրանք»: Հետաքրքրվեցինք, թե գուցե Հայաստանը սկսի արտադրել սառնարաններ կամ ֆոտոխցիկնե՞ր, եւ պրն Մինասյանը պատասխանեց. «Դուք, իհարկե, նշում եք այնպիսի ապրանքատեսակների անվանումներ, որոնք մեզ մոտ չեն արտադրվում: Բայց այս պարագայում աշխատում է այն, ինչի մասին ես արդեն ասացի: Քանի որ վճարունակ պահանջարկը ճգնաժամի իրավիճակում բավականին նվազում է (եւ սա օրինաչափություն է)՝ ներկրողը պետք է բավական խելամիտ վարվի, քանի որ եթե ինքը հենց այդ 5%-ով բարձրացնի իր ապրանքի գինը՝ կարող է ավելի մեծ կորուստներ ունենալ, որովհետեւ այդ նույն ծավալով ապրանքը կարող է չվաճառվել»: Նկատենք, որ Հայաստանի պատմության մեջ թերեւս չկա նախադեպ, որ գործարարները գործեն իրենց շահույթը նվազեցնելու հաշվին:

Գագիկ Մինասյանի ենթադրած երկրորդ ազդեցությանը, թե մաքսատուրքերը բարձրացնելով՝ հնարավորություն կընձեռենք, որ այդ ապրանքն արտադրվի Հայաստանում՝ առարկեց «Հայելի» ակումբի ղեկավարը, հարցական դիտելով, թե արդյոք ճգնաժամի փուլում հնարավո՞ր է, որ նոր արտադրություն հիմնվի: «Իհարկե»,- առանց կասկածի նշույլի պնդեց պրն Մինասյանը:

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսն էլ էր քննադատել մաքսատուրքերի բարձրացման այս նախաձեռնությունը՝ Հայաստանի կառավարությանը կոչ անելով հրաժարվել պրոտեկցիոնիզմի քաղաքականությունից: Արձագանքելով այս գնահատականին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր. «Մենք կիսում ենք նրանց կարծիքը, քանի որ այդ քաղաքականությունն ավելի է խորացնում տնտեսական ճգնաժամը եւ դժվարացնում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի դեմ պայքարում զարգացած երկրների միջեւ համագործակցությունը»: Մնում է հուսալ, որ մանավանդ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ երեկ՝ կառավարությունը կհրաժարվի այս նախաձեռնությունից՝ առավել սաստիկ գնաճի առիթ չտալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել