Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՐԱՊԵՏԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ ԿՆՇՎԻ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

Մարտ 04,2009 00:00

Մարտի 5-ին, ժամը 13-ին, Հայ ազգային կոնգրեսը Վազգեն Սարգսյանի 50-ամյա հոբելյանը կնշի Եռաբլուրում՝ վստահ լինելով, որ մեր ժողովուրդը կմասնակցի այդ միջոցառմանը: Կոնգրեսի երեկ տարածած հայտարարության մեջ նաեւ ասված է. «Այս տարի մարտի 5-ին լրանում է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան առաջին հոբելյանը՝ 50-ամյակը: Ավելի քան ութ տարի առաջ նա եւս դարձավ 1999 թ. հոկտեմբերի 27-ի հրեշավոր ոճրագործության զոհը: Իր ժողովրդին ու հայրենիքին անսահման նվիրված Վազգեն Սարգսյանն ի սկզբանե կանգնեց ու մնաց 1988-ի Համաժողովրդական շարժման առաջին շարքերում: Իրեն հատուկ անսպառ եռանդով նա լծվեց հատկապես ամենադժվար ու պատասխանատու՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու Հայաստանի սահմանների պաշտպանության գործին՝ կանգնելով երկրապահ կամավորների շարժման ակունքներում եւ ղեկավարելով այն: Նույն գործը նա շարունակեց նաեւ անկախության տարիներին՝ ստանձնելով Հայաստանի բանակաշինության, զինված ուժերի կազմավորման պատասխանատվությունը: Լեռնային Ղարաբաղի փրկության, Հայաստանի սահմանների պաշտպանության, ռազմական հաղթանակների հիմքում, ի թիվս այլ հանգամանքների, դրված է նաեւ Հայաստանի զինված ուժերի՝ օր առաջ կազմավորման, դրանց որակի, մարտական ոգու գործոնը, ինչում իր ունեցած մեծագույն դերակատարության համար Վազգեն Սարգսյանը ժողովրդից ստացավ Սպարապետ պատվանունը»: ՀԱԿ-ն իր հայտարարությամբ հիշեցրել է նաեւ, որ ապրիլի 17-ին էլ լրանում է Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան 77-ամյակը, որը Կոնգրեսը նույնպես կնշի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել