Լրահոս
Օրվա լրահոսը

Որքա՞ն փող է պետք պատգամավորին երջանկության համար

Մարտ 04,2009 00:00

Ինչպես է ազդելու համաշխարհային ճգնաժամը հայրենի օրենսդիրների գործունեության վրա

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը թակեց նաեւ մեր երկրի խորհրդարանի դռները՝ պատգամավորները դեռ չեն ստացել փետրվարի իրենց աշխատավարձը: Թեեւ ըստ օրենքի, նրանց գործատուն (տվյալ դեպքում՝ պետությունը) կարող է դա անել մինչեւ մարտի 15-ը, սակայն խորհրդարանական ավանդույթի համաձայն, աշխատավարձը միշտ տրվել է հաջորդ ամսվա 1-ին, եւ 17 տարի այդ ավանդույթը չի խախտվել: Թերեւս ընթերցողներից շատերը զարմանան՝ մի՞թե պատգամավորները մնացել են չոր աշխատավարձի հույսին, պարզվում է՝ ոմանք՝ այո:

ԱԺ ֆինանսատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, դաշնակցական Արծվիկ Մինասյանին հարցրինք՝ նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ համաշխարհային ճգնաժամը ներխուժեց նաեւ մեր երկրի օրենսդիր մարմին. «Եթե դա կապված է անհրաժեշտ գումարի բացակայության հետ, ապա՝ այո, իսկ եթե դա ընդամենը գանձապետական համակարգում վարչարարական դժվարությունների հետ է կապված, ուրեմն սա ընթացիկ մի խնդիր է, որը կարող է շատ հեշտությամբ հաղթահարվել»,- եղավ պատասխանը:

Աշխատավարձի ուշացումը կարո՞ղ է ազդել պատգամավորների օրենսդիր աշխատանքի արդյունավետության վրա՝ հարցը, իհարկե, հնչեցրինք կեսկատակ, բայց պատգամավորը որոշեց լրջորեն պատասխանել. «Ձեր հարցը կարող էր վերաբերվել ընդհանրապես աշխատավարձի չափին: Հարցրեք, խնդրում եմ, թե ինչպե՞ս կարող է օրենսդիր մարմնում ժողովրդին ներկայացնող պատգամավորը 240 հազար դրամ աշխատավարձով ապահովել ողջ օրենսդրական աշխատանքը, ներկայացուցչական ֆունկցիան եւ կառավարության պատշաճ վերահսկողությունը: Կարծում եմ, ի սկզբանե օրենսդիր մարմնի ներկայացուցիչը դատապարտված է աղքատության համակարգում գոյատեւելու, եթե, իհարկե, այլ եկամուտներ չունի»:

Ստիպված պարոն Մինասյանին ուղղեցինք հայտնի հարցը՝ որքա՞ն փող է պետք նորմալ, բիզնես չունեցող պատգամավորին երջանիկ լինելու համար: Պարզվում է՝ այս դեպքում եւս կա կոնկրետ թիվ. «Պատգամավորին երջանիկ լինելու համար ընդհանրապես չգիտեմ՝ ինչքան է պետք, բայց բնականոն գործունեություն ապահովելու եւ պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար, ինչպես վկայում է նաեւ այլ երկրների փորձը, առնվազն պետք է այսօրվա ստացածի հնգապատիկը»: Իսկույն կատարեցինք բազմապատկման ոչ բարդ գործողությունը եւ ստացանք 1 միլիոն 200 հազար դրամ:

Ըստ որոշ «գուշակների», տնտեսական իրավիճակը մեզանում նաեւ արհեստականորեն է սրվում՝ վարչապետին պաշտոնանկ անելու համար հող նախապատրաստելու նպատակով: Արծվիկ Մինասյանը նկատեց, որ կառավարության փոփոխությունը մնում է նախագահի եւ Ազգային ժողովի իրավասության մեջ, եւ փոփոխությունը կարող է պայմանավորված լինել ամենատարբեր պատճառներով. «Սակայն այս իրավիճակը բավարար հիմք չէ նման կանխատեսումների համար, որովհետեւ հաստատված ծրագրերը եւ կառավարության կողմից իրականացվող քայլերը դեռեւս հույս են ներշնչում, որ Հայաստանը կփորձի գոնե իր ուժերի ներածի չափով դիմագրավել համաշխարհային ճգնաժամի այս մարտահրավերները, որոնք, ի դեպ, օր օրի ոչ միայն խորանում, այլ նաեւ նոր դրսեւորումներ են ստանում: Այս համատեքստում պետք է դիտարկել նաեւ արտարժույթի կուրսի նման անհամաչափ տատանումը: Այստեղ կարող ենք մեղադրել նաեւ դրամավարկային քաղաքականություն իրականացնող իշխանությանը. խոսքս առաջին հերթին Կենտրոնական բանկի մասին է, բայց նաեւ օբյեկտիվ լինելու համար պետք է արձանագրենք, որ լողացող կուրսի քաղաքականությունը պահանջում է որոշակի հստակ արտարժութային հոսքերի կանխատեսում, ինչն այս պահի դրությամբ մեզ մոտ չկա: Հետեւաբար, միանգամից կուրսը թողնելն էլ ճիշտ չէ, բայց մյուս կողմից՝ ինտերվենցիայի այդ աստիճան ներխուժումն էլ ճիշտ չէ»:

Հ. Գ. Երեկ, օրվա երկրորդ կեսին, երբ նյութն արդեն պատրաստ էր տպագրության, ԱԺ-ում արդեն աշխատավարձ էին բաժանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել