Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՑՎԵՑ ԲԱՆԿՐՈՏ ՎԻՃԱԿԻ»

Մարտ 04,2009 00:00

\"\"Կառավարության վերջին մեկ տարվա ընթացքում վարած դրամավարկային քաղաքականությունն այսպես գնահատեց Անդրանիկ Թեւանյանը:

Եթե երեկ առավոտյան մեր հանրապետության տարածքում գործող բանկերում եւ տարադրամի փոխանակման կետերում 1 ԱՄՆ դոլարը փոխանակվում էր 305-307 դրամով, ապա կեսօրից հետո դոլարի փոխարժեքը կտրուկ՝ 30 տոկոսով, բարձրացավ՝ կազմելով 360-380 դրամ՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Արդեն երեկոյան երեւանյան փոխանակման որոշ կետերում 1 ԱՄՆ դոլարը վաճառվում էր 410, իսկ «սեւ շուկայում»՝ անգամ 430 դրամով: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ՀՀ ԿԲ-ն իր խորհրդի արտահերթ նիստում որոշեց վերադառնալ «լողացող» փոխարժեքի քաղաքականությանը: ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, թե Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է՝ «պատրաստ դիմակայելու ճգնաժամի հետագա մարտահրավերներին», որ «վերջին ամիսներին ԿԲ կողմից անցկացվող դրամավարկային քաղաքականությունը, որը նպատակաուղղված էր ֆինանսական կայունության ապահովմանը, արդեն տալիս է իր արդյունքները», եւ «մեր ֆինանսական համակարգը բավականին բարենպաստ վիճակում է»:

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի նախագահ, տնտեսագիտության թեկնածու Անդրանիկ Թեւանյանը «Առավոտի» հետ զրույցում նախ հիշեցրեց վերջին 1-2 տարվա ընթացքում ՀՀ իշխանություններին ու կառավարությանը տարբեր փորձագետների արած առաջարկը՝ անցնել փոխարժեքի «լողացող» կուրսի քաղաքականությանը:

«Դեռ մեկ տարի առաջ ես ինքս սխալ էի համարում պահուստների վատնման միջոցով ֆիքսված կուրսի քաղաքականություն իրականացնելը եւ կողմ էի, որ անցում կատարվի փոխարժեքի լողացող քաղաքականությանը: Բայց քանի որ կառավարությունը որդեգրել էր փոխարժեքը 305 դրամի վրա պահելու «իդեա ֆիքս»-ի քաղաքականությունը, ապա ստեղծված իրավիճակում անհրաժեշտ էր ոչ թե կտրուկ, այլ աստիճանական անցում կատարել «լողացող» կուրսի քաղաքականությանը, ինչպես դա արվեց Ռուսաստանում եւ այլ երկրներում, որպեսզի հասարակության ներսում շոկեր չառաջանային, մարդիկ դրամի կտրուկ արժեզրկման արդյունքում խուճապի մեջ չհայտնվեին, բիզնեսը չկանգներ»,- ասաց Ա. Թեւանյանը: Նրա դիտարկմամբ, կառավարությունը, որ տնտեսական կայունության պատրանք ստեղծելու՝ քաղաքական նպատակով փոխարժեքը կայուն էր պահում, թերեւս, հույս ուներ, որ դրսից գումարներ կգտնի այդ քաղաքականությունը շարունակելու համար, բայց այդ հաշվարկները սխալ դուրս եկան, ինչը վկայում է կառավարության դիլետանտիզմի եւ անհեռատեսության մասին: Ա. Թեւանյանը փաստեց, որ ՀՀ կառավարությունը իր վարած քաղաքականության արդյունքում տնտեսությունը բերեց «բանկրոտի» շեմին եւ ստիպված եղավ մեկ գիշերվա մեջ կտրուկ բարձրացնել դրամի փոխարժեքը: «Արդյունքում հասարակության մոտ առաջացավ բացասական սպասում, ու հիմա մարդիկ արդեն խուճապի են մատնված: Առանց հասարակությանն այդ վիճակին նախապատրաստելու, կառավարության արած այդ քայլը, մեղմ ասած, անհեռատես եւ ոչ պրոֆեսիոնալ տնտեսական քաղաքականության արդյունք է»,- եզրակացրեց հ/կ նախագահը:

Ա. Թեւանյանը դժվարացավ առաջիկայի համար կանխատեսումներ անել՝ վկայակոչելով «կառավարության եւ ԿԲ քաղաքականության» անկանխատեսելիությունն ու անհեռատեսությունը, բայցեւ կարծիք հայտնեց, թե՝ առաջիկայում Հայաստանում «լինելու է մոտավորապես այն իրավիճակը, որ կար 1990-ականների կեսերին, երբ ինֆլյացիոն երեւույթների սպասումները ինֆլյացիայի է՛լ ավելի մեծ ճնշում էին առաջացնում: Ներմուծողները, արտահանողները արդեն չեն կողմնորոշվում՝ իրենց գործարքներն ինչպես կնքել, ինչ գումարով ֆիքսել: Բիզնեսը մոտավորապես մեկ շաբաթ կամ 10 օր դեռեւս շոկի մեջ կլինի: Հետո, իհարկե, իրավիճակը կկարգավորվի, բայց դժվարանում եմ ասել, թե որ մակարդակի վրա»: Փորձագետը միաժամանակ նշեց ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքը, որի մասին նա ասել էր դեռ այս տարեսկզբին. «Կառավարությունը պետք է վերանայի 2009թ. բյուջեի ծախսային եւ եկամտային մասերը, այսինքն՝ բյուջեն պետք է ենթարկվի սեկվեստրի: Բյուջեի ծախսային մասը պետք է համապատասխան չափով կրճատվի: Եթե հիմա դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 20 տոկոսով, ուրեմն՝ նույն չափով պետք է կրճատվեն նաեւ հարկային մուտքերը: Կառավարությունը դա պետք է անի այսօր ու արագ կարգով եւ ոչ թե 5 ամիս հետո, երբ տնտեսությունն արդեն քայքայված կլինի: Հակառակ դեպքում, եթե դրամի արժեզրկմանը զուգահեռ, կառավարությունը շարունակի իր հարկային տեռորի քաղաքականությունը, ապա տնտեսությունը կարող է ընդհանրապես քանդվել: Ինֆլյացիան հարվածելու է սպառողներին, իսկ միջին ու մանր բիզնեսն արդեն, կարելի է ասել, շնչահեղձ է լինում կառավարության վարած հարկային քաղաքականության պատճառով: Կառավարությունը, բացի իրենից, բոլորին, ամբողջ հասարակությանն առաջարկում է «գոտիները ձգել»: Բայց բյուջեն իրենք են տնօրինում, թող առաջին քայլն իրե՛նք անեն»:

Կառավարությանն ուղղված վերոհիշյալ գնահատականները, ըստ էության, կրկնեց նաեւ Հայաստանում ԵՄ առեւտրի պալատի տնօրեն Հովհաննես Իգիթյանը: Նա նաեւ կրկնեց ընդդիմության, իսկ ավելի ստույգ՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների կողմից բազմիցս հնչեցրած այն գնահատականը, թե՝ «ոչ կոմպետենտ, ոչ արհեստավարժ եւ խարդախ կառավարությունը միշտ վտանգավոր է»: Նրա մատուցմամբ, այն, որ ֆինանսական ճգնաժամի պայմաններում փոխարժեքի ֆիքսված կուրսից «լողացող» կուրսի քաղաքականությանն անցնելը անխուսափելի էր, համոզված էին բոլոր փորձագետները՝ բացի կառավարությունից եւ այս իշխանություններից: «Ես համոզված եմ, որ դեռ մի քանի օր առաջ այս կուրսը պահվում էր՝ ելնելով նաեւ իշխանությունների ներքին, կուսակցական շահերից»,- կարծիք հայտնեց Հովհ. Իգիթյանը՝ կանխատեսելով, թե իրավիճակը բարդ է նաեւ այն պատճառով, որ հիմա դրամական մեծ զանգված շուկա է մտնում ոչ թե ըստ անհրաժեշտության, այլ խուճապային տրամադրությունների ազդեցության տակ: Ստեղծված իրավիճակում, ըստ նրա, ամենամեծ հարվածը կկրեն հատկապես պակաս ապահով կամ անապահով խավերը, փոքր եւ միջին բիզնեսը, շարքային սպառողը: «Ինձ թվում է՝ կառավարությունն ասելիք ունի: Այսպիսի իրավիճակներում կառավարությունը պետք է հանդես գար կոնկրետ գնահատականներով, բացատրեր, թե ինչու իր վարած քաղաքականությունը մեր տնտեսությունը հանգեցրեց այն վիճակին, որում հիմա հայտնվել է: Նա պիտի ասեր նաեւ, թե մոտակա 1-2 շաբաթների ընթացքում ինչ է սպասվելու մեր հասարակությանը: Բայց առայժմ խոսում են միայն ԿԲ ներկայացուցիչները»,- նկատեց ընդդիմության ներկայացուցիչը: Նա շեշտեց, որ որեւէ նորմալ երկրում երկու տարի շարունակ իր քաղաքականությունը տապալած կառավարությունը սովորաբար հրաժարական է տալիս, որովհետեւ քաղաքականության մեջ արդեն մեկ անգամ սխալված կառավարությունը այլեւս չի կարող վայելել հասարակության վստահությունը:

Նույն թեմայի շուրջ Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը կարդացեք 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել