Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՂՋՈՒՆԵԼԻ, ԹԵՊԵՏ ՈՒՇԱՑԱԾ»

Մարտ 04,2009 00:00

\"\"Հանրահավաքում առաջին նախագահի ելույթն այսպես է գնահատում ՔԴՄ նախագահը, իսկ արմատական-կոնգրեսականները դեռ խորհում են:

«Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության համակարգող, ՀԱԿ անդամ Ժիրայր Սեֆիլյանն առայժմ ձեռնպահ է մնում մարտի 1-ի հանրահավաքում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին կարծիք հայտնել: «Որոշ ժամանակ անց ավելի հանգամանալից կպատասխանեմ»,- ասում է նա՝ հավելելով, որ դեռ ամբողջությամբ չի ընկալել առաջին նախագահի ասածների ենթատեքստերը: Իսկ ինչ վերաբերում է մարտավարական տարակարծություններին՝ «Մենք մնում ենք մեր տեսակետին: Բայց, միաժամանակ, ողբերգության չենք վերածում այն, որ չենք կարողանում ընդհանուր հայտարարի գալ մարտավարական քայլերում»: Նկատենք, որ պարոն Սեֆիլյանն իր թիմով ավելի կտրուկ գործողությունների կողմնակից է: Միաժամանակ՝ «Դա երբեք չի ազդելու մեր միակամության վրա: Մենք շարունակելու ենք պահպանել ընդդիմության միակամությունը, քանի դեռ այս ռեժիմն է իշխում մեր երկրում»,- եզրափակեց ՀԱԿ անդամը:

«Ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել, որ նշմարվում է ընդդիմության նոր վարքագիծ: Հրապարակ է իջեցվում միտքը, որ ընդդիմությունն էլ պատասխանատու է հանրային կյանքը քիչ թե շատ իր բնական հունի մեջ պահելու գործում: Այդ տեսանկյունից այն առաջարկությունները, որ արվում են, խոսում է կառուցողական վարքագծի մասին: Սա, անկասկած, ողջունելի է»,- մարտիմեկյան հանրահավաքում հնչած ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն այսպես է գնահատում ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը: Մեր զրուցակիցն անգամ չի կարեւորում՝ իշխանությունները կարձագանքե՞ն վստահության կառավարություն ձեւավորելու՝ առաջին նախագահի առաջարկին. «Կարեւորն այն է, որ, այդուհանդերձ, Տեր-Պետրոսյանն առաջարկում է երկխոսության բանաձեւ: Այս ամենը շատ կառուցողական է եւ հանրային կյանքի համար շատ օգտակար, առավել եւս, բավականին բարդ զարգացումներ ենթադրող այս իրավիճակում»: Ելույթի այն թեզերը, որ՝ ընդդիմության համար իշխանափոխությունն ինքնանպատակ չէ, ապստամբության կամ ամեն գնով վիճակն ավելի բարդացնելն ընդդիմության քաղաքական նպատակների մեջ այլեւս չեն տեղավորվում եւ այլն, Խոսրով Հարությունյանն օգտակար է համարում՝ «թեպետ ուշացած»: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ այդ կեցվածքին իշխանական ճամբարում ի՞նչ արձագանք կտան. «Բավականին կծու խոսքեր են ասվել ընդդիմության կողմից, ցավոք, բավականին մեծ վիհ է առաջացել իշխանության եւ ընդդիմության միջեւ: Վստահության շատ մեծ պակաս կա, եւ մեկ այդպիսի հայտարարությունը կամ ելույթը բավարար չէ վստահության կամուրջներ անցկացնելու համար»,- ասում է նա: Չբացառելով, որ քննարկումների արդյունքում իշխանական ճամբարից արձագանքներ կլինեն, մեր զրուցակիցը հարկ է համարում հիշեցնել, որ իշխանության նկատմամբ անվստահությունը «հիմնականում նախաձեռնել է ընդդիմությունը. այս իրավիճակում ենթադրել, որ իրավիճակը հնարավոր է որակապես շտկվի, այսինքն՝ հենց վաղվանից բանակցություններ կսկսվեն երկխոսության հնարավորությունների մասին, ես քիչ հավանական եմ համարում: Ընդառաջ քայլերի մի ամբողջ շարան է պետք կատարել. ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ մեր իրավիճակի միակ հանգուցալուծումը երկխոսության մեջ է: Ի դեպ, պարտադիր չէ, որ երկխոսությունը լինի իշխանություն-արմատական ընդդիմություն: Այդ ֆորմատը կարող է ավելի ընդլայնված լինել եւ ներառել այն բոլոր քաղաքական ուժերին, որոնք ասելիք ունեն»:

«Առավոտի» դիտարկմանը, որ իշխանություններն էլ պակաս «թթու խոսքեր» չասացին ընդդիմադիրների հասցեին, ավելին, նույնիսկ կոնկրետ գործողություններ արեցին, մասնավորաբար՝ մարտի 1-ի գործով դատավարությունները, այս պարագայում, բացի Տեր-Պետրոսյանի առաջարկներից, էլ ի՞նչ քայլեր պետք է անի ընդդիմությունը, ՀՔԴՄ նախագահն արձագանքեց. «Ոչ թե՝ էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը, այլ՝ ի՞նչ քայլեր կան, որ բոլորը պետք է անեն: Այն, որ իրավիճակը փոխադարձ անվստահություն է ձեւավորել, որեւէ մեկին ես չեմ առանձնացնի: Նախընտրական շրջանում ամենակոշտ անձնական վիրավորանքների տոնը սկսվել է ընդդիմությունից, բայց հիմա պետք չէ գնալ հետ եւ տեսնել, թե ով առաջինը քարը նետեց: Այդ պարագայում ավելի բարդ վիճակի մեջ կհայտնվենք»: Իսկ թե ի՞նչ պետք է անեն կողմերը՝ «Հասկանալ ընդհանուր նպատակ, թեկուզ կարճաժամկետ հատվածում, մշակել այդ նպատակը եւ միմյանց վստահելով գնալ դրան: Որո՞նք են այսօր հանրային կյանքն իր հունից հանող հիմնական, արմատական 2-3 խնդիրները: Այդ օրակարգը պետք է մշակվի, եւ դրա շուրջ բանակցություններ, երկխոսություն նախաձեռնվեն՝ բացառելով իրար «սխալ հանելու» քայլերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել